Մայիսի 16 Դշ. ԳԿ. ԽԶ օր Յինանց: Պահք

Astvacashunch yntercumner11 880x660 - Մայիսի 16 Դշ. ԳԿ. ԽԶ օր Յինանց: Պահք

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 20.20-26։ Գործք 25.13-22։ Յուդա 1.1-7։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 12.44-50։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 22.1-14։ Մր 12.18-34։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ

 20Եւ ապա յարմար առիթի սպասեցին եւ ուղարկեցին խաբեբաներ, որոնք իրենք իրենց, կեղծաւորութեամբ, արդար էին ձեւացնում, որպէսզի նրան խօսքերով բռնեն՝ մատնելու համար պետութեան եւ իշխանութեան կուսակալին։ 21Հարցրին նրան եւ ասացին. «Վարդապե՛տ, գիտենք, որ ճիշտ ես խօսում ու ուսուցանում եւ աչառութիւն չես անում, այլ ճշմարտութեամբ Աստծու ճանապարհն ես սովորեցնում։ 22Օրինաւո՞ր է մեզ համար կայսրին հարկ տալ, թէ՝ ոչ»։ 23Եւ նկատելով նրանց խորամանկութիւնը՝ ասաց նրանց. 24«Ցո՛յց տուէք ինձ դահեկանը»։ Եւ նրանք ցոյց տուին։ 25Եւ նա ասաց. «Ո՞ւմ պատկերը եւ գիրը ունի դա»։ Պատասխանեցին եւ ասացին՝ կայսրինը։ Եւ նա նրանց ասաց. «Արդ, գնացէ՛ք տուէք կայսրինը՝ կայսեր, իսկ Աստծունը՝ Աստծուն»։ 26Եւ չկարողացան նրան խօսքերով բռնել ժողովրդի առաջ ու զարմանալով նրա պատասխանի վրայ՝ լռեցին։

Գործք

 13Այն ժամանակ Փեստոսը իր խորհրդականների հետ խօսելուց յետոյ պատասխանեց. «Կայսրին բողոքեցիր, կայսեր մօտ պիտի գնաս»։ 14Մի քանի օր անցնելուց յետոյ Ագրիպպաս արքան եւ Բերենիկէն Կեսարիա եկան՝ Փեստոսին ողջունելու։ 15Եւ երբ այնտեղ շատ օրեր էին անցկացրել, Փեստոսը արքային տեղեկացրեց Պօղոսի մասին ու ասաց. «Այստեղ Ֆելիքսի կողմից կալանքի տակ առնուած մի մարդ կայ մնացած, 16որի մասին, երբ Երուսաղէմ գնացի, քահանայապետները եւ հրեաների գլխաւորներն ինձ տեղեկացրին։ Ինձնից խնդրում էին, որ նրան մահուան վճիռ տամ։ 17Նրանց պատասխանեցի. «Հռոմէացիների սովորութիւնը չէ որեւէ մէկին որպէս շնորհ յանձնել ուրիշ մէկի, մինչեւ որ ամբաստանեալը իր դիմացը չունենայ մեղադրողներին եւ ամբաստանութեան դէմ պատասխան տալու պատեհութիւնը չստանայ»։ 18Եւ երբ այստեղ եկան, ոչնչով չուշացրի, այլ յաջորդ օրն իսկ ատեան նստելով՝ հրամայեցի, որ մարդուն բերեն։ 19Նրա դէմ ներկայացող ամբաստանողները մէջտեղ չէին բերում չարագործութեան ոչ մի յանցանք, որոնց մասին ես կասկած ունէի. 20այլ ինչ-ինչ խնդիրներ ունէին նրա հետ իրենց պաշտամունքին վերաբերող, ինչպէս նաեւ մի ոմն մեռած Յիսուսի վերաբերեալ, որի մասին Պօղոսն ասում էր, թէ կենդանի է։ 21Երբ այսպիսի խնդիրների քննութեան համար տարակուսանքի մէջ ընկայ, նրան ասացի, թէ կը կամենա՞ր Երուսաղէմ գնալ եւ այդ խնդիրների համար այնտեղ դատուել։ 22Բայց երբ Պօղոսը բողոքեց, որ ինքը պէտք է պահուի Նորին Գերազանցութեան վճռին ներկայանալու համար, հրամայեցի պահել նրան, մինչեւ որ կայսեր մօտ ուղարկեմ»։

Յուդա

 1 Յուդան՝ ծառան Յիսուս Քրիստոսի եւ եղբայրը Յակոբոսի, հեթանոսներիդ, որ սիրուած էք Հայր Աստծուց, պահուած եւ ընտրուած Յիսուս Քրիստոսի համար. 2թող ողորմութիւնը, խաղաղութիւնը եւ սէրը առատ լինեն ձեզ համար։ 3Սիրելինե՛ր, ամէն ջանք յանձն էի առնում գրելու ձեզ մեր հասարակաց փրկութեան մասին. հարկ համարեցի գրել ձեզ եւ աղաչել, որ պայքարէք հաւատի համար, այն հաւատի, որ մի անգամ ընդմիշտ աւանդուեց սրբերին. 4քանի որ ձեր մէջ սողոսկել են ոմանք, որ վաղուց իսկ սահմանուած էին սոյն դատապարտութեան համար, ամբարիշտ մարդիկ, որ մեր Աստծու շնորհը վերածեցին անառակութեան եւ ուրացան մեր միակ Իշխանին եւ Տիրոջը՝ Յիսուս Քրիստոսին։ 5Կ՚ուզենայի ձեզ յիշեցնել, – թէեւ դուք այդ բոլորը գիտէք, – որ Աստուած նախ իր ժողովրդին փրկեց Եգիպտոսից. իսկ ապա կորստեան մատնեց անհաւատներին։ 6Եւ այն հրեշտակներին, որ չպահեցին իրենց իշխանութիւնը, այլ լքեցին իրենց բնակութեան տեղը, յաւիտենական կապանքներով խաւարի մէջ պահեց դատաստանի մեծ օրուայ համար, 7ինչպէս Սոդոմն ու Գոմորը եւ նրանց շուրջը եղող քաղաքները, որոնք այդ նոյն ձեւով պոռնկացան՝ անբնական կրքերի յետեւից ընկնելով եւ յաւիտենական կրակի դատաստանն ընդունելու օրինակ դարձան բոլորին։ 8Նոյն ձեւով էլ, սրանք եւս, քնի մէջ զառանցելով, մարմին են պղծում, Աստծու իշխանութիւնն արհամարհում, երկնային փառաւոր էակներին հայհոյում, 9այն դէպքում, երբ Միքայէլ հրեշտակապետը, բանսարկու Սատանայի հետ, Մովսէսի մարմնի մասին վիճելիս, չհամարձակուեց հայհոյալից խօսքերով դատապարտել նրան, այլ ասաց. «Թող Տէրը քեզ սաստի»։ 10Իսկ սրանք հայհոյում են այն բանի դէմ, որ չգիտեն. եւ ինչ բաներ, որ բնազդով գիտեն, ինչպէս անբան անասունը, նրանցով էլ ապականւում են։ 11Վա՜յ նրանց, որոնք Կայէնի ճանապարհով ընթացան եւ ըստ Բաաղամի մոլորութեան՝ սայթաքեցին վարձի յետեւից ընկնելով եւ կորան Կորխի պէս իրենց ըմբոստութեան պատճառով։ 12Նրանք ատելի բանսարկուներ են, որոնք ընթանում են իրենց ցանկութիւնների յետեւից՝ իրենց սէրերով եւ խարդախութեամբ, մասնակից են լինում սիրոյ ճաշին՝ անպատկառօրէն իրենք իրենց պարարտացնելու համար. սրանք հողմակոծ անջուր ամպեր են, պտղակորոյս ծառեր, անպտուղ, կրկնակի մեռած, արմատախիլ եղած. 13ծովի կատաղի ալիքներ, որ միշտ փրփրում թափում են իրենց սեփական ամօթը. մոլոր աստղեր, որոնց համար է պահուած յաւիտենական խաւարի վիհը։ 14Նրանց մասին մարգարէացել է նաեւ Ենոքը՝ եօթներորդը Ադամից սկսած, եւ ասել. «Ահա՛ւասիկ եկաւ Տէրը բիւրաւոր սուրբ հրեշտակներով՝ 15դատաստան տեսնելու բոլորի հանդէպ եւ յանդիմանելու բոլոր ամբարիշտներին իրենց այն գործերի համար, որ ամբարշտութեամբ գործեցին, եւ այն բոլոր խիստ խօսքերի համար, որ նրա դէմ ասացին մեղաւորները եւ ամբարիշտները»։ 16Սրանք տրտնջացողներ են եւ բանսարկուներ, որոնք հետամուտ են իրենց սեփական ցանկութիւններին. նրանց բերանները ամբարտաւան խօսքեր են բարբառում, իսկ իրենք երեսպաշտութիւն են անում շահի համար։ 17Բայց դուք, սիրելինե՛ր, յիշեցէ՛ք մեր Տէր Յիսուս Քրիստոսի առաքեալների կողմից նախապէս ասուած խօսքերը։ 18Նրանք ձեզ ասում էին, թէ՝ «Վերջին ժամանակներում պիտի լինեն ծաղրող մարդիկ, որոնք պիտի տարուեն իրենց ամբարիշտ ցանկութիւններով»։ 19Սրանք նշաւակելի, մարմնասէր մարդիկ են, որ չունեն Հոգին։ 20Իսկ մենք, սիրելինե՛ր, մեր անձերը կառուցենք հաւատի սրբութեամբ, աղօթենք Սուրբ Հոգով, 21պահենք մենք մեզ Աստծու սիրով՝ սպասելով մեր Տէր Յիսուս Քրիստոսի ողորմութեանը յաւիտենական կեանքի համար։ 22Կշտամբեցէ՛ք նրանց, որ դատապարտուած են. 23փրկեցէ՛ք նրանց՝ խլելով կրակից։ Իսկ ուրիշներին ողորմեցէ՛ք երկիւղով՝ դատապարտելով նոյնիսկ այն պատմուճանը, որ աղտոտուած է նրանց մարմնից։ 24Արդ, ով կարո՛ղ է պահել ձեզ անարատ ու անբիծ եւ կանգնեցնել ձեզ իր փառքի առաջ անխառն ցնծութեամբ, 25նրան՝ միա՛կ Աստծուն եւ մեր Փրկչին՝ Յիսուս Քրիստոսին՝ մեր Տիրոջը, փա՜ռք, մեծութի՜ւն, զօրութի՜ւն եւ իշխանութի՜ւն բոլոր ժամանակներից առաջ, ե՛ւ այժմ, ե՛ւ բոլոր ժամանակներում։ Ամէն։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ

 44Յիսուս աղաղակում էր ու ասում. «Ով ինձ է հաւատում, ինձ չէ, որ հաւատում է, այլ նրան, ով ինձ ուղարկեց։ 45Եւ ով ինձ է տեսնում, տեսնում է նրան, ով ինձ ուղարկեց։ 46Ես որպէս լոյս եկայ աշխարհ, որպէսզի ամէն ոք, որ ինձ հաւատում է, խաւարում չմնայ։ 47Եւ եթէ մէկը լսի իմ խօսքերը եւ չպահի դրանք, ես նրան չեմ դատապարտի, քանի որ չեկայ, որ աշխարհը դատապարտեմ, այլ՝ որպէսզի փրկեմ աշխարհը։ 48Ով անարգում է ինձ եւ իմ խօսքերը չի ընդունում, կայ մէկը, որ նրան դատում է. այն խօսքը, որ ես խօսեցի, դա՛ պիտի դատապարտի նրան վերջին օրը, 49որովհետեւ ես ինքս ինձնից չխօսեցի, այլ Հայրը, որ ինձ ուղարկեց, նա՛ ինձ պատուիրեց, թէ ի՛նչ պիտի ասեմ եւ ի՛նչ պիտի խօսեմ։ 50Եւ գիտեմ, որ այն պատուիրանը յաւիտենական կեանք է։ Արդ, ինչ որ ես եմ խօսում, այնպէս եմ խօսում, ինչպէս Հայրն ինձ ասաց»։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ

 22 Յիսուս դարձեալ պատասխանեց եւ առակներով ասաց նրանց. 2«Երկընքի արքայութիւնը նմանուեց մի թագաւորի, որ իր որդու համար հարսանիք արեց։ 3Եւ ուղարկեց իր ծառաներին՝ հրաւիրուածներին հարսանիքի կանչելու. ու նրանք չուզեցին գալ։ 4Դարձեալ ուրիշ ծառաներ ուղարկեց՝ ասելով. «Հրաւիրուածներին ասացէ՛ք՝ ահա իմ ճաշկերոյթը պատրաստեցի. իմ զուարակները եւ իմ պարարտ անասունները մորթուած են, ու ամէն ինչ պատրաստ է, եկէ՛ք հարսանիքի»։ 5Սակայն նրանք, բանի տեղ չդնելով, գնացին՝ մէկն իր ագարակը, մէկն իր առեւտրին. 6ուրիշներ էլ բռնեցին նրա ծառաներին, անպատուեցին ու սպանեցին։ 7Իսկ թագաւորը երբ լսեց, բարկացաւ եւ իր զօրքն ուղարկեց ու բնաջնջեց սպանողներին եւ այրեց նրանց քաղաքը։ 8Ապա իր ծառաներին ասաց. «Հարսանիքը պատրաստ է, բայց հրաւիրուածները արժանի չէին։ 9Արդ, գնացէ՛ք հրապարակները եւ ում որ գտնէք, կանչեցէ՛ք հարսանիքի»։ 10Եւ ծառաները ճանապարհների վրայ ելնելով՝ հաւաքեցին բոլոր նրանց, ում գտան՝ ե՛ւ չարերին, ե՛ւ բարիներին. եւ հարսանիքը լցուեց հրաւիրուածներով։ 11Եւ երբ թագաւորը ներս մտաւ հրաւիրուածներին նայելու, այնտեղ տեսաւ մի մարդու, որ հարսանիքի զգեստ չէր հագել, ու նրան ասաց. 12«Ընկե՛ր, որ հարսանիքի զգեստ չունէիր, ինչպէ՞ս այստեղ մտար»։ Եւ նա պապանձուեց։ 13Այն ժամանակ թագաւորը ծառաներին ասաց. «Կապեցէ՛ք դրա ոտքերն ու ձեռքերը եւ դո՛ւրս հանեցէք դրան, արտաքին խաւարը. այնտեղ կը լինի լաց եւ ատամների կրճտում. 14որովհետեւ կանչուածները բազում են, իսկ ընտրեալները՝ սակաւ»։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ

 18Նրա մօտ եկան սադուկեցիները, որոնք ասում են, թէ՝ յարութիւն չկայ. հարց էին տալիս եւ ասում. 19«Վարդապե՛տ, Մովսէսը մեզ համար գրել է. «Եթէ մէկի եղբայրը մեռնի եւ կին թողնի, բայց որդի չթողնի, թող նրա եղբայրը առնի նրա կնոջը եւ իր եղբօր համար զաւակ հասցնի»։ 20Արդ, մեզ մօտ եօթը եղբայրներ կային. առաջինը կին առաւ եւ մեռաւ ու զաւակ չթողեց. 21եւ երկրորդը նոյն կնոջն առաւ ու մեռաւ. եւ նա էլ զաւակ չթողեց։ Նոյն ձեւով նաեւ երրորդը առաւ նոյն կնոջը։ 22Եւ եօթն էլ զաւակ չթողեցին. ամենքից յետոյ մեռաւ նաեւ կինը։ 23Արդ, յարութեան ժամանակ, երբ յարութիւն առնեն, նրանցից ո՞ւմ կինը կը լինի. քանի որ եօթն էլ նրան կին առան»։ 24Յիսուս պատասխան տուեց եւ ասաց նրանց. «Հէնց դրա համար չէ՞, որ մոլորուած էք. քանի որ չգիտէք Գրքերը եւ ոչ էլ՝ Աստծու զօրութիւնը. 25որովհետեւ, երբ մեռելներից յարութիւն առնեն, ո՛չ տղամարդիկ կին կ՚առնեն եւ ո՛չ էլ կանայք մարդու կը գնան, այլ կը լինեն հրեշտակների նման, որ երկնքում են։ 26Իսկ գալով մեռելներին, թէ յարութիւն են առնում, դուք չէ՞ք կարդացել Մովսէսի գրքում, մորենու դրուագում, թէ ինչպէս Աստուած ասաց նրան. «Ե՛ս եմ, – ասում է, – Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը եւ Յակոբի Աստուածը»։ 27Իսկ Աստուած մեռելների Աստուածը չէ, այլ՝ ողջերի. ուստի, դուք խիստ մոլորուած էք»։ 28Օրէնսգէտներից մէկը, մօտենալով, լսում էր նրանց, մինչ վիճում էին. երբ նա տեսաւ, թէ Յիսուս նրանց պատասխանը լաւ տուեց, հարցրեց նրան եւ ասաց. «Ո՞ր պատուիրանն է առաջինը»։ 29Եւ Յիսուս ասաց նրան. «Ամենից առաջինն է՝ «Լսի՛ր, Իսրայէ՛լ, մեր Տէր Աստուածը միակ Տէրն է. 30եւ դու պիտի սիրես քո Տէր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով եւ քո ամբողջ զօրութեամբ». սա՛ է առաջին պատուիրանը։ 31Եւ երկրորդը նման է սրան. «Դու պիտի սիրես քո ընկերոջը քո անձի պէս». չկայ ուրիշ պատուիրան աւելի մեծ, քան սրանք»։ 32Եւ օրէնսգէտը նրան ասաց. «Լաւ է, Վարդապե՛տ, ճշմարտութեամբ ասացիր, թէ Աստուած մէկ է, եւ բացի նրանից, ուրիշ Աստուած չկայ. 33եւ նրան ամբողջ սրտով, ամբողջ զօրութեամբ, ամբողջ մտքով սիրելը, ինչպէս եւ ընկերոջն իր անձի պէս սիրելը առաւել է, քան ողջակէզները եւ զոհերը»։ 34Եւ Յիսուս տեսնելով, թէ նա իմաստութեամբ պատասխան տուեց, նրան ասաց. «Հեռու չես Աստծու արքայութիւնից»։ Եւ այլեւս ոչ ոք չէր համարձակւում նրան բան հարցնել։