Մայիսի 22 Դշ. ԴԿ. ԼԲ օր Յինանց

Astvacashunch yntercumner11 880x660 - Մայիսի 22 Դշ. ԴԿ. ԼԲ օր Յինանց

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 12.49‐13.9։ ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 18.12‐28։ Ա Յովհաննէս 2.18‐23։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 8.12‐20։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 14.22‐36։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 7.17‐30։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ

49«Երկրի վրայ կրակ գցելու եկայ. եւ ինչքա՜ն եմ կամենում, որ արդէն իսկ բորբոքուած լինի։ 50Եւ մի մկրտութիւն ունեմ մկրտուելու եւ ինչպէ՜ս եմ շտապում, որ կատարուի։ 51Կարծում էք, թէ երկրին խաղաղութի՞ւն տալու եկայ. ո՛չ, ասում եմ ձեզ, այլ՝ բաժանում. 52որովհետեւ մէկ տան մէջ այսուհետեւ հինգ հոգի իրարից բաժանուած պիտի լինեն. երեքը՝ երկուսի դէմ, եւ երկուսը՝ երեքի։ 53Հայրը պիտի բաժանուի որդու դէմ, եւ որդին՝ Հօր, մայրը՝ աղջկայ դէմ, եւ աղջիկը՝ մօր, կեսուրը՝ հարսի դէմ, եւ հարսը՝ իր կեսրոջ»։ 54Ժողովրդին էլ ասաց. «Երբ տեսնէք, որ արեւմուտքից ամպ է ելնում, իսկոյն կ՚ասէք, թէ՝ անձրեւ կը գայ։ Այդպէս էլ լինում է։ 55Եւ երբ հարաւի քամին փչի, կ՚ասէք, թէ՝ խորշակ կը լինի։ Եւ այդպէս էլ լինում է։ 56Կեղծաւորնե՛ր, երկնքի եւ երկրի երեւոյթները քննել գիտէք, իսկ այս ներկայ ժամանակը ինչպէ՞ս չէք քննում։ 57Ինչո՞ւ դուք անձնապէս արժանին չէք ընտրում։ 58Երբ քո թշնամու հետ գնաս իշխանի մօտ, ճանապարհին հաշիւդ մաքրի՛ր, որ նրանից ազատուես, որովհետեւ գուցէ նա քեզ քարշ տայ դատաւորի մօտ, եւ դատաւորը քեզ բանտապահի ձեռքը յանձնի, եւ բանտապահն էլ՝ բանտ նետի։ 59Ասում եմ քեզ, այնտեղից դուրս չես գայ, մինչեւ որ չվճարես վերջին գրոշը»։
13 Այդ նոյն ժամանակ ոմանք եկան եւ պատմեցին նրան այն գալիլիացիների մասին, որոնց արիւնը Պիղատոսը խառնեց իրենց զոհերի արեան հետ։ 2Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Կարծո՞ւմ էք, թէ այն գալիլիացիները, որոնք այդպիսի պատահարների ենթարկուեցին, աւելի մեղաւոր էին քան բոլոր գալիլիացիները։ 3Ո՛չ, ասում եմ ձեզ, սակայն, եթէ չապաշխարէք, ամէնքդ էլ նոյնպէս պիտի կորչէք։ 4Կամ նրանք՝ այն տասնութ մարդիկ, որոնց վրայ Սիլովամում աշտարակը փուլ եկաւ եւ սպանեց նրանց, կարծում էք, թէ աւելի մեղապա՞րտ էին, քան Երուսաղէմում բնակուող բոլոր մարդիկ։ 5Ո՛չ, ասում եմ ձեզ, սակայն եթէ չապաշխարէք, ամէնքդ էլ նոյնպէս պիտի կորչէք»։ 6Պատմեց եւ այս առակը. «Մի մարդ իր այգում մի թզենի էր տնկել. եւ երբ պտղի ժամանակը հասաւ, նա եկաւ նրա վրայ պտուղ փնտռելու ու չգտաւ։ 7Այգեգործին ասաց. «Ահա երեք տարի է, որ գալիս եմ այդ թզենու վրայ պտուղ փնտռելու եւ չեմ գտնում. արդ, կտրի՛ր այդ. ինչո՞ւ է հողն զբաղեցնում»։ 8Այգեգործը պատասխանեց եւ ասաց. «Տէ՛ր իմ, նրան այս տարի էլ թո՛ղ, մինչեւ որ նրա շուրջը փորեմ եւ աղբ գցեմ. 9գուցէ թէ պտուղ տայ. ապա թէ ոչ՝ մի տարուց յետոյ կը կտրես այդ»։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ

12Աքայեցիների բդեշխի փոխանորդ Գաղիոնի ժամանակ հրեաները, միաբանուելով, Պօղոսի դէմ ելան եւ նրան ատեան բերեցին։ 13Նրանք ասում էին. «Սա տարհամոզում է մարդկանց, որ օրէնքին հակառակ եղանակով Աստծուն պաշտեն»։ 14Եւ երբ Պօղոսը պատրաստւում էր բանալու իր բերանը, Գաղիոնը հրեաներին ասաց. «Ո՛վ հրեաներ, եթէ որեւէ անիրաւութիւն կամ մի չարանենգ խարդախութիւն եղած լինէր, պատեհ էր, որ ես ձեզ անսայի. 15բայց եթէ խնդիրներ կան խօսքի կամ անունների եւ կամ ձեր օրէնքների մասին, դուք ինքնե՛րդ քննեցէք, քանի որ այդպիսի բաների դատաւոր լինել չեմ ուզում»։ 16Եւ նրանց ատեանից դուրս արեց։ 17Եւ բոլոր յոյները ժողովրդապետ Սոսթենէսին բռնելով՝ ատեանի առաջ ծեծում էին, եւ Գաղիոնը այդ մասին բնաւ հոգ չէր անում։ 18Իսկ Պօղոսը դեռ շատ օրեր մնալով՝ եղբայրներից հրաժեշտ առաւ եւ նաւարկեց դէպի Ասորիք։ Նրա հետ էին նաեւ Պրիսկիղան եւ Ակիւղասը։ Նա Կենքրայում գլուխը խուզել էր, քանի որ ուխտ էր արել։ 19Եւ Եփեսոս հասնելով՝ նրանց այնտեղ թողեց եւ ինքը ժողովարան մտնելով՝ խօսքն ուղղեց հրեաներին։ 20Եւ նրան աղաչեցին, որ երկար ժամանակ այնտեղ մնայ. բայց նա յանձն չառաւ, 21այլ հրաժեշտ տուեց նրանց ու ասաց. «Աստծու կամքով նորից կը գամ ձեզ մօտ»։ 22Եւ Եփեսոսից մեկնեց ու իջաւ Կեսարիա. դրանից յետոյ ելաւ վեր, Երուսաղէմ եւ ողջոյն տուեց եկեղեցուն. ապա իջաւ Անտիոք։ 23Միառժամանակ այնտեղ մնալուց յետոյ ելաւ հերթով շրջելու գաղատացիների երկիրը եւ Փռիւգիան՝ ամրապնդելով բոլոր աշակերտածներին։ 24Ապողոս անունով մի հրեայ, ծագումով ալեքսանդրիացի, եկաւ հասաւ Եփեսոս. սա մի ճարտարախօս մարդ էր եւ հմուտ՝ Գրքերին։ 25Տեղեակ էր նա Տիրոջ ճանապարհին եւ հոգով եռում էր. խօսում եւ ճշմարտութեամբ ուսուցանում էր Յիսուսի մասին։ Գիտէր միայն Յովհաննէսի մկրտութիւնը։ 26Սա սկսեց ժողովարանում համարձակօրէն խօսել։ Նրան լսելով՝ Ակիւղասը եւ Պրիսկիղան նրան իրենց մօտ առան եւ ճշմարտագոյնս բացատրեցին նրան Աստծու ճանապարհը։ 27Երբ նա կամեցաւ Աքայիա գնալ, եղբայրները քաջալերեցին նրան եւ գրեցին աշակերտներին, որ նրան ընդունեն։ Երբ նա այնտեղ հասաւ, Աստծու շնորհիւ շատ օգտակար եղաւ հաւատացեալներին, 28քանի որ հրեաներին բուռն կերպով յանդիմանում էր՝ Գրքերի միջոցով հրապարակաւ ապացուցելով, թէ Յիսո՛ւսն է Քրիստոսը։

Ա Յովհաննէս

18Որդեակնե՛ր, վերջին ժամանակն է։ Եւ ինչպէս լսել էք, Նեռը գալու է. բայց արդէն իսկ եկել են բազում նեռեր. դրանից էլ կարող ենք իմանալ, որ վերջին ժամանակն է։ 19Մե՛ր միջից ելան նրանք, բայց մեզնից չէին, որովհետեւ, եթէ մեզնից լինէին, ապա մեր մէջ էլ կը մնային։ Բայց մեզնից ելան, որպէսզի յայտնի լինէր, թէ նրանք ամէնքը մեզնից չեն։ 20Իսկ դուք օծում ունէք Սրբից եւ ամէն բան գիտէք։ 21Գրեցի ձեզ ոչ թէ որովհետեւ ճշմարտութիւնը չգիտէք, այլ որովհետեւ գիտէք այն. գիտէք նաեւ այն, որ ամենայն ստախօսութիւն ճշմարտութիւնից չէ։ 22Իսկ ո՞վ է ստախօսը, եթէ ոչ նա, ով ուրանում է, թէ Յիսուսը Քրիստոսն է։ Նա՛ է Նեռը, ով ուրանում է Հօրը եւ Որդուն։ 23Ամէն մարդ, որ ուրանում է Որդուն, իր մէջ չունի նաեւ Հօրը։ Իսկ ով խոստովանում է Որդուն, նա իր մէջ ունի նաեւ Հօրը։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ

12Յիսուս դարձեալ խօսեց ժողովրդի հետ ու ասաց. «Ես եմ աշխարհի լոյսը. ով իմ յետեւից է գալիս, խաւարի միջով չի քայլի, այլ կ՚ընդունի կենաց լոյսը»։ 13Փարիսեցիները նրան ասացին. «Դու քո անձի մասին ես վկայում, եւ քո վկայութիւնը հաւաստի չէ»։ 14Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Թէպէտ ես վկայում եմ իմ անձի մասին, իմ վկայութիւնը ճշմարիտ է, որովհետեւ գիտեմ, թէ որտեղից եկայ եւ ուր եմ գնում։ Բայց դուք չգիտէք՝ որտեղից եմ գալիս կամ ուր եմ գնում։ 15Դուք ըստ մարմնի էք դատում, ես ոչ ոքի չեմ դատում. 16թէկուզ եւ մէկին դատեմ էլ, իմ դատաստանը ճշմարիտ է, որովհետեւ մենակ չեմ, այլ՝ ես եմ եւ ինձ հետ է նաեւ իմ Հայրը, որ ինձ ուղարկեց։ 17Եւ ձեր օրէնքում իսկ գրուած է, թէ երկու մարդու վկայութիւնը ճշմարիտ է։ 18Ես նա եմ, որ վկայում եմ իմ մասին, եւ վկայում է իմ մասին Հայրը, որ ինձ ուղարկեց»։ 19Նրան ասացին. «Ո՞ւր է քո Հայրը»։ Յիսուս պատասխան տուեց եւ ասաց նրանց. «Ո՛չ ինձ էք ճանաչում եւ ո՛չ էլ իմ Հօրը. եթէ ինձ ճանաչէիք, թերեւս իմ Հօրն էլ կը ճանաչէիք»։ 20Յիսուս այս խօսքերը խօսեց գանձատանը, երբ ուսուցանում էր տաճարում. սակայն ոչ ոք նրան չբռնեց, որովհետեւ նրա ժամը դեռ չէր հասել։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ

22Եւ նա իսկոյն իր աշակերտներին ստիպեց նաւակ մտնել եւ առաջանալ դէպի միւս կողմը, մինչեւ որ ինքը ժողովրդի բազմութիւնն արձակի։ 23Եւ երբ ժողովրդի բազմութիւնն արձակեց, առանձին լեռ բարձրացաւ աղօթելու համար։ Եւ երբ երեկոյ եղաւ, այնտեղ էր, մենակ։ 24Նաւակը ցամաքից մղոններով հեռացել էր՝ դէս ու դէն քշուելով ալիքներից, քանի որ քամին դիմացից էր։ 25Եւ գիշերուայ ուշ ժամին Յիսուս եկաւ նրանց մօտ՝ քայլելով ծովի վրայ։ 26Երբ աշակերտները նրան տեսան ծովի վրայ քայլելիս, տագնապահար եղան եւ ասացին. «Ինչ-որ ուրուական է». ու սարսափից աղաղակեցին։ 27Յիսուս իսկոյն խօսեց նրանց հետ ու ասաց. «Սրտապնդուեցէ՛ք, ես եմ, մի՛ վախեցէք»։ 28Պետրոսը նրան պատասխանեց ու ասաց. «Տէ՛ր, եթէ դու ես, հրամայի՛ր ինձ ջրի վրայով քեզ մօտ գալ»։ 29Եւ նա ասաց՝ արի՛։ Եւ Պետրոսը նաւակից իջնելով՝ քայլեց ջրի վրայով ու եկաւ Յիսուսի մօտ։ 30Սակայն տեսնելով ուժգին քամին՝ վախեցաւ։ Եւ երբ սկսեց սուզուել, աղաղակեց ու ասաց. «Տէ՛ր, փրկի՛ր ինձ»։ 31Եւ իսկոյն Յիսուս երկարեց իր ձեռքը, բռնեց նրան ու ասաց. «Թերահաւա՛տ, ինչո՞ւ երկմտեցիր»։ 32Եւ երբ նրանք նաւակ բարձրացան, քամին հանդարտուեց։ 33Եւ նրանք, որ նաւակի մէջ էին, մօտեցան, երկրպագեցին նրան ու ասացին. «Արդարեւ Աստծու Որդին ես դու»։ 34Եւ կտրել անցնելով՝ ցամաք ելան Գեննեսարէթում։ 35Եւ երբ այդ տեղի մարդիկ նրան ճանաչեցին, մարդ ուղարկեցին ամբողջ գաւառով մէկ ու բոլոր հիւանդներին նրա մօտ բերեցին։ 36Եւ աղաչում էին նրան, որ գոնէ միայն նրա զգեստի քղանցքներին դիպչեն. եւ նրանք, որ մի անգամ դիպան, բժշկուեցին։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ

17Եւ երբ ամբոխից բաժանուելով տուն մտաւ, աշակերտները այդ առակի մասին նրան հարցրին։ 18Եւ նրանց ասաց. «Դո՞ւք էլ այդպէս անմիտ էք, չէ՞ք իմանում, թէ ամէն բան, որ դրսից մարդու մէջ է մտնում, չի կարող նրան պղծել, 19որովհետեւ ոչ թէ նրա սիրտն է մտնում, այլ՝ որովայնը եւ դուրս է ելնում ու մաքրում բոլոր կերածները»։ 20Եւ ասում էր. «Ինչ որ մարդուց դուրս է գալիս, ա՛յն է, որ պղծում է մարդուն, 21որովհետեւ ներսից, մարդկանց սրտից են ելնում չար խորհուրդները՝ շնութիւն, պոռնկութիւն, 22գողութիւն, սպանութիւն, ագահութիւն, չարութիւն, նենգութիւն, գիջութիւն, չար նախանձ, հայհոյանք, ամբարտաւանութիւն, անզգամութիւն։ 23Այս բոլոր չարիքները ներսից են ելնում եւ պղծում մարդուն»։ 24Եւ այնտեղից վեր կացաւ եկաւ Տիւրոսի ու Սիդոնի սահմանները. եւ մի տուն մտնելով՝ չէր ուզում, որ որեւէ մէկն իմանայ իր այնտեղ լինելը, սակայն չկարողացաւ թաքնուած մնալ։ 25Նրա մասին լսեց մի կին, որի դուստրը տառապում էր պիղծ ոգուց. սա եկաւ ընկաւ նրա ոտքերը։ 26Այս կինը հեթանոս էր, փիւնիկ-ասորի ազգից. աղաչում էր նրան, որ իր աղջկանից դեւը հանի։ 27Եւ Յիսուս նրան ասաց. «Թո՛յլ տուր, որ նախ մանուկները կշտանան, քանի որ լաւ չէ մանուկների հացը առնել եւ շների առաջ գցել»։ 28Կինը պատասխանեց եւ ասաց. «Տէ՛ր, շներն էլ մանուկների սեղանի փշրանքներից են կերակրւում»։ 29Եւ նա ասաց նրան. «Այդ խօսքիդ համար գնա՛, դեւը քո աղջկանից դուրս ելաւ»։