Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ քահանայական ձեռնադրություն (նկարներ)

18 12 880x660 - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում  տեղի ունեցավ քահանայական ձեռնադրություն  (նկարներ)

 Դեկտեմբերի 17-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Ս. Պատարագ, որի ընթացքում կատարվեց նաև քահանայական ձեռնադրություն: Քահանայության կոչվեցին վեց սարկավագներ։ Նախորդ օրը` Երեկոյան ժամերգությունից առաջ, Մայր Տաճարում կատարվել էր ընծայման կարգը:

 Պատարագիչն էր Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը իր քահանայական ձեռնադրության 30-ամյակի և եպիսկոպոսական օծման 20-ամյակի առիթով։ Սեպուհ Սրբազանը, քահանայության կոչելով նորընծաներին և նրանց օծելով Սրբալույս Մյուռոնով, նորաօծ եկեղեցականներին շնորհեց նոր հոգևոր անուններ:

 Արման սարկավագ Ահարոնյանը (Արագածոտնի թեմ) վերակոչվեց Տեր Մխիթար քահանա, Գևորգ սարկավագ Քեշիշյանը (ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդություն)՝ Տեր Նժդեհ քահանա, Սահակ սարկավագ Սիմոնյանը (ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդություն)՝ Տեր Կիրակոս քահանա, Հովհաննես սարկավագ Մանուկյանը (Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոն)՝ Տեր Հրանտ քահանա, Մելքոն սարկավագ Բարսեղյանը (Մայր Աթոռի Հոգևոր-կրթական բարձրագույն հաստատությունների վերատեսչություն)՝ Տեր Քերովբե քահանա, Էրիկ սարկավագ Պատվականյանը (ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդություն)՝ Տեր Սերովբե քահանա։

Ձեռնադրության ավարտին նորաօծ վեց քահանաներն իրենց անդրանիկ օրհնությունը փոխանցեցին ներկա հոգևոր դասին և ուխտավոր ժողովրդին:

Այնուհետև Սրբազան Հայրն իր պատգամը բերեց նորընծաներին. «Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Իջման Սուրբ Սեղանի առջև, այս սրբազան տաճարում, հիշատակության արժանի պատմական մի օր է, քանզի վեց երդվյալ հայորդիներ, ովքեր ավարտելով ճեմարանական իրենց ուսումնառությունը՝ իրենք իրենց նվիրաբերեցին Հայաստանյայց Առաքելական Սուրբ և անմահ Եկեղեցուն՝ ի ծառայություն և ի սպասավորություն Բարձրյալին՝ մեր Տիրոջը, և մեր սիրելի ժողովրդին»։

Իր երախտագիտությունը հայտնելով Ամենայն Հայոց Հայրապետին ընձեռնված այս պատեհ առիթի և հնարավորության համար՝ Սեպուհ Սրբազանն անդրադարձավ օրվա կարևորությանը. «Այս սրբազան տաճարում օծվել են հայրապետներ, եպիսկոպոսներ, վարդապետներ, քահանաներ և սարկավագներ, օրհնվել են թագավորներ, իշխաններ, բարերարներ և մշտապես ողջ հայ ժողովուրդը: Աննվազ է եղել օրհնությունը Սուրբ Էջմիածնի, որ անընդհատ տարածվել է համայն հայության վրա թե´ Հայաստանում, թե´ ի Սփյուռս աշխարհի: Եվ այդ կերպ կերտվել է պատմությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու: Եվ այս օրը մեկ ակնթարթ է այդ հսկա պատմության մեջ, երբ տեղի ունեցավ մի սրբազան արարողություն, որտեղ այս վեց քահանա հայրերն ուխտեցին Սուրբ Իջման Սեղանի առջև՝ իրենց առաքելությունը բերելու մեր ժողովրդին: Երջանիկ է և ուրախ այն ժողովուրդը, որ ունի այսպիսի հզոր Եկեղեցի և ունի այսպիսի հզոր հավատ ու ժողովուրդ»։

Պատարագիչ Սրբազանը խոսեց նաև հովվի կերպարի մասին՝ պատգամելով երիտասարդ քահանաներին լինել օրինապահ, ճշտախոս և արդարադատ, խորագետ և սկզբունքային, խաղաղասեր և համբերող, ներողամիտ  և հանդուրժող, երկայնամիտ և խստապահանջ, քաջակորով, ողորմած ու եղբայրասեր։

«Կատարեք այնպես, ինչպես խրատել են մեր հայրերն անցյալում, այժմ և ապագայում։ Քանի դեռ Աստծո օրհնությունը մշտապես մեր ազգի վրա անմնացորդ հեղվում է, մենք պարտավոր ենք հոտ և հովիվ հարաբերությունները, եկեղեցի և ժողովուրդ հարաբերությունները մշտապես անաղարտ պահել, սիրո մեջ պահել, կարգապահ լինել և հնազանդ լինել՝ թե´ հովվապետին, թե´ առաջնորդներին և թե´ հովվին: Այս կերպ՝ մեր ուժը միասնության մեջ, մենք կարող ենք դիմակայել այն բոլոր փորձություններին, որ պարբերապար հառնում են մեր հասարակության առջև:

…Ուստի և դրանով մեր հովիվները դառնում են սիրելի, համբուրելի, վստահելի, որոնց կհետևի ժողովուրդը, անգամ, կարող ենք ասել, կուրորեն կհետևի, երբ կա փոխադարձ վստահություն միմյանց նկատմամբ: Եվ փառք Տիրոջը, փառք Բարձրյալին, որ դարերի ընթացքում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իր հովվապետերի գլխավորությամբ, իր առաջնորդներով, իր հովիվներով մշտապես ժողովրդի հետ միասին այդ հավատն ու վստահությունը կերտել են անմնացորդ սիրով և անխաթար, որի արդյունքում մենք կանք այսօր, և որի արդյունքում է, որ մենք օր ավուր դարձյալ զորանում, ամրանում ենք, որի արդյունքում մենք այսօր ունենք առաջընթաց», — նշեց Գուգարաց թեմի առաջնորդը:

Անդրադառնալով ՀՀ անկախության տարիներին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վերազարթոնքին և եկեղեցաշինությանը՝ Սեպուհ Սրբազանը վերստին ամենքի անունից շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին, որ Գևորգյան հոգևոր ճեմարանից թեմերին շարունակ առաքվում են հովիվներ, ովքեր ի պետս ժովովրդի և Եկեղեցու իրենց առաքելությունն են իրականացնում տարբեր համայնքներում: Սրբազանը շնորհակալական խոսքով դիմեց նաև Ճեմարանի տեսչությանը, Մայր Աթոռի լուսարարապետությանը և միաբանությանը, որոնց ուշադրության և խնամքի ներքո կերտվում է հայ եկեղեցականը, արմատավորվում այն գիտակցությունը, որ եկեղեցու ծառայությունը վայելքի սպասավորություն չէ, այլ չարչարանքի, զրկանքի և տեսակ-տեսակ դժվարությունների ծառայություն է, որի մեջ հզորանում են բոլոր նրանք, ովքեր հավատք ու տեսիլք ունեն, ովքեր անմնացորդ ու անսակարկ նվիրաբերում են իրենց անձը Սուրբ Եկեղեցուն ու ժողովրդին։

Այնուհետև, «Ողջույնի» ժամանակ, ներկա հոգևոր դասը՝ գլխավորությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, բարձրացավ խորան և համբուրելով երիտասարդ քահանաների մյուռոնաբույր ձեռքերը՝ նրանցից ստացավ  առաջին «Ողջույնը»:

Նորընծա քահանաները քառասնօրյա պատրաստության իրենց շրջանը կանցկացնեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, որից հետո Հայոց Հովվապետի օրհնությամբ ծառայության կկոչվեն Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու տարբեր թեմերում և կառույցներում:

18 1 - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում  տեղի ունեցավ քահանայական ձեռնադրություն  (նկարներ)18 2 - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում  տեղի ունեցավ քահանայական ձեռնադրություն  (նկարներ)18 3 - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում  տեղի ունեցավ քահանայական ձեռնադրություն  (նկարներ)18 4 - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում  տեղի ունեցավ քահանայական ձեռնադրություն  (նկարներ)18 5 - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում  տեղի ունեցավ քահանայական ձեռնադրություն  (նկարներ)18 6 - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում  տեղի ունեցավ քահանայական ձեռնադրություն  (նկարներ)18 7 - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում  տեղի ունեցավ քահանայական ձեռնադրություն  (նկարներ)18 8 - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում  տեղի ունեցավ քահանայական ձեռնադրություն  (նկարներ)18 9 - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում  տեղի ունեցավ քահանայական ձեռնադրություն  (նկարներ)18 10 - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում  տեղի ունեցավ քահանայական ձեռնադրություն  (նկարներ)18 11 - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում  տեղի ունեցավ քահանայական ձեռնադրություն  (նկարներ)18 12 - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում  տեղի ունեցավ քահանայական ձեռնադրություն  (նկարներ)