Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խորապես մտահոգված է Գումբուրդոյում ստեղծված իրավիճակով

 Վերջին օրերին ամենքի ուշադրությունը սևեռված է Ջավախքի Գումբուրդո գյուղին, ուր տեղ են գտել բախումներ հայերի և վրաց ջոկատայինների միջև: Առճակատման պատճառը հայկական խաչքարի տեղադրումն էր: Ստեղծված իրավիճակի առնչությամբ «Արմենպրես»-ը զրուցեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանի հետ:

 -Վերջին օրերին տարբեր լրատվամիջոցներ, այդ թվում և օտար, անդրադառնում են Գումբուրդոյի դեպքերին, ներկայացվում են տարբեր պատճառներ: Որն է, սակայն, իրական պատճառը Գումբուրդո գյուղում տեղի ունեցած բախումների:

 -Այն, ինչ տեղի ունեցավ Ջավախքի Գումբուրդո գյուղում, ցավալի է: Կատարվածի առնչությամբ խորապես մտահոգված է Ամենայն Հայոց Կաթողիկոսը և մեր ժողովուրդը:

 Խնդիրը հետևյալն է: Գումբուրդո գյուղի եկեղեցու շրջակայքում ամփոփված են եղել ննջեցյալներ: Վերջին շրջանում վերանորոգման շինարարական աշխատանքներ են իրականացվել, որոնց ընթացքում գերեզմանները քանդվել և ննջեցյալների աճյունները շինարարական մնացորդների հետ տեղափոխվել են այլ վայր:

 Տեղեկանալով այս մասին՝ գյուղացիները երեք տասնյակից ավելի պարկերի մեջ հավաքել են աճյունները և ամփոփել եկեղեցու տարածքում՝ ցանկանալով նաև վերահուղարկավորման վայրում կանգնեցնել խաչքար:

 Խաչքարի տեղադրումն արգելվել է իրավապահների կողմից, ինչը պատճառ է դարձել այս տհաճ միջադեպի և որոշակի լարվածություն առաջ բերել:

 — Ի՞նչ քայլեր են կատարվում` հարթելու ստեղծված անցանկալի իրավիճակը:

 — Նախ կուզենք տեղեկացնել, որ խաչքարի տեղադրման հարցը երկար ժամանակ է, որ բերված է վրաց կողմի ուշադրության: Այս կապակցությամբ ինչպես վրաց իշխանությունների, այնպես և Վրաց եկեղեցու ներկայացուցիչների հետ քննարկումներ են տեղի ունեցել Վիրահայոց թեմի ներկայացուցիչների մակարդակով: Հարցն արծարծվել է նաև սեպտեմբերի 22-ին Մայր Աթոռում Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար Միխեիլ Գիորգաձեի հանդիպմանը:

 Վիրահայոց թեմի առաջնորդը շարունակում է հանդիպումները վրացական իշխանությունների և եկեղեցու ներկայացուցիչների հետ՝ հանդարտության մեջ խնդիրը բարվոք լուծման առաջնորդելու և լարվածությունը թուլացնելու համար:

 Հույս ունենք, որ վրաց իշխանությունների, Վրաց Ուղղափառ Եկեղեցու և հայոց թեմի համատեղ ջանքերով խնդիրը կկարգավորվի և Գումբուրդոյի մեր ժողովրդին հնարավորություն կընձեռնվի, ազգային ընկալյալ ավանդույթի համաձայն, պատշաճ հարգանք դրսևորել իրենց ննջեցյալների նկատմամբ:

Աղբյուր՝ www.armenpress.am