Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալվեցին Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի լանդթագի պատվիրակության անդամները

M63B9217 copy 880x660 - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալվեցին Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի լանդթագի պատվիրակության անդամները

Օգոստոսի 14-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը Մայր Աթոռում ընդունեց Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի լանդթագի պատգամավորներին՝ գլխավորությամբ պատվիրակության ղեկավար Դետլեր Գյուրտի:

Ողջունելով հյուրերին՝ Սրբազան Հայրը նրանց փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը: Խոսելով Հայ Եկեղեցու ունեցած կարևոր դերակատարության մասին հայ ժողովրդի կյանքում՝ Արշակ եպիսկոպոսը հաստատեց, որ Հայ Եկեղեցու առաքելությունը անջնջելիորեն միահյուսված է հայ ժողովրդի պատմությանը և արտահայտվում է նրա կյանքի բոլոր ասպարեզներում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Սաքսոնիա-Անհալթ նահանգի խորհրդարանի նախագահ Դետլեր Գյուրտը ներկայացրեց Հայաստան ժամանած պատվիրակության անդամներին՝ անդրադառնալով իրենց այցի նպատակին և իրականացված ծրագրերին:

Զրույցի ընթացքում գոհունակությամբ անդրադարձ կատարվեց նաև վերջին տարիներին գերմանացիների կողմից Հայաստանի և Հայ Եկեղեցու հանդեպ հետաքրքրության ընդլայնմանը, որը արտահայտվում է ուխտավորների նկատելի աճով և եկեղեցական սրբավայրեր՝ վանքեր ու եկեղեցիներ հաճախակի այցելություններով:
Փոխադարձ պատրաստակամություն դրսևորվեց նաև ջանքեր ներդնել այս ուղղությամբ առավել նշանակալի արդյունքների հասնելու համար:

Հանդիպման ավարտին ևս մեկ անգամ գոհունակություն արտահայտելով Սաքսոնիա-Անհալթ երկրամասի լանդթագի պատվիրակության՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցի առիթով, Սրբազան Հայրը շնորհակալությամբ ընդգծեց, որ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի իշխանություններն իրենց մշտական աջակցությունն են բերում հայ համայնքի կողմից կազմակերպվող տարբեր միջոցառուններին՝ նպաստելով հայ-գերմանական հոգևոր-մշակութային կապերի առավել զորացմանը: