Մայիսի 27 Բշ. ԳՁ. ԼԷ օր Յինանց

Astvacashunch yntercumner11 880x660 - Մայիսի 27 Բշ. ԳՁ. ԼԷ օր Յինանց

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 16.1‐31։ ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 21.1‐14։ Ա Յովհաննէս 3.7‐10։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 10.11‐21։  ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 17.14‐20։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ  9.13‐28։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ

16 Եւ Յիսուս իր աշակերտներին ասաց. «Մի մեծահարուստ մարդ կար, որ մի տնտես ունէր. եւ նրա մասին ամբաստանութիւն եղաւ, որպէս թէ վատնում է իր տիրոջ ունեցուածքը։ 2Տէրը կանչեց նրան եւ ասաց. «Այս ի՞նչ եմ լսում քո մասին. տո՛ւր քո տնտեսութեան հաշիւը, որովհետեւ այլեւս տնտես լինել չես կարող»։ 3Տնտեսը իր մտքում ասաց. «Ի՞նչ պէտք է անեմ, քանի որ իմ տէրը տնտեսութիւնս ինձնից վերցնում է. հողի վրայ աշխատել չեմ կարող, մուրալ ամաչում եմ։ 4Գիտեմ, թէ ինչ պիտի անեմ, որպէսզի, երբ տնտեսութիւնիցս հեռացուեմ, ընդունեն ինձ իրենց տները»։ 5Եւ իր տիրոջ պարտապաններից իւրաքանչիւրին մէկ առ մէկ իր մօտ կանչելով՝ առաջինին ասում է՝ «Իմ տիրոջը ինչքա՞ն պարտք ունես»։ 6Եւ սա ասում է՝ «Հարիւր տակառիկ ձէթ». եւ տնտեսը նրան ասում է՝ «Ա՛ռ քո մուրհակը եւ նստի՛ր ու անմիջապէս գրի՛ր՝ յիսուն»։ 7Ապա դարձեալ միւսին ասում է՝ «Դու ինչքա՞ն պարտք ունես». եւ սա ասաց՝ «Հինգ հարիւր պարկ ցորեն»։ Տնտեսը նրան ասաց՝ «Ա՛ռ քո մուրհակը եւ նստի՛ր ու գրի՛ր՝ չորս հարիւր»։ 8Եւ տէրը գովեց անիրաւ տնտեսին, որովհետեւ հնարամտութեամբ գործեց, քանի որ այս աշխարհի որդիները աւելի հնարամիտ են, քան լոյսի որդիները իրենց սերնդի մէջ»։ 9«Եւ ես ձեզ ասում եմ. անիրաւ մամոնայից ձեզ համար բարեկամներ արէք, որպէսզի, երբ այն պակասի, յաւիտենական յարկերի տակ ընդունեն ձեզ։ 10Քիչ բանի մէջ հաւատարիմը շատի մէջ էլ հաւատարիմ է. իսկ քչի մէջ անիրաւը, շատի մէջ էլ անիրաւ է։ 11Արդ, եթէ անիրաւ մամոնայի մէջ հաւատարիմ չեղաք, ձեզ ո՞վ կը վստահի ճշմարիտը։ 12Եւ եթէ օտարինը եղող բանի մէջ հաւատարիմ չեղաք, ձերը ո՞վ կը տայ ձեզ։ 13Ոչ մի ծառայ երկու տիրոջ ծառայել չի կարող. որովհետեւ, եթէ մէկին ատի, միւսին կը սիրի. կամ եթէ մէկին մեծարի, միւսին էլ կ՚արհամարհի։ Չէք կարող ե՛ւ Աստծուն ծառայել, ե՛ւ մամոնային»։ 14Երբ փարիսեցիները լսում էին այս բոլորը, նրան պախարակում էին, քանի որ արծաթասէր էին։ 15Եւ նրանց ասաց. «Դուք էք, որ մարդկանց առաջ ձեզ արդար էք ձեւացնում, սակայն Աստուած ձեր սրտերը գիտէ. որովհետեւ այն, որ մարդկանց առաջ բարձր է, Աստծու առաջ զազրելի է։ 16Օրէնքն ու մարգարէները մինչեւ Յովհաննէսն էին. այնուհետեւ աւետարանւում է Աստծու արքայութիւնը, եւ ամէն ոք բռնի է ուզում ձեռք բերել այն։ 17Աւելի հեշտ է, որ երկինք ու երկիր անցնեն, քան թէ օրէնքից մէկ նշանախեց ընկնի։ 18Ով որ իր կնոջն արձակում է եւ մի ուրիշին առնում, շնանում է. իսկ ով որ արձակուածին է առնում, շնանում է»։ 19«Մի մեծահարուստ մարդ կար, որ բեհեզ ու ծիրանի էր հագնում եւ ամէն օր առատապէս ուրախութիւն էր անում։ 20Եւ Ղազարոս անունով մի աղքատ մարդ ընկած էր նրա դռան առաջ՝ վէրքերով ծածկուած։ 21Եւ ցանկանում էր լցնել իր որովայնը այն փշրանքներով, որոնք թափւում էին մեծահարուստի սեղանից։ Եւ դեռ շներն էլ գալիս էին ու լիզում նրա վէրքերը։ 22Երբ աղքատը մեռաւ, հրեշտակները նրան տարան Աբրահամի գոգը. մեծահարուստն էլ մեռաւ եւ թաղուեց։ 23Եւ դժոխքում, մինչ սա տանջանքների մէջ էր, բարձրացրեց իր աչքերը, հեռուից տեսաւ Աբրահամին եւ Ղազարոսին էլ՝ նրա գրկում հանգստացած։ 24Եւ նա աղաղակեց ու ասաց. «Հա՛յր Աբրահամ, ողորմի՛ր ինձ եւ ուղարկի՛ր Ղազարոսին, որ իր մատի ծայրը թրջի ջրով եւ զովացնի լեզուս, որովհետեւ այս տապից պապակում եմ»։ 25Եւ Աբրահամը նրան ասաց. «Որդեա՛կ, յիշի՛ր, որ դու ստացար քո բարիքները այնտեղ, քո կեանքի ընթացքում, իսկ Ղազարոսն էլ՝ չարչարանքները. այժմ սա այստեղ մխիթարւում է, իսկ դու այդտեղ պապակում ես։ 26Եւ այս բոլորից բացի, մեծ վիհ կայ մեր եւ ձեր միջեւ. եթէ ուզենան այստեղից ձեզ մօտ անցնել, չեն կարողանայ. ոչ էլ այդտեղից մէկը կարող է մեզ մօտ անցնել»։ 27Մեծահարուստն ասաց. «Արդ, աղաչում եմ քեզ, հա՛յր, որ Ղազարոսին ուղարկես իմ հօր տունը, – 28որտեղ ես հինգ եղբայրներ ունեմ, – որպէսզի նրանց վկայութիւն տայ, որ նրանք էլ չգան տանջանքների այս վայրը»։ 29Եւ Աբրահամն ասաց. «Նրանք ունեն Մովսէս եւ մարգարէներ, թող նրա՛նց լսեն»։ 30Եւ նա ասաց. «Ո՛չ, հա՛յր Աբրահամ. բայց եթէ մեռելներից մէկը նրանց մօտ գնայ, նրանք կ՚ապաշխարեն»։ 31Եւ Աբրահամը նրան ասաց. «Եթէ Մովսէսին եւ մարգարէներին չեն լսում, մեռելներից մէկն էլ եթէ յարութիւն առնի, չպիտի համոզուեն»։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ

21 Եւ երբ մենք նրանցից բաժանուեցինք ու նաւ ելանք, ուղիղ դիմացը գնալով՝ եկանք Կով. յաջորդ օրը՝ Ռոդոն, այնտեղից էլ՝ Պատարա։ 2Այնտեղ գտնելով մի նաւ, որ Փիւնիկէ էր գնում, բարձրացանք ու գնացինք։ 3Երբ Կիպրոսը երեւաց, այն թողեցինք ձախ կողմը, նաւարկեցինք դէպի Ասորիք եւ իջանք Տիւրոս, քանի որ նաւն այնտեղ իր բեռներն էր թափելու։ 4Եւ գտնելով աշակերտներին՝ եօթը օր այնտեղ մնացինք. նրանք Սուրբ Հոգու միջոցով Պօղոսին ասում էին, որ Երուսաղէմ չբարձրանայ։ 5Եւ երբ մենք այդ օրերը անցկացրինք, ելանք գնացինք. նրանք բոլորը, կանանց եւ որդիների հետ միասին, մինչեւ քաղաքից դուրս մեզ ճանապարհ դրեցին. եւ ծովեզրին, ծնկի գալով, աղօթեցինք։ 6Ապա միմեանց հրաժեշտ տալով՝ մենք նաւ ելանք, իսկ նրանք վերադարձան իրենց տեղերը։ 7Եւ մեր նաւարկութիւնը շարունակելով Տիւրոսից՝ հասանք Պտողեմայիդա ու եղբայրներին ողջոյն տալուց յետոյ մէկ օր նրանց մօտ մնացինք։ 8Յաջորդ օրը այնտեղից դուրս գալով՝ եկանք Կեսարիա եւ, մտնելով տունը Փիլիպպոս աւետարանչի, որ եօթը սարկաւագներից մէկն էր, օթեւանեցինք նրա մօտ։ 9Նա ունէր չորս կոյս աղջիկներ, որոնք մարգարէուհիներ էին։ 10Եւ երբ շատ օրեր մենք այնտեղ մնացինք, Հրէաստանից Ագաբոս անունով մի մարգարէ իջաւ։ 11Եւ մեզ մօտ գալով՝ վերցրեց Պօղոսի գօտին, կապեց ինքն իր ոտքերն ու ձեռքերը եւ ասաց. «Այսպէս է ասում Սուրբ Հոգին. այն մարդուն, որի գօտին է այս, հրեաները նրան այսպէ՛ս պիտի կապեն Երուսաղէմում եւ յանձնեն հեթանոսների ձեռքը»։ 12Երբ այս լսեցինք, մենք եւ այնտեղ գտնուողները աղաչեցինք, որ նա Երուսաղէմ չբարձրանայ։ 13Այն ժամանակ Պօղոսը պատասխանեց ու ասաց. «Ի՞նչ էք անում, ինչո՞ւ էք լաց լինում եւ իմ սիրտն էլ ճմլում, ես Տէր Յիսուս Քրիստոսի անուան համար Երուսաղէմում ոչ միայն կապուելու, այլեւ մեռնելու պատրաստ եմ»։ 14Եւ երբ նա չանսաց, լռեցինք. ասացինք՝ Տիրոջ կամքը թող լինի։

Ա Յովհաննէս

7Որդեակնե՛ր, թող ոչ ոք ձեզ չխաբի. ով արդարութիւն է անում, արդար է, ինչպէս որ նա՛ է արդար։ 8Եւ ով մեղք է գործում, այդ՝ Սատանայից է, քանի որ Սատանան մեղանչող է ի սկզբանէ։ Աստծու Որդին հէնց նրա համար յայտնուեց, որ քանդի Սատանայի գործերը։ 9Ամէն ոք, ով Աստծուց է ծնուած, մեղք չի գործում, որովհետեւ Նրա սերմը մնում է նրա մէջ. չի էլ կարող մեղանչել, որովհետեւ Աստծուց է ծնուած։ 10Սրանո՛վ են տարբերւում միմեանցից Աստծու որդիները եւ Սատանայի որդիները։ Ամէն ոք, ով արդարութիւն չի գործում, Աստծուց չէ. նոյնպէս նա՝ ով չի սիրում իր եղբօրը։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ

11Ես եմ լաւ հովիւը. լաւ հովիւը իր կեանքն է տալիս ոչխարների համար։ 12Իսկ վարձկանը, որ հովիւ չէ, եւ ոչխարներն էլ իրենը չեն, երբ տեսնում է, որ գայլը գալիս է, թողնում է ոչխարներին եւ փախչում է։ Եւ գայլը յափշտակում է նրանց ու ցրում է. 13քանի որ վարձկան է, եւ ոչխարների համար հոգ չի անում։ 14Ես եմ լաւ հովիւը. եւ ճանաչում եմ իմ ոչխարներին ու ճանաչւում նրանցից։ 15Ինչպէս Հայրը ինձ ճանաչում է, ես էլ ճանաչում եմ Հօրը. եւ իմ կեանքը կը տամ իմ ոչխարների համար։ 16Ես ունեմ նաեւ այլ ոչխարներ, որոնք այս փարախից չեն. նրանց եւս պէտք է այստեղ բերեմ. եւ իմ ձայնը պիտի լսեն. եւ պիտի լինի մի հօտ եւ մի հովիւ։ 17Նրա համար է իմ Հայրն ինձ սիրում, որ ես իմ կեանքն եմ տալիս, որպէսզի վերստին այն առնեմ։ 18Այն ինձնից ոչ ոք չի վերցնի, այլ ես ինքս եմ այն տալիս. իշխանութիւն ունեմ այն տալու եւ իշխանութիւն ունեմ վերստին այն առնելու. այս պատուէրը իմ Հօրից ստացայ»։ 19Այս խօսքերի պատճառով հրեաների մէջ դարձեալ պառակտում եղաւ։ 20Եւ նրանցից շատերն ասում էին. «Նրա մէջ դեւ կայ եւ մոլեգնում է. ինչո՞ւ էք նրան լսում»։ 21Ոմանք էլ ասում էին. «Սրանք դիւահարի խօսքեր չեն, միթէ դեւը կարո՞ղ է կոյրի աչքերը բանալ»։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ

14Երբ ժողովրդի մէջ եկան, մի մարդ մօտեցաւ, ծնկի եկաւ եւ ասաց. «Տէ՛ր, ողորմի՛ր իմ որդուն, որովհետեւ լուսնոտութիւնից է տառապում եւ չարաչար տանջւում է. շատ անգամ կրակի մէջ է ընկնում եւ երբեմն՝ ջրի մէջ։ 15Նրան քո աշակերտների մօտ տարայ, եւ չկարողացան բժշկել»։ 16Յիսուս պատասխան տուեց ու ասաց. «Ո՛վ անհաւատ եւ մոլորուած սերունդ, մինչեւ ե՞րբ ձեզ հետ պիտի լինեմ, մինչեւ ե՞րբ ձեզ պիտի հանդուրժեմ. նրան ինձ մօ՛տ բեր»։ 17Եւ Յիսուս նրան սաստեց, դեւը նրանից դուրս եկաւ, եւ մանուկը հէնց այդ րոպէից բժշկուեց։ 18Այն ժամանակ աշակերտները, առանձին, մօտեցան եւ Յիսուսին ասացին. «Մենք ինչո՞ւ այն հանել չկարողացանք»։ 19Եւ Յիսուս նրանց ասաց. «Ձեր թերահաւատութեան պատճառով. ճշմարիտ եմ ասում ձեզ, եթէ մանանեխի հատիկի չափ հաւատ ունենաք, այս լերանը կ՚ասէք՝ տեղափոխուի՛ր այստեղից այնտեղ, եւ կը տեղափոխուի. եւ որեւէ բան ձեզ համար անհնարին չի լինի։ 20Բայց այս տեսակ դեւը այլ կերպ դուրս չի ելնում, եթէ ոչ աղօթքով ու ծոմապահութեամբ»։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ

13Եւ աշակերտների մօտ գալով՝ նրանց շուրջը տեսաւ մեծ բազմութիւն եւ օրէնսգէտներ, որոնք վիճում էին նրանց հետ։ 14Եւ իսկոյն ամբողջ ժողովուրդը, երբ տեսաւ նրան, զարմացաւ եւ, ընդառաջ վազելով, ողջոյն էր տալիս նրան։ 15Յիսուս աշակերտներին հարցրեց. «Ինչի՞ մասին էիք վիճում նրանց հետ»։ 16Ժողովրդի միջից մէկը պատասխանեց եւ ասաց. «Վարդապե՛տ, քեզ մօտ բերեցի որդուս, որին մի համր չար ոգի բռնել է. 17եւ ուր պատահում է, նրան գետին է զարկում. փրփրում է, ատամներն է կրճտացնում եւ ապա չորանում մնում է։ Քո աշակերտներին ասացի, որ հանեն, բայց չկարողացան հանել այն»։ 18Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Ո՛վ անհաւատ սերունդ, մինչեւ ե՞րբ ձեզ հետ պիտի լինեմ, մինչեւ ե՞րբ ձեզ պիտի հանդուրժեմ. բերէ՛ք նրան ինձ մօտ»։ 19Եւ նրան բերեցին իր մօտ։ Երբ չար ոգին նրան տեսաւ, իսկոյն ուժգին ցնցեց տղային, որը, գետին ընկնելով, թաւալւում էր ու փրփրում։ 20Յիսուս հարցրեց նրա հօրը եւ ասաց. «Ինչքա՞ն ժամանակ է անցել այն օրուանից, ինչ այդ նրան պատահել է»։ Եւ նա ասաց. «Մանկութիւնից։ 21Շատ անգամ չար ոգին կրակի եւ ջրի մէջ է նետում նրան, որ կործանի. արդ, եթէ մի կերպ կարող ես, օգնի՛ր մեզ, Տէ՛ր, գթալով մեզ»։ 22Եւ Յիսուս նրան ասաց. «Ասացիր՝ եթէ կարող ես. ամէն ինչ հնարաւոր է նրա համար, ով հաւատում է»։ 23Երեխայի հայրը իսկոյն աղաղակեց եւ ասաց. «Հաւատում եմ, օգնի՛ր իմ անհաւատութեանը»։ 24Երբ Յիսուս տեսաւ, որ ժողովուրդը իրար վրայ է հաւաքւում, սաստեց պիղծ ոգուն եւ ասաց. «Դո՛ւ, հա՛մր եւ խո՛ւլ ոգի, ես հրամայում եմ քեզ, դո՛ւրս ելիր նրանից եւ այլեւս չմտնես դրա մէջ»։ 25Եւ չար ոգին ճչաց, ուժգին ցնցեց նրան ու դուրս ելաւ. եւ պատանին մեռելի պէս եղաւ, այն աստիճան, որ շատերը ասացին, թէ մեռաւ։ 26Յիսուս բռնեց նրա ձեռքից, բարձրացրեց նրան, եւ նա ոտքի կանգնեց։ 27Եւ երբ Յիսուս տուն մտաւ, աշակերտները, առանձին, հարցրին նրան. «Ինչո՞ւ մենք չկարողացանք հանել դրան»։ 28Եւ նա նրանց ասաց. «Այդ տեսակը ուրիշ բանով չի ելնի, եթէ ոչ ծոմապահութեամբ ու աղօթքով»։