Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնեությունը իր բարեմաղթանքներն ուղղեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Օգոստոսի 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնեությունը հանդիպում ունեցավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ` շնորհավորելով նրան ծննդյան տարեդարձի առիթով:

 Նորին Սրբությանը պաշտոնեության անունից շնորհավորեց Մայր Աթոռի Վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը` մասնավորապես նշելով, որ օրը հատկանշական է ոչ միայն Մայր Աթոռի աշխատակիցների, այլ նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու յուրաքանչյուր հետևորդի համար: Մուշեղ Սրբազանն ընդգծեց, որ ներկաների համար պատիվ է ծառայել Մայր Աթոռում Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության ներքո` իրենց գործունեության մեջ օրինակ ունենալով Նորին Սրբության անձը, նրա եռանդը, անսակարկ նվիրումն ու սերը Մայր Եկեղեցու և հայրենիքի հանդեպ:

 Մուշեղ եպիսկոպոսը Նորին Սրբությանը մաղթեց երկար տարիների կյանք և անսասան, երջանիկ հովվապետություն:

 Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բերեց ներկաներին` շնորհակալություն հայտնելով ջերմ մաղթանքների համար: Նորին Սրբությունը բարձրորեն գնահատեց այն աշխատանքը, որ Մայր Աթոռի պաշտոնեությունը կատարում է ամենայն սիրով ու նվիրումով` ընդգծելով, որ այդ ծառայության շնորհիվ են արձանագրվում հաջողությունները եկեղեցական կյանքում, տարեց տարի պայծառանում ու շենանում է Մայր Աթոռը:

 Ամենայն Հայոց Հայրապետը նշեց, որ Աստծուց կյանքի պարգև ստացող յուրաքանչյուր անձ
ազգին, հայրենիքին ծառայելու առաքելություն ունի, որի նվիրյալ իրագործման մեջ է նա գտնում իր իրական երջանկության և գոհունակության ապրումը:

 Գարեգին Բ Կաթողիկոսը համոզում հայտնեց, որ մեր կյանքում առկա բազում դժվարություններն ու մարտահրավերները կհաղթահարվեն, արատավոր երևույթներ կվերանան, եթե յուրաքանչյուր հայորդի իր ծառայության վայրում և հանգամանքում դրսևորի նախանձախնդրություն և նվիրումով կատարի իր պարտքը ազգի և հայրենիքի նկատմամբ:

 Այս մտածումներով Հայոց Հայրապետը մաղթեց ներկաներին, որ Աստված Իր օրհնությունները հեղի նրանց վրա, իրենց կյանքի մեջ հավելի ուրախությունը, որպեսզի ապրեն գոհունակ սրտով և անկախ իրենց հանգամանքից, բարձր գիտակցությամբ և պատասխանատվությամբ կատարեն իրենց աշխատանքը: