Հունիսի 25 Գշ. ԱԿ. Սրբոց կուսանացն Նունեայ եւ Մանեայ

Astvacashunch yntercumner11 880x660 - Հունիսի 25 Գշ. ԱԿ. Սրբոց կուսանացն Նունեայ եւ Մանեայ

Երգ Երգոց 8.14: Եսայի 27.11-13։ Ա Պետրոս 5.8-11։ Յովհաննէս 12.24-26։

Երգ Երգոց

14«Փախի՛ր, իմ սիրեցեալ, այծեամի պէս,կամ եղնիկների հորթերի նման, որ լինում են խնկաբեր լեռների վրայ»։

Եսայի

11Երկար ժամանակ անց այնտեղ դալար բոյս չի գտնուելու, որովհետեւ այդ տեղը պիտի չորանայ։ Ո՛վ կանայք, որ ահա գալիս էք հանդէսից, առա՛ջ եկէք, դուք, որ այն ժողովուրդը չէք, որն իմաստուն է։ Ահա թէ ինչու ձեզ չի գթալու Աստուած, նա, որ ստեղծել է ձեզ։ Ձեր Արարիչը ձեզ չի ողորմելու։ 12Այն օրը Տէրն արգելք պիտի դնի գետի փոսից մինչեւ Ռինոկորուրի կողմերը, բայց դուք մէկ առ մէկ հաւաքեցէ՛ք իսրայէլացիներին։ 13Այն օրը պիտի հնչեցնեն մեծ փողը, եւ նրանք, ովքեր ցրուած են Ասորեստանի երկրում եւ կորած՝ Եգիպտոսի երկրում, պիտի վերադառնան ու Երուսաղէմի սուրբ լերան վրայ երկրպագեն Տիրոջը։

Ա Պետրոս

8Արթո՛ւն եղէք, հսկեցէ՛ք, քանի որ ձեր ոսոխը՝ Սատանան, մռնչում է առիւծի պէս, շրջում եւ փնտռում է, թէ ո՛ւմ կուլ տայ։ 9Դիմադրեցէ՛ք նրան՝ հաստատուն լինելով հաւատի մէջ. իմացէ՛ք, որ ձեր եղբայրներն էլ աշխարհում կրում են նոյն չարչարանքները։ 10Եւ բոլոր շնորհների Աստուածը, – որ ձեզ կոչեց իր յաւիտենական փառքին Քրիստոս Յիսուսի միջոցով, որին մի փոքր ժամանակ չարչարակից պիտի լինէք, – թող վերականգնի, զօրացնի, հաստատահիմն դարձնի ձեզ։ 11Նրան իշխանութի՜ւն եւ փա՜ռք յաւիտեանս։ Ամէն։

Յովհաննէս

24Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթէ ցորենի հատիկը հողի մէջ ընկնելով չմեռնի, միայն հատիկն ինքը կը մնայ, իսկ եթէ մեռնի, բազում արդիւնք կը տայ։ 25Ով սիրում է իր անձը, կը կորցնի այն, իսկ ով այս աշխարհում իր անձն ատում է, այն կը պահի յաւիտենական կեանքի համար։ 26Եթէ մէկն ինձ ծառայի, իմ յետեւից կը գայ. եւ ուր ես եմ, այնտեղ կը լինի եւ իմ ծառան. եթէ մէկը ինձ ծառայի, նրան կը պատուի իմ Հայրը։

Հիշատակ Ս. Նունե և Մանե կույսերի