Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետը հյուրընկալեց «Հայկյան» մրցանակաբաշխության հաղթող հայորդիներին (նկարներ)

 Օգոստոսի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ․ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում հյուրընկալեց «Armenia First» նախաձեռնության և «Help Foundation» հիմնադրամի կողմից համատեղ կազմակերպված «Հայկյան» մրցանակաբաշխության հաղթող հայորդիներին, ովքեր 44-օրյա արցախյան պատերազմի ընթացում և դրանից հետո իրենց աջակցությունն են բերել Արցախին ու Հայաստանին։

Հանդիպմանը «Help» հիմնադրամի համահիմնադիր Լուսինե Փիրոյանը Սրբազան Հորը ներկայացրեց հյուրերին, ինչպես նաև տեղեկություններ փոխանցեց Հայաստանում և Արցախում իրականացվելիք նոր նախաձեռնությունների ու ծրագրերի վերաբերյալ։

Արշակ Սրբազանը, ողջունելով հայորդիների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, նրանց փոխանցեց Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունն ու բարեմաղթանքները։ Դիվանապետ Սրբազան Հայրն իր երախտագիտությունը հայտնեց հիմնադրամների ներկայացուցիչներին և «Հայկյան» մրցանակակիրներին՝ տարբեր ժամանակաշրջաններում, հատկապես 44-օրյա Արցախյան վերջին պատերազմի ընթացքում Հայաստանին և Արցախին տարբեր ոլորտներում աջակցություն ցուցաբերելու համար։

Մայր Աթոռի դիվանապետը չափազանց կարևոր համարեց հոգևոր միասնական արժեքների՝ մասնավորաբար Հայ Եկեղեցու շուրջ հայության համախմբվածության անհրաժեշտությունը, որն առանցքային գործոնն է ազգի և հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներ հաղթահարման:

Ըստ Սրբազան Հոր՝ հայ հասարակության և Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերներն ու փորձությունները հաղթահարելով է, որ կարելիություն է ստեղծվում ձգտելու և հասնելու հաղթանակների։

Իրենց հերթին հիմնադրամների ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին Հայ Եկեղեցուն՝ հայկական մշակութային և հոգևոր ժառանգության պահպանության գործում ներդրած ջանքերի ու կատարվող աշխատանքների համար։

Այլ նյութեր