1 7 - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում  նշվեց Սուրբ Հարության տոնը (նկարներ)

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Սուրբ Հարության տոնը (նկարներ)

 Ապրիլի 1-ին մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնի առիթով համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Սրբազան արարողությունն սկսվեց Հայրապետական թափորով, որը Վեհարանից Ամենայն Հայոց Կաթողիկոսին, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին և տիկին Ռիտա Սարգսյանին ամպհովանիով առաջնորդեց դեպի Մայր Տաճար: Ս. Տրդատի կամարի և տաճարի զանգակատան առջև հոգևորականաց թափորին ծափողջույններով դիմավորեցին տոնի առիթով Մայր Աթոռ ժամանած հարյուրավոր ուխտավորներ: Նրանց մեջ էին նաև Մայր Աթոռի «Էօռնեկեան» հանրակրթական դպրոցի աշակերտները, ՀԲԸՄ Երևանի սկաուտական խմբի անդամները:

Հայրապետական ամպհովանին այս տարի կրում էին ՀՀ նախագահի խորհրդական Ֆելիքս Փիրումյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանը և Սարդարապատի համայնքապետ Բաբկեն Վարդանյանը: Նրանց ընտրությունը կատարվել էր այս տարի տոնախմբվող մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի կապակցությամբ:

Ս. Պատարագի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսին` որպես առընթերականեր, սպասավորում էին Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Մայր Աթոռի Վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

Պատարագի սրբազան արարողությանը ներկա էին նաև նորընտիր Նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության անդամներ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Մայր Աթոռի բարերարներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, կրթության և մշակույթի գործիչներ:

Արարարողության ընթացքում համայն հայության հոգևոր կենտրոնից Հայոց Հովվապետն ավետեց Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարության ցնծալի լուրը` այս առիթով հայրապետական իր պատգամը հղելով աշխարհասփյուռ հայ ժողովրդին:

 

ՆՈՐԻՆ ՍՈՒՐԲ ՕԾՈՒԹՅՈՒՆ
Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ
ՄԵՐ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն:

«Ե՛ս եմ յարութիւն եւ կեանք. որ հաւատայ յԻս, թէպէտ եւ մեռանի՝ կեցցէ՛»
(Հովհ.11. 25-26):

Սիրելի բարեպաշտ հավատացյալներ,

Քրիստոսի Սուրբ Հարության հրաշազարդ տոնին ուրախությունն ու խնդությունը մեր հոգիներում՝ ձայնակից ենք հրեշտակներին՝ փոխանցելով միմյանց «Քրիստոս յարեաւ» կենարար ավետիսը: Թափուր է Տիրոջ գերեզմանը, հայտնված է Նրա աստվածային զորությունը, և իրական է մահվան պարտությունն ու կյանքի հաղթանակը: Այսօր հարություն առած Քրիստոս Իր բոլոր հետևորդներին բերում է հավիտենական կյանքի բերկրալի խոստումը. «Ես իսկ եմ յարութիւն եւ կեանք. ով հաւատում է Ինձ, թէպէտ եւ մեռնի, կապրի»:

Քրիստոսի Հարության  ողջույնը փոխանցելով, մենք, սիրելիներ, հաստատում ենք մեր հավատքը, որը հիմնված է Հարության տիեզերանորոգ հրաշքի վրա: Հավատում ենք, որ Քրիստոսի Հարությամբ անմահության ու հավիտենական կյանքի արշալույսը ցրել է կորստաբեր մեղքի խավարը: Հավատում ենք, որ մահվան առաջ անզոր մարդկային կյանքը վերափոխվում է երկնային զորությամբ, ժամանակավորը վերածվում է հավիտենական գոյության: Հավատում ենք, որ Փրկչին ու Նրա անմահության շնորհին հաղորդակցումը նորոգում է կյանքը, խաչերը դարձնում ծաղկյալ, գողգոթաները՝ հաղթության բարձունքներ: Հավատում ենք, այո, որ մարդկային մեր տկար ուժերին ընդառաջ եկող Աստծո Սուրբ Հոգին լուսավորում է մեր հոգևոր տեսողությունը և զորացնում մեզ՝ ընթանալու մեղքից դեպի առաքինություն, ընթանալու դեպի մեր Տերը, որպեսզի Նրա հետ կյանք ունենանք և ժառանգակից լինենք երկնային արքայությանը:

Հավատալ Քրիստոսի Հարությանը նշանակում է Սիմոն Կյուրենացու պես անտրտունջ Քրիստոսի խաչը կրել կյանքի հաղթանակի աներկբա վստահությամբ, Հովսեփ Արիմաթացու նման բարեգործություններ կատարել, յուղաբեր կանանց նման հավատքն ու հավատարմությունը պահպանել և Քրիստոսի Հարության ուրախությունը սփռել, առաքյալների պես աշխարհը Քրիստոսի Հարության լույսով լուսավորել: Այսպես միայն կարելի է արժանանալ Փրկչի խոստմանը՝ հավատքի զորությամբ մահվան իշխանությունը թոթափելու և հավիտյան ապրելու:

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Քրիստոսի Հարության հրաշազարդ իրողությունը մարդու և աշխարհի փրկության միջոցն է, աստվածային անսահման սիրո ու հոգածության վկայությունը, նեղությունների ու դժվարությունների հաղթահարման զորությունը: Թովմասի նման երկմտող աշխարհին հարուցյալ Քրիստոս ցույց է տալիս Իր վերքերը, որպեսզի բուժվեն պատերազմների ու աղետների պատճառած վերքերն աշխարհի: Ցույց է տալիս Իր չարչարանքների հետքերը, որպեսզի դադարեն մարդկային հոգու տառապանքները, լռեն ատելության ձայները, մերժվեն կործանարար ուղիները, որպեսզի գալիքի հանդեպ վստահություն փնտրող մարդկությունը ընդունի Փրկչի Հարության զորությունը՝ առաքյալի պես բացականչելով՝ Տեր իմ և Աստված իմ (Հովհ. 20. 28):

Աստվածատուր այդ զորությամբ ու շնորհով է հարատևել և մեր ժողովուրդը՝

պատմության մեջ դիմակայելով դառը հարվածների ու կերտելով իր ձեռքբերումները: Քրիստոսով, հարության ու փրկության հավատքով մենք վեր հառնեցինք մեր խաչելություններից, վերահաստատեցինք մեր պետականությունը, ձեռնամուխ եղանք նեղությունները թոթափելուն,  մեր իրավունքների պաշտպանությանը և առավել բարօր գալիքի կերտմանը: Մեր ժողովրդի առաջընթացը, մեր պետության հզորացումը և ի սփյուռս աշխարհի մեր կյանքի պայծառությունը պայմանավորված են յուրաքանչյուրիս մեջ Քրիստոսի ներկայությամբ, Նրա Հարության զորության ներգործությամբ և մեր արժանավորությամբ Փրկչի խոստմանը. «Ես իսկ եմ յարութիւն եւ կեանք. ով հաւատում է Ինձ, թէպէտ եւ մեռնի, կապրի»:

  Սիրելի հավատավոր զավակներ Մեր, շարունակենք ապրել ու գործել Քրիստոսի հետ: Մեր ընտանիքներում խնամենք ու վառ պահենք հավատքի լույսը, հասարակական ու ազգային մեր կյանքում հաստատուն պահենք միմյանց հանդեպ հոգածությունն ու զորակցությունը, սերն ու միասնությունը: Շարունակենք ապրել հավատքով, որպեսզի այսօր հնչող «Քրիստոս յարեաւ» ավետիսը զորացնի մեզ ապագայի հանդեպ լավատեսությամբ ու վստահությամբ, կամքով ու կորովով` հակառակ ամեն արգելքի ու նեղության, ջանք թափելու, ստեղծելու, հոգալու, որ իրագործենք առաջընթացի մեր նպատակները, հայրենաշեն մեր ծրագրերն ու ազգային իղձերը: Թող մեր սրտերը քաջալերվեն այսօր մեզ հայտնվող հարուցյալ Տիրոջով` սիրով և միասնությամբ ընթանալու ազատ նոր կյանքի մեր ուղին՝ միշտ հավատարիմ մնալով մեր Տիրոջ պատվիրաններին և հաստատուն պահելով մեր ընթացքը դեպի հավիտենություն:

  Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հարության բերկալի ավետիսով ողջույն ենք բերում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին: Աղոթում ենք հիվանդության մահճում գտնվող Ամենապատիվ Տ. Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութա‎‎ֆյան Պատրիարքի համար: Ի Քրիստոս սիրով ողջունում ենք քույր Եկեղեցիների հոգևոր Պետերին և նրանց հավատավոր հոտին: Հայրապետական օրհնությամբ ողջունում ենք Սրբազան Պատարագի արարողությանը ներկա Հայաստանի Հանրապետության Նախագահ Տիար Սերժ Սարգսյանին`Առաջին տիկնոջ հետ, նորընտիր Նախագահ Տիար Արմեն Սարգսյանին, ողջույն ենք հղում Արցախի Հանրապետության Նախագահ Տիար Բակո Սահակյանին, հայոց պետական ավագանուն, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին: Հայրապետական Մեր սերն ու օրհնությունն ենք բերում մեր Սուրբ Եկեղեցու ողջ հոգևոր դասին և հավատավոր մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս:

Աղոթում ենք առ մեր Տերը Հիսուս Քրիստոս, որ մեր հայրենիքում ու ողջ աշխարհում մշտապես սփռված մնան Իր Հարության կենարար պարգևները, խաղաղությունը հաստատվի աշխարհում, մարդկանց սրտերում, մեր երկրի սահմաններում: Հայցում ենք, որ Փրկչի Հարության շնորհներով զորացած՝ Մեր զավակների ամեն գործ զարթոնք ու լուսավորություն բերի ազգային մեր կյանքին, և աստվածաշնորհ պարգևները հովանի լինեն մեր ժողովրդին՝ այսօր և միշտ ցնծությամբ ավետելու.

Քրիստոս յարեաւ ի մեռելոց,
Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի:

Հավարտ Ս. Պատարագի, Մայր Աթոռի «Ալեք և Մարի Մանուկյան» գանձատանը տեղի ունեցավ ընդունելություն, որի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ս. Հարության տոնի առիթով վերստին շնորհավորեց ներկաներին` փոխանցելով «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» կենդանարար ավետիսը:

1 1 - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում  նշվեց Սուրբ Հարության տոնը (նկարներ)1 2 - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում  նշվեց Սուրբ Հարության տոնը (նկարներ)1 3 - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում  նշվեց Սուրբ Հարության տոնը (նկարներ)1 4 - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում  նշվեց Սուրբ Հարության տոնը (նկարներ)1 5 - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում  նշվեց Սուրբ Հարության տոնը (նկարներ)1 6 - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում  նշվեց Սուրբ Հարության տոնը (նկարներ)1 7 - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում  նշվեց Սուրբ Հարության տոնը (նկարներ)1 8 - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում  նշվեց Սուրբ Հարության տոնը (նկարներ)1 9 - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում  նշվեց Սուրբ Հարության տոնը (նկարներ)1 10 - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում  նշվեց Սուրբ Հարության տոնը (նկարներ)1 11 - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում  նշվեց Սուրբ Հարության տոնը (նկարներ)1 12 - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում  նշվեց Սուրբ Հարության տոնը (նկարներ)1 13 - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում  նշվեց Սուրբ Հարության տոնը (նկարներ)