Մայիսի 9 Եշ. ԲՁ. ԺԹ օր Յինանց

Astvacashunch yntercumner11 880x660 - Մայիսի 9 Եշ. ԲՁ. ԺԹ օր Յինանց

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 8.1‐21։ ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 11.1‐26։ Ա Պետրոս 3.10‐20։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 4.24‐42։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 9.35‐10.15։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 4.1‐9։

 

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ

8 Դրանից յետոյ Յիսուս շրջում էր քաղաքներում եւ գիւղերում, քարոզում էր եւ աւետարանում Աստծու արքայութիւնը։ Եւ նրա հետ էին Տասներկուսը 2եւ մի քանի կանայք, որոնք բժշկուել էին չար ոգիներից ու հիւանդութիւններից. Մարիամը, որ կոչւում էր Մագդաղենացի, եւ որից եօթը դեւ էր դուրս եկել, 3Յովհաննան՝ Հերովդէսի վերակացուի՝ Քուզայի կինը, եւ Շուշանն ու շատ ուրիշներ, որոնք իրենց ունեցուածքից մատակարարում էին նրան։ 4Երբ շատ ժողովուրդ եւ բազմաթիւ քաղաքներից նրա մօտ եկածներ հաւաքուեցին, առակով նրանց ասաց. 5«Մի սերմնացան ելաւ սերմեր ցանելու։ Եւ երբ նա սերմանում էր, մի մաս սերմ ընկաւ ճանապարհի եզերքը եւ ոտնակոխ եղաւ, եւ երկնքի թռչունները այն կերան։ 6Եւ ուրիշ մի մաս ընկաւ ապառաժի վրայ. երբ բուսաւ, չորացաւ՝ խոնաւութիւն չլինելու պատճառով։ 7Եւ ուրիշ մի մաս ընկաւ փշերի մէջ. եւ փշերը նրա հետ բուսնելով՝ այն խեղդեցին։ 8Եւ ուրիշ մի մաս ընկաւ լաւ ու պարարտ հողի վրայ եւ, բուսնելով, հարիւրապատիկ պտուղ տուեց»։ Երբ այս խօսեց, ասաց. «Ով որ լսելու ականջ ունի, թող լսի»։ 9Աշակերտները նրան հարցնում էին, թէ այդ առակն ի՞նչ է նշանակում։ 10Եւ նա ասաց. «Ձեզ տրուած է գիտենալ Աստծու արքայութեան խորհուրդները, իսկ ուրիշներին՝ առակներով, որպէսզի նայեն, բայց չտեսնեն, լսեն, բայց չիմանան։ 11Իսկ առակը այս է նշանակում. սերմը Աստծու խօսքն է։ 12Որոնք որ ճանապարհի եզերքին են, այդ նրանք են, որ լսում են, եւ ապա սատանան գալիս հանում է խօսքը նրանց սրտից, որպէսզի չհաւատան եւ չփրկուեն։ 13Եւ որոնք որ ապառաժի վրայ են, այդ նրանք են, որ, երբ լսեն, խնդութեամբ են ընդունում խօսքը, բայց արմատ չեն բռնում. սրանք միառժամանակ հաւատում են, իսկ փորձութեան ժամանակ՝ հեռանում։ 14Իսկ այն, որ փշերի մէջ ընկաւ, այդ նրանք են, որ, երբ լսում են խօսքը, աշխարհի հոգսերով, հարստութեամբ եւ զուարճութեամբ զբաղուած լինելով՝ խեղդւում ու անպտուղ են լինում։ 15Իսկ այն, որ պարարտ հողի վրայ է, նրանք են, որ բարի եւ զուարթագին սրտով լսելով խօսքը՝ ընդունում են այն եւ յարատեւելով պտուղ են տալիս»։ 16«Ո՛չ ոք ճրագ չի վառի եւ կաթսայի տակ չի թաքցնի կամ մահճի տակ չի դնի, այլ կը դնի աշտանակի վրայ, որպէսզի, ովքեր մտնեն, լոյսը տեսնեն։ 17Ծածուկ ոչինչ չկայ, որ չյայտնուի, ոչ էլ գաղտնի բան, որ չիմացուի եւ ի յայտ չգայ։ 18Այսուհետեւ զգո՛յշ եղէք, թէ ինչպէս էք դուք լսում. որովհետեւ ով որ ունի, նրան կը տրուի, իսկ ով որ չունի, եւ այն, ինչ որ նա կարծում է, թէ ունի, կը վերցուի նրանից» 19Նրա մօտ եկան իր մայրն ու եղբայրները եւ չէին կարողանում նրան մօտենալ բազմութեան պատճառով։ 20Իմաց տուին նրան եւ ասացին. «Քո մայրը եւ քո եղբայրները դրսում կանգնել են եւ ուզում են քեզ տեսնել»։ 21Եւ նրանց ասաց. «Իմ մայրը եւ եղբայրները սրանք են, որ Աստծու խօսքը լսում են եւ կատարում»։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ

11 Առաքեալները եւ Հրէաստանի կողմերում գտնուող եղբայրները լսեցին, որ հեթանոսների մէջ էլ են ընդունել Աստծու խօսքը։ 2Բայց երբ Պետրոսը Երուսաղէմ ելաւ, հրէութիւնից դարձած հաւատացեալները մեղադրում էին նրան եւ ասում. 3«Չթլփատուած մարդկանց մօտ մտաւ եւ նրանց հետ կերաւ»։ 4Եւ Պետրոսն սկսեց հերթով պատմել նրանց ու ասաց. 5«Ես Յոպպէ քաղաքում աղօթում էի եւ յափշտակութեան մէջ մի տեսիլք տեսայ. իջնում էր մի անօթ, մեծ սփռոցի նման, չորս ծայրերից երկնքից կախուած, որ հասաւ մինչեւ ինձ մօտ։ 6Մինչ ակնապիշ նայում էի դրան, տեսայ երկրի չորքոտանիները, գազանները, սողունները եւ երկնքի թռչունները։ 7Եւ լսեցի մի ձայն, որ ինձ ասում էր. «Վե՛ր կաց, Պետրո՛ս, մորթի՛ր եւ կե՛ր»։ 8Բայց ես ասացի. «Քա՛ւ լիցի, Տէ՛ր, որովհետեւ երբեք իմ բերանը պիղծ եւ անմաքուր բան չի մտել»։ 9Երկրորդ անգամ երկնքից ձայնն ինձ պատասխանեց. «Ինչ որ Աստուած մաքուր է դարձրել, դու այն պիղծ մի՛ համարիր»։ 10Այս պատահեց երեք անգամ, եւ վերստին ամէն ինչ երկինք վերացաւ։ 11Եւ ահա այն պահին երեք մարդ, որ Կեսարիայից ինձ մօտ էին ուղարկուած, եկան եւ կանգնեցին այն տան առաջ, ուր ես գտնւում էի։ 12Եւ Հոգին ինձ ասաց, որ գնամ նրանց հետ առանց երկմտելու։ Ինձ հետ եկան նաեւ այս վեց եղբայրները, եւ մենք մտանք այն մարդու տունը։ 13Եւ նա մեզ պատմեց, թէ ինչպէս իր տանը տեսել է հրեշտակին, որ իրեն ասել է. «Յոպպէ մարդ ուղարկի՛ր եւ Պետրոս կոչուած Սիմոնին կանչի՛ր, 14որ քեզ պիտի ասի խօսքեր, որոնցով պիտի փրկուես դու, նաեւ՝ քո ամբողջ տունը»։ 15Եւ երբ սկսեցի խօսել, Սուրբ Հոգին իջաւ նրանց վրայ, ինչպէս որ իջել էր մեր վրայ սկզբում։ 16Յիշեցի Տիրոջ խօսքը, որ ասում էր. «Յովհաննէսը մկրտեց ջրով, բայց դուք կը մկրտուէք Սուրբ Հոգով»։ 17Արդ, եթէ Աստուած միեւնոյն պարգեւը նրանց եւս տուել է, ինչպէս եւ մեզ, երբ Տէր Յիսուս Քրիստոսին հաւատացինք, ես ինչպէ՞ս կարող էի Աստծուն արգելք լինել»։ 18Այս բանը լսելով՝ լռեցին եւ փառաւորում էին Աստծուն ու ասում. «Ուրեմն Աստուած հեթանոսներին եւս դէպի կեանք տանող ապաշխարութիւն տուեց»։ 19Ստեփանոսի դէմ կատարուած հալածանքի պատճառով ցրուածները հասան մինչեւ Փիւնիկէ, մինչեւ Կիպրոս ու Անտիոք. նրանք ոչ ոքի չէին քարոզում խօսքը, այլ՝ միայն հրեաներին։ 20Եւ նրանց միջից որոշ մարդիկ՝ կիպրացիներ եւ կիւրենացիներ, Անտիոք մտնելով, յոյներին էին դիմում՝ աւետարանելով Տէր Յիսուսին։ 21Եւ Տիրոջ զօրութիւնը նրանց հետ էր։ Հաւատացեալների մի բազմութիւն դէպի Տէրը դարձաւ։ 22Նրանց մասին այս լուրը հասաւ Երուսաղէմի եկեղեցուն։ Եւ Բառնաբասին ուղարկեցին մինչեւ Անտիոք։ 23Երբ սա եկաւ եւ տեսաւ Աստծու շնորհները, ուրախացաւ եւ յորդորում էր բոլորին, որպէսզի նրանք յօժար սրտով յարած մնան Տիրոջը. 24ըստ որում նա բարի, Սուրբ Հոգով եւ հաւատով լցուած մարդ էր. եւ Տիրոջը յարածների վրայ բազում ժողովուրդ աւելացաւ։ 25Ապա Բառնաբասը ելաւ գնաց Տարսոն՝ Սօղոսին փնտռելու եւ, նրան գտնելով, բերեց Անտիոք։ 26Ու նրանք երկուսով մի ամբողջ տարի հաւաքւում էին եկեղեցու մէջ եւ ուսուցանում էին շատ շատերին։ Եւ առաջին անգամ Անտիոքում էր, որ աշակերտածներին «քրիստոնեաներ» անուանեցին։

Ա Պետրոս

10արդարեւ՝ 11Եւ ո՞վ է, որ պիտի չարչարի ձեզ, եթէ դուք նախանձախնդիր լինէք բարուն։ 12Իսկ եթէ արդարութեան համար չարչարուէք էլ, երանի՜ է ձեզ։ Բայց նրանց երկիւղից մի՛ վախեցէք եւ մի՛ խռովուէք, 13այլ Տիրոջը՝ նոյն ինքը Քրիստոսին սո՛ւրբ պահեցէք ձեր սրտերում. պատրա՛ստ եղէք հեզութեամբ եւ երկիւղածութեամբ պատասխան տալու ամէն մարդու, որ կը հարցնի ձեր մէջ եղած յոյսի պատճառը։ 14Մաքուր խղճմտանք ունեցէ՛ք, որպէսզի այն բանով, որ չարախօսում են ձեր մասին, ամօթահար լինեն նրանք, որ բամբասում են ձեր բարի ընթացքը ի Քրիստոս. 15որովհետեւ աւելի լաւ է բարեգործութիւն անելով չարչարուել, եթէ այդ է Աստծու կամքը, քան չարիք գործել։ 16Արդարեւ, մեր բոլորի համար, մեղքերի պատճառով, մէկ անգամ մեռաւ եւ ինքը Քրիստոս՝ Արդարը՝ անարդարների համար, որպէսզի մեզ մօտեցնի Աստծուն. նա թէպէտեւ մարմնով մեռաւ, բայց կենդանի է Հոգով, 17որով եւ գնաց քարոզեց բանտում եղած այն հոգիներին, 18որոնք մի ժամանակ ապստամբել էին, երբ Աստծու համբերատարութիւնը երկարաձգւում էր նրանց համար մինչեւ Նոյի օրերը, երբ տապանն էր շինւում։ Այդ օրերին քչեր, այսինքն՝ ութ հոգի փրկուեցին ջրից։ 19Մկրտութիւնն էլ, ըստ նոյն օրինակի, ապրեցնում է ձեզ (ոչ թէ մարմնի կեղտը հեռացնելու համար, այլ որպէս մաքուր խղճով յանձնառութիւն առ Աստուած) Յիսուս Քրիստոսի յարութեան միջոցով։ 20Գնացած լինելով երկինք՝ նա Աստծու աջ կողմում է։ Եւ նրան հնազանդւում են հրեշտակները, իշխանութիւններն ու զօրութիւնները։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ

24Հոգի է Աստուած, եւ նրա երկրպագուները պէտք է հոգով եւ ճշմարտութեամբ երկրպագեն»։ 25Կինը ասաց նրան. «Գիտեմ, որ Մեսիան՝ Քրիստոս կոչուածը, կը գայ. երբ նա գայ, մեզ ամէն ինչ կը պատմի»։ 26Յիսուս նրան ասաց. «Այդ ես եմ, որ խօսում եմ քեզ հետ»։ 27Եւ այդ խօսքի վրայ նրա աշակերտները եկան եւ զարմանում էին, որ նա խօսում էր այդ կնոջ հետ, բայց նրանցից ոչ ոք չասաց, թէ՝ ի՞նչ ես ուզում կամ ի՞նչ ես խօսում նրա հետ։ 28Կինը թողեց իր սափորը եւ քաղաք գնաց ու ասաց մարդկանց. 29«Եկէք տեսէ՛ք մի մարդու, որ ինձ ասաց այն բոլորը, ինչ արել եմ. արդեօք նա՞ է Քրիստոսը»։ 30Նրանք ելան քաղաքից եւ գալիս էին նրա մօտ։ 31Եւ մինչ նրանք դեռ չէին եկել, աշակերտներն աղաչում էին նրան ու ասում. «Ռաբբի՛, հա՛ց կեր»։ 32Նա ասաց նրանց. «Ես ունեմ ուտելու կերակուր, որ դուք չգիտէք»։ 33Աշակերտները իրար մէջ ասում էին՝ արդեօք մէկը դրան ուտելու բա՞ն է բերել։ 34Յիսուս նրանց ասաց. «Իմ կերակուրն այն է, որ կամքը կատարեմ նրա՛, ով ինձ ուղարկել է, եւ կատարեմ նրա գործը։ 35Չէ՞ որ դուք էք ասում, թէ չորս ամիս եւս կայ, որ հունձը գայ. ահա ես ձեզ ասում եմ. բարձրացրէ՛ք ձեր աչքերը եւ տեսէ՛ք արտերը, որ սպիտակել են եւ հասել հնձի համար։ 36Եւ ով հնձում է, վարձ է ստանում ու յաւիտենական կեանքի համար պտուղ է կուտակում, որպէսզի սերմանողն ու հնձողը հաւասարապէս ցնծան։ 37Հէնց սրանով է ճշմարիտ այն խօսքը, թէ՝ ա՛յլ է սերմանողը եւ ա՛յլ՝ հնձողը։ 38Ես ուղարկեցի ձեզ հնձելու այն, որի վրայ աշխատանք չէիք թափել. ուրիշներ աշխատանք թափեցին, իսկ դուք նրանց վաստակի մէջ մտաք»։ 39Եւ սամարացիների այդ քաղաքից շատեր հաւատացին նրան այն կնոջ խօսքի համար, որ վկայեց, թէ՝ ինձ ասաց այն բոլորը, ինչ ես արել էի։ 40Իսկ երբ սամարացիները նրա մօտ եկան, աղաչում էին, որ իրենց մօտ մնայ. եւ նա այնտեղ մնաց երկու օր։ 41Ուրիշ շատեր էլ նրան հաւատացին՝ իր խօսքի համար. 42եւ կնոջն ասում էին. «Այսուհետեւ քո խօսքերի համար չէ, որ հաւատում ենք, որովհետեւ մենք ինքներս լսեցինք նրանից եւ գիտենք, թէ նա՛ է ճշմարտապէս Փրկիչն աշխարհի»։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ

35Եւ Յիսուս շրջում էր բոլոր քաղաքներում եւ գիւղերում, ուսուցանում նրանց ժողովարաններում, քարոզում արքայութեան Աւետարանը եւ բժշկում էր ժողովրդի բոլոր ախտերն ու հիւանդութիւնները։ 36Եւ տեսնելով ժողովրդի բազմութիւնը՝ Յիսուս գթաց նրանց, որովհետեւ յոգնած էին եւ ցրուած, ինչպէս ոչխարներ, որոնք հովիւ չունեն։ 37Այն ժամանակ իր աշակերտներին ասաց. «Հունձը առատ է, իսկ մշակները՝ սակաւ։ 38Արդ, աղաչեցէ՛ք հնձի Տիրոջը, որ մշակներ հանի իր հնձի համար»։
10 Եւ նա իր մօտ կանչելով իր տասներկու աշակերտներին՝ նրանց իշխանութիւն տուեց պիղծ դեւերի վրայ՝ հանելու դրանք եւ բժշկելու ամէն ցաւ եւ ամէն հիւանդութիւն։ 2Եւ տասներկու առաքեալների անունները սրանք էին. առաջին՝ Սիմոն Պետրոս կոչուածը, եւ նրա եղբայրը Անդրէաս, 3Զեբեդէոսի որդի Յակոբոս եւ նրա եղբայրը Յովհաննէս, Փիլիպպոս եւ Բարթողոմէոս, Թովմաս եւ Մատթէոս մաքսաւոր, Ալփէոսի որդի Յակոբոս եւ Ղեբէոս, որ Թադէոս կոչուեց, 4Սիմոն Կանանացի եւ Յուդա Իսկարիովտացի, որ եւ մատնեց նրան։ 5Նրանց Տասներկուսին Յիսուս ուղարկեց, պատուիրեց նրանց ու ասաց. «Հեթանոսների շրջաններով չգնաք եւ սամարացիների որեւէ քաղաքը չմտնէք, 6այլ աւելի շուտ գնացէ՛ք Իսրայէլի տան կորած ոչխարների մօտ։ 7Եւ երբ գնաք, քարոզեցէ՛ք եւ ասացէ՛ք. «Երկնքի արքայութիւնը մօտեցել է»։ 8Հիւանդներին բժշկեցէ՛ք, բորոտներին մաքրեցէ՛ք, դեւերին հանեցէ՛ք, ձրի առաք, ձրի էլ տուէ՛ք։ 9Մի՛ ունեցէք ո՛չ ոսկի, ո՛չ արծաթ եւ ո՛չ էլ պղինձ դրամ՝ ձեր գօտիների մէջ. 10ո՛չ պարկ՝ ճանապարհի համար. ո՛չ երկու զգեստ, ո՛չ կօշիկներ եւ ո՛չ էլ ցուպ. որովհետեւ մշակն արժանի է իր կերակրին։ 11Որ քաղաքը կամ գիւղը մտնէք, հարցրէ՛ք, թէ ո՛վ է այնտեղ արժանաւորը, եւ այնտեղ մնացէ՛ք, մինչեւ որ այդտեղից դուրս ելնէք։ 12Եւ երբ այն տունը մտնէք, ողջո՛յն տուէք նրան ու ասացէ՛ք. «Ողջո՜յն այս տանը»։ 13Եթէ տունն արժանի է, ձեր ողջոյնը նրա վրայ թող իջնի. իսկ եթէ արժանի չէ, ձեր ողջոյնը ձեզ թող վերադառնայ։ 14Եւ եթէ մի քաղաք չընդունի ձեզ եւ չլսի ձեր խօսքերը, այդ քաղաքից դուրս գնալիս՝ ձեր ոտքերից փոշին թօթափեցէ՛ք։ 15Ճշմարիտ եմ ասում ձեզ, սոդոմացիների եւ գոմորացիների երկրի համար աւելի հեշտ պիտի լինի դատաստանի օրը, քան այդ քաղաքի համար»։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ

4 Նորից նա սկսեց ուսուցանել ծովեզերքի մօտ, եւ նրա շուրջը խռնուեց բազում ժողովուրդ, այնպէս որ նա մտաւ ու նստեց մի նաւակի մէջ, ծովի վրայ, մինչ ամբողջ ժողովուրդը ծովեզերքին շուրջանակի բռնել էր ցամաքը։ 2Եւ նա առակներով նրանց շատ բան էր ուսուցանում եւ նրանց ասում իր քարոզութեան մէջ. 3«Լսեցէ՛ք, ահաւասիկ մի սերմանող սերմանելու ելաւ։ 4Եւ պատահեց, որ սերմանելու ժամանակ սերմի մի մասն ընկաւ ճանապարհի եզերքը, եւ թռչունները եկան ու կերան այն։ 5Ուրիշ մի մաս ընկաւ ապառաժի վրայ, որտեղ շատ հող չկար. եւ շուտով բուսաւ, որովհետեւ հողը խորը չէր. 6բայց երբ արեւը ծագեց, խանձուեց. եւ քանի որ արմատներ չունէր, չորացաւ։ 7Մի ուրիշ մաս ընկաւ փշերի մէջ. փշերը բարձրացան եւ խեղդեցին այն, եւ պտուղ չտուեց։ 8Իսկ մի ուրիշ մաս էլ ընկաւ լաւ հողի վրայ, բուսնելով աճեց ու պտուղ տուեց. մէկի դիմաց՝ երեսուն, մէկի դիմաց՝ վաթսուն եւ մէկի դիմաց՝ հարիւր»։ 9Եւ ասում էր. «Ով որ լսելու ականջ ունի, թող լսի»։