Մայիսի 28 Գշ. ԳԿ. ԼԸ օր Յինանց

Astvacashunch yntercumner11 880x660 - Մայիսի 28 Գշ. ԳԿ. ԼԸ օր Յինանց

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 17.1‐19։ ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 21.15‐26։ Ա Յովհաննէս 3.10‐20։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 10.22‐42։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 17.21‐18.9։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 9.29‐49։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ

17 Յիսուս ասաց նաեւ իր աշակերտներին. «Անկարելի է, որ գայթակղութիւն չգայ, բայց վա՜յ նրան, որի ձեռքով կը գայ։ 2Նրա համար լաւ կը լինէր, եթէ իր պարանոցից երկանաքար վէմ կախուէր, եւ նա ծովը գցուէր, քան թէ այս փոքրիկներից մէկին գայթակղեցնէր։ 3Զգո՛յշ եղէք ձեր անձերի համար»։ 4«Եթէ քո եղբայրը մեղանչի, սաստի՛ր նրան. եւ եթէ զղջայ, ների՛ր նրան։ 5Եւ եթէ եօթն անգամ մեղանչի քո դէմ եւ եօթն անգամ դառնայ քեզ եւ ասի՝ զղջում եմ, ների՛ր նրան»։ 6Եւ առաքեալները Տիրոջն ասացին. «Աւելացրո՛ւ մեր հաւատը»։ 7Եւ Տէրն ասաց. «Եթէ մանանեխի հատիկի չափ հաւատ ունենաք եւ այս թթենուն ասէ՛ք՝ «Արմատախի՛լ եղիր եւ տնկուի՛ր ծովի մէջ», նա՛ իսկ կը հնազանդուի ձեզ»։ 8«Իսկ ձեզնից ո՞վ, որ հողագործ կամ հովիւ ծառայ ունի, երբ սա ագարակից տուն մտնի, նրան կ՚ասի իսկոյն՝ «Անցի՛ր սեղան նստիր». 9այլ նրան չի՞ ասի՝ «Պատրաստի՛ր, ինչ ընթրելու եմ, եւ գօտի կապած՝ ծառայի՛ր ինձ, մինչեւ որ ուտեմ եւ խմեմ, եւ ապա կ՚ուտես եւ կը խմես դու»։ 10Միթէ տէրը շնորհապա՞րտ կը լինի այդ ծառային, որ իր բոլոր հրամանները կատարեց։ 11Նոյնպէս եւ դուք, երբ կատարէք այն բոլորը, որ ձեզ հրամայուած է, ասացէք, թէ՝ «Անպիտան ծառաներ ենք. ինչ որ պարտաւոր էինք անել, ա՛յն արեցինք»։ 12Եւ մինչ նա դէպի Երուսաղէմ էր գնում, անցնում էր Սամարիայի եւ Գալիլիայի միջով։ 13Եւ երբ մի գիւղ էր մտնում, նրան հանդիպեցին տասը բորոտներ, որոնք հեռու կանգնեցին, 14բարձրացրին իրենց ձայնը եւ ասացին. «Յիսո՛ւս վարդապետ, ողորմի՛ր մեզ»։ 15Եւ երբ նրանց տեսաւ, ասաց նրանց. «Գնացէ՛ք դուք ձեզ քահանաներին ցոյց տուէք»։ Երբ գնում էին, նոյն ժամին մաքրուեցին։ 16Նրանցից մէկը, երբ տեսաւ, թէ բժշկուեց, վերադարձաւ եւ բարձր ձայնով փառաւորում էր Աստծուն. 17երեսի վրայ ընկաւ Յիսուսի ոտքերի առաջ եւ շնորհակալութիւն էր յայտնում նրան. եւ ինքը սամարացի էր։ 18Յիսուս պատասխանեց եւ ասաց. «Սրանք տասն էլ չմաքրուեցի՞ն. իսկ արդ, իննը ո՞ւր են, 19որ չվերադարձան՝ փառք տալու համար Աստծուն, բացի միայն այս օտարազգի մարդուց»։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ

15Այդ օրերից յետոյ պատրաստուեցինք եւ Երուսաղէմ բարձրացանք։ 16Մեզ հետ եկան նաեւ կեսարացի մի քանի աշակերտներ, որոնք մեզ տանում էին կիպրացի ոմն Մնասոնի մօտ, որը նախապէս աշակերտ էր, եւ որի տանը օթեւանելու էինք։ 17Եւ երբ մենք Երուսաղէմ մտանք, եղբայրները մեզ խնդութեամբ ընդունեցին։ 18Յաջորդ օրը Պօղոսը մեզ հետ Յակոբոսի մօտ մտաւ. եկան եւ բոլոր երէցները։ 19Ողջունելով նրանց՝ նա մի առ մի պատմեց այն բաները, որ Աստուած նրա ծառայութեան միջոցով արեց հեթանոսների մէջ։ 20Եւ նրանք, լսելով, փառաւորում էին Աստծուն ու նրան ասում. «Տեսնո՞ւմ ես, եղբա՛յր, հազարաւոր հաւատացեալ հրեաներ կան, եւ բոլորն էլ նախանձախնդիր են օրէնքին։ 21Բայց քո մասին իրազեկ եղան, թէ հեթանոսների մէջ գտնուող բոլոր հրեաներին ուսուցանում ես հրաժարուել Մովսէսի օրէնքից. ասում ես, որ նրանք իրենց որդիներին չթլփատեն եւ կրօնի աւանդութիւնների համաձայն չգնան։ 22Արդ, ի՞նչ պէտք է լինի. հաստատապէս կը լսեն, որ եկել ես։ 23Ուրեմն, արա՛ այն, ինչ քեզ ասում ենք. մեզ մօտ կան չորս ուխտադիր մարդիկ. 24նրանց քեզ հետ ա՛ռ եւ նրանց հետ միասին մաքրուի՛ր. եւ նրանց ծախսը քեզ վրայ վերցրու, որ իրենց գլուխները ածիլեն։ Այսպէս ամէնքը իմանան, որ քեզ վերաբերող այն բաները, որոնց մասին իրազեկ են եղել, ոչինչ են, եւ, ընդհակառակը, դու էլ համաձայն ես օրէնքը պահելու։ 25Գալով հաւատացեալ հեթանոսներին՝ մենք ուղարկել ենք մեր որոշումը, որ այդպիսի բաներ չպահեն նրանք, այլ միայն զգուշանան կուռքերին մատուցուած զոհերից ու արիւնից եւ խեղդամահ արուած կենդանուց եւ պոռնկութիւնից»։ 26Այն ժամանակ Պօղոսը իր հետ վերցրեց այդ մարդկանց եւ յաջորդ օրը, նրանց հետ մաքրուելուց յետոյ, տաճար մտաւ՝ յայտնելու մաքրման օրերի աւարտի մասին. որից յետոյ, նրանցից իւրաքանչիւրի համար զոհ մատուցուեց։

Ա Յովհաննէս

10Սրանո՛վ են տարբերւում միմեանցից Աստծու որդիները եւ Սատանայի որդիները։ Ամէն ոք, ով արդարութիւն չի գործում, Աստծուց չէ. նոյնպէս նա՝ ով չի սիրում իր եղբօրը։ 11Քանզի այս է այն պատուիրանը, որ լսեցիք ի սկզբանէ՝ որ սիրե՛նք միմեանց. 12ոչ ինչպէս Կայէնը, որ չարից էր եւ սպանեց իր եղբօրը։ Եւ ինչո՞ւ սպանեց նրան. որովհետեւ իր գործերը չար էին, իսկ եղբօր գործերը՝ բարի։ 13Եւ մի՛ էլ զարմացէք, եղբայրնե՛ր, որ աշխարհը ատում է ձեզ։ 14Մենք գիտենք, որ մահուանից դէպի կեանք անցանք, քանզի սիրում ենք մեր եղբայրներին։ Իսկ ով չի սիրում եղբօրը, մնում է մահուան մէջ։ 15Ամէն ոք, ով ատում է եղբօրը, մարդասպան է. եւ գիտենք, որ ամէն մարդասպան իր մէջ յաւիտենական կեանք չունի։ 16Սէրը նրանո՛վ ճանաչեցինք, որ Յիսուս իր կեա՛նքը տուեց մեզ համար. մենք էլ պարտաւոր ենք մեր եղբայրների համար տալ մեր կեանքը։ 17Ով այս աշխարհի բարիքներից ունենայ եւ տեսնի իր եղբօրը մի բանի կարօտ ու փակի իր սիրտը նրա առաջ, Աստծու սէրը ինչպէ՞ս կարող է բնակուել նրա մէջ։ 18Որդեակնե՛ր, խօսքերով եւ լեզուո՛վ չսիրենք, այլ՝ գործով եւ ճշմարտութեամբ։ 19Եւ հէնց դրանո՛վ ճանաչած կը լինենք, որ ճշմարտութիւնից ենք, եւ Նրա առաջ կանգնելու վստահութիւն կ՚ունենան մեր սրտերը։ 20Եթէ մեր սրտերը դատապարտեն մեզ, մենք գիտենք, թէ Աստուած աւելի մեծ է, քան մեր սրտերը. եւ նա գիտէ ամէն բան։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ

22Այն ժամանակ Երուսաղէմում տաճարի Նաւակատիքի տօն էր, եւ ձմեռ էր։ 23Եւ Յիսուս շրջում էր տաճարի մէջ, Սողոմոնի սրահում։ 24Հրեաները նրա շուրջը հաւաքուեցին ու ասացին. «Մինչեւ ե՞րբ մեր հոգին պիտի հանես. եթէ դու ես Քրիստոսը, համարձակ ասա՛ մեզ»։ 25Յիսուս պատասխանեց նրանց եւ ասաց. «Ձեզ ասացի, եւ ինձ չէք հաւատում. այն գործերը, որ ես անում եմ իմ Հօր անունով, դրանք վկայում են իմ մասին։ 26Բայց դուք չէք հաւատում, որովհետեւ իմ ոչխարներից չէք. 27իմ ոչխարներն իմ ձայնը լսում են, եւ ես ճանաչում եմ նրանց. եւ նրանք գալու են իմ յետեւից. 28եւ ես նրանց կը տամ յաւիտենական կեանք. եւ նրանք չեն կորչի յաւիտեան. եւ ոչ ոք նրանց իմ ձեռքից չի յափշտակի։ 29Իմ Հայրը, որ նրանց ինձ տուեց, ամենքից մեծ է. եւ իմ Հօր ձեռքից ոչ ոք չի կարող ոչինչ յափշտակել։ 30Ես եւ իմ Հայրը մի ենք»։ 31Հրեաները քարեր վերցրին, որ նրան քարկոծեն։ 32Յիսուս պատասխանեց նրանց. «Բազում բարի գործեր ցոյց տուի ձեզ իմ Հօրից. դրանցից ո՞ր գործի համար էք ինձ քարկոծում»։ 33Հրեաները նրան պատասխանեցին. «Քեզ բարի գործի համար չենք քարկոծում, այլ հայհոյութեան համար եւ նրա համար, որ դու մարդ ես, բայց ինքդ քեզ Աստծու տեղ ես դնում»։ 34Յիսուս նրանց պատասխանեց. «Ձեր օրէնքում չէ՞, որ գրուած է. «Ես ասացի, թէ աստուածներ էք»։ 35Իսկ եթէ աստուածներ է կոչում նրանց, որոնց ուղղուած էր Աստծու խօսքը (եւ հնարաւոր չէ, որ Գիրքը ջնջուի), 36ուրեմն՝ ո՛ւմ Հայրը սրբացրեց եւ աշխարհ ուղարկեց, դուք ասում էք, թէ՝ հայհոյում ես, նրա համար, որ ասացի, թէ՝ Աստծու Որդի եմ։ 37Եթէ իմ Հօր գործերը չեմ անում, ինձ մի՛ հաւատացէք։ 38Իսկ եթէ անում եմ, թէ ինձ էլ չէք հաւատում, գործերի՛ն հաւատացէք, որպէսզի իմանաք եւ ճանաչէք, որ Հայրը իմ մէջ է, եւ ես՝ Հօր մէջ»։ 39Դարձեալ ուզում էին նրան բռնել, բայց նա նրանց ձեռքից դուրս պրծաւ։ 40Եւ վերստին գնաց Յորդանանի միւս կողմը, այնտեղ, ուր Յովհաննէսն էր նախապէս գտնւում եւ մկրտում. եւ այնտեղ էր մնում։ 41Շատեր նրա մօտ եկան եւ ասում էին. «Յովհաննէսը որեւէ նշան չարեց, բայց այն ամէնը, որ Յովհաննէսն ասել էր նրա մասին, ճշմարիտ էր»։ 42Եւ այնտեղ շատերը հաւատացին նրան։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ

21 Եւ մինչ նրանք Գալիլիայում դեռ շրջում էին, Յիսուս իր աշակերտներին ասաց. «Մարդու Որդին մատնուելու է մարդկանց ձեռքը, 22 ու նրան պիտի սպանեն, եւ նա երրորդ օրը յարութիւն պիտի առնի»: Եւ նրանք շատ տխրեցին:

ՏԱՃԱՐԻ ՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՈՒՄԸ

23 Երբ նրանք Կափառնայում եկան, երկդրամեան տուրքը պահանջողները մօտեցան Պետրոսին եւ ասացին. «Ձեր վարդապետը երկդրամեանը չի՞ տալիս»: Եւ Պետրոսն ասաց՝ այո՛: 24 Եւ երբ տուն մտան, Յիսուս կանխեց նրան ու ասաց. «Քեզ ինչպէ՞ս է թւում, Սիմո՛ն. ազգերի թագաւորները հարկերը կամ տուրքը ումի՞ց են առնում, իրենց որդիների՞ց, թէ՞ օտարներից»: 25 Եւ երբ ասաց՝ օտարներից, Յիսուս նրան ասաց. «Ապա ուրեմն որդիներն ազատ են: 26 Բայց որպէսզի նրանց չգայթակղեցնենք, գնա՛ ծով ու կարթ գցի՛ր, եւ առաջին ձուկը, որ դուրս կ՚ելնի, վերցրո՛ւ ու բա՛ց նրա բերանը եւ մի արծաթ դրամ կը գտնես. այն ա՛ռ եւ իմ ու քո տեղ նրանց կը տաս»:

1 Այն օրը աշակերտները մօտեցան Յիսուսին եւ ասացին. «Մեզնից ո՞վ է մեծ երկնքի արքայութեան մէջ»: 2 Եւ Յիսուս իր մօտ կանչեց մի մանուկ, կանգնեցրեց նրան նրանց մէջ 3 ու ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթէ չդառնաք ու չլինէք մանուկների պէս, երկնքի արքայութիւնը չէք մտնի: 4 Արդ, ով իր անձը խոնարհեցնում է ինչպէս այս մանուկը, երկնքի արքայութեան մէջ նա՛ է մեծ: 5 Եւ ով որ իմ անունով մի այսպիսի մանուկ ընդունելու լինի, ի՛նձ կ՚ընդունի: 6 Եւ ով որ ինձ հաւատացող այս փոքրիկներից մէկին գայթակղեցնի, նրա համար լաւ կը լինի, որ նրա պարանոցից էշի երկանաքար կախուի, եւ նա սուզուի ծովի խորքը: 7 Վա՜յ աշխարհին՝ գայթակղութիւնների պատճառով. գայթակղութիւններ պէտք է որ գան, բայց վա՜յ այն մարդուն, որի միջոցով կը գայ գայթակղութիւնը: 8 Եթէ քո ձեռքը կամ ոտքը քեզ գայթակղեցնում է, կտրի՛ր այն եւ դէ՛ն գցիր քեզնից. լաւ է, որ դու մէկ ձեռքով կամ կաղ մտնես կեանք, քան երկու ձեռք ու երկու ոտք ունենաս եւ յաւիտենական կրակի մէջ ընկնես: 9 Եւ եթէ քո աչքն է գայթակղեցնում քեզ, հանի՛ր այն եւ դէ՛ն գցիր քեզնից. լաւ է, որ դու միականի մտնես կեանք, քան երկու աչք ունենաս եւ ընկնես գեհենի կրակը:

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ

29 Այնտեղից ելնելով՝ նրանք անցնում էին Գալիլիայի միջով, եւ Յիսուս չէր կամենում, որ որեւէ մէկն իմանայ, 30 քանի որ իր աշակերտներին ուսուցանում էր եւ նրանց ասում. «Մարդու Որդին մատնուելու է մարդկանց ձեռքը, նրանք պիտի սպանեն նրան. եւ երբ նա սպանուի, երրորդ օրը յարութիւն պիտի առնի»: 31 Բայց նրանք չէին հասկանում այդ խօսքը եւ վախենում էին նրան հարցնել:

32 Եկաւ Կափառնայում եւ, երբ տուն մտաւ, աշակերտներին հարցրեց. «Ճանապարհին իրար հետ ինչի՞ մասին էիք վիճում»: 33 Եւ նրանք լուռ էին մնում, որովհետեւ ճանապարհին իրար հետ վիճում էին, թէ ո՛վ է մեծը: 34 Եւ երբ նստեց, կանչեց Տասներկուսին ու նրանց ասաց. «Եթէ մէկն ուզում է առաջին լինել, բոլորից վերջինը եւ բոլորի սպասաւորը պիտի լինի»: 35 Եւ մի մանուկ վերցնելով՝ կանգնեցրեց նրանց մէջ եւ նրան իր գիրկն առնելով՝ նրանց ասաց. 36 «Ով այսպիսի մանուկներից մէկին ընդունում է իմ անունով, ինձ է ընդունում, եւ ով ինձ է ընդունում, ոչ թէ ինձ է ընդունում, այլ նրան, ով ինձ ուղարկեց»:

37 Յովհաննէսը պատասխանեց եւ ասաց. «Վարդապե՛տ, տեսանք մէկին, որը քո անունով դեւեր էր հանում, բայց մեզ հետ չէր շրջում, եւ արգելեցինք նրան»: 38 Եւ նա ասաց. «Արգելք մի՛ եղէք նրան, որովհետեւ չկայ մէկը, որ իմ անունով զօրաւոր գործեր անի ու կարողանայ ինձ հայհոյել. 39 քանզի ով մեզ հակառակ չէ, նա մեր կողմն է: 40 Եւ ով որ ձեզ մի բաժակ ջուր խմեցնի յանուն այն բանի, որ դուք Քրիստոսինն էք, ճշմարիտ եմ ասում ձեզ, իր վարձը չպիտի կորցնի»:

41 «Եւ ով որ ինձ հաւատացող այս փոքրիկներից մէկին գայթակղեցնի, նրա համար աւելի լաւ կը լինէր, եթէ նրա պարանոցից կախուած լինէր էշի մի երկանաքար, եւ ծով գցուէր: 42 Եւ եթէ քեզ գայթակղեցնում է քո ձեռքը, կտրիր դէ՛ն գցիր քեզնից, որովհետեւ քեզ համար աւելի լաւ է խեղուած մտնել յաւիտենական կեանքը, քան թէ երկու ձեռք ունենալ ու գնալ գեհեն, անշէջ կրակի մէջ: 44 Եւ եթէ քո ոտքն է գայթակղեցնում քեզ, կտրի՛ր, քեզնից դէ՛ն գցիր այն. լաւ է, որ դու կաղ մտնես յաւիտենական կեանքը, քան թէ երկու ոտք ունենաս ու գեհեն ընկնես: 46 Եւ եթէ քո աչքն է գայթակղեցնում քեզ, քաշիր հանի՛ր այն. լաւ է, որ դու մէկ աչքով մտնես Աստծու արքայութիւնը, քան թէ երկու աչք ունենաս ու ընկնես գեհեն, 47 ուր նրանց որդը չի մեռնում, եւ կրակը չի հանգչում, 48 որովհետեւ ամէն ինչ կրակով պիտի աղուի: 49 Աղը լաւ բան է. բայց եթէ աղը անհամանայ, ինչո՞վ պիտի համեմուի. արդ, դուք ձեր մէ՛ջ ունեցէք աղը եւ իրար հետ խաղաղութեա՛մբ ապրեցէք»: