Մայիսի 15 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց

Astvacashunch yntercumner11 880x660 - Մայիսի 15 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 20.9‐19։ ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 24.17‐25.12։ Գ Յովհաննէս 1.1‐15։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 12.27‐43։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 21.33‐46։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 11.27‐12.17։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ

9Եւ սկսեց ժողովրդին ասել այս առակը. «Մի մարդ այգի տնկեց եւ այն յանձնեց մշակներին, իսկ ինքը երկար ժամանակով ճանապարհորդութեան գնաց։ 10Եւ յարմար ժամանակին մշակների մօտ մի ծառայ ուղարկեց, որպէսզի այգու պտղից իր բաժինը տան նրան. իսկ մշակները ծեծեցին նրան ու ձեռնունայն արձակեցին։ 11Տէրը դարձեալ մէկ ուրիշ ծառայ եւս ուղարկեց. նրանք սրան եւս ծեծեցին, անարգեցին եւ ձեռնունայն ճամբու դրին։ 12Ապա ուղարկեց նաեւ մի երրորդի. նրանք սրան էլ վիրաւորեցին եւ այգուց դուրս հանեցին։ 13Այգու տէրն ասաց. «Ի՞նչ անեմ. ուղարկեմ իմ սիրելի որդուն, թերեւս նրանից կը պատկառեն»։ 14Երբ մշակները նրան տեսան, իրար հետ խորհուրդ արին եւ ասացին. «Սա՛ է ժառանգը, սպանենք սրան, որպէսզի ժառանգութիւնը մերը լինի»։ 15Եւ նրան այգուց դուրս հանեցին ու սպանեցին։ Արդ, այգու տէրը նրանց ի՞նչ կ՚անի։ 16Չէ՞ որ կը գայ ու կորստեան կը մատնի այդ մշակներին եւ այգին ուրիշներին կը տայ»։ 17Երբ այս լսեցին, ասացին. «Քա՛ւ լիցի»։ Եւ Յիսուս նրանց նայելով՝ ասաց. «Իսկ ի՞նչ է այն, որ գրուած է, թէ՝ «Այն վէմը, որ անարգեցին շինողները, նա՛ է, որ անկիւնաքար եղաւ»։ 18Ով որ այս վէմին բախուի, կը խորտակուի, եւ ում վրայ որ այն ընկնի, կը ճզմի նրան»։ 19Եւ օրէնսգէտներն ու քահանայապետները նոյն պահին ուզում էին նրա վրայ ձեռք դնել, բայց ժողովրդից վախեցան, որովհետեւ հասկացան, թէ այն առակը իրենց մասին ասաց։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ

17Բազում տարիներից յետոյ եկայ օգնութիւն անելու իմ ազգին եւ զոհեր մատուցեցի, 18որոնցով սրբուած էի, երբ ինձ գտան տաճարում, որտեղ ո՛չ բազմութեան հետ էի եւ ո՛չ էլ խռովարար ամբոխի։ 19Այդ ասիացի հրեաներից ոմանք իրե՛նք պէտք է գային քո առաջ եւ ամբաստանէին ինձ, եթէ իմ դէմ մի բան ունենային. 20եւ կամ հէնց սրանք թող ասեն, թէ ի՛նչ անիրաւութիւն են գտել իմ մէջ, մինչ ատեանի առաջ էի կանգնած, 21բացի միայն գուցէ իմ այն խօսքից, որ ասացի բարձրաձայն, երբ նրանց մէջ կանգնել էի. «Մեռելների յարութեան համար է, որ ես այսօր ձեզնից դատւում եմ»։ 22Ֆելիքսը նրանց գործը յետաձգեց, քանի որ աւելի ստոյգ գիտէր այդ ճանապարհի մասին, եւ ասաց. «Մինչեւ Լիւսիաս հազարապետը այստեղ իջնի, ձեր գործը կը յետաձգեմ»։ 23Եւ հարիւրապետին հրամայեց նրան պահել, բայց որոշ չափով ազատ. եւ նրա իւրայիններից ոչ ոքի չարգելել, որ նրան ծառայեն։ 24Մի քանի օր յետոյ Ֆելիքսը եկաւ իր կնոջ՝ Դրուսիղայի հետ, որը հրեայ էր. կանչեց Պօղոսին եւ նրանից լսեց ի Յիսուս Քրիստոս եղած հաւատի մասին։ 25Եւ մինչ Պօղոսը խօսում էր արդարութեան, ժուժկալութեան եւ գալիք դատաստանի մասին, Ֆելիքսը, զարհուրած, ասաց. «Դու առայժմ գնա՛. երբ ժամանակ ունենամ, քեզ կը կանչեմ»։ 26Միաժամանակ ակնկալում էր, որ Պօղոսից իրեն դրամ կը տրուի. դրա համար յաճախ կանչելով նրան՝ խօսում էր նրա հետ։ 27Երկու տարին լրանալուց յետոյ Ֆելիքսի փոխարէն Փեստոս Պորկիոսը եկաւ։ Ֆելիքսը, կամենալով հրեաներին շնորհ անել, Պօղոսին կալանքի տակ թողեց։
25 Երբ Փեստոսը իշխանութեան գլուխ անցաւ, երեք օր յետոյ Կեսարիայից Երուսաղէմ բարձրացաւ։ 2Քահանայապետներն ու հրեաների գլխաւորները նրան զեկոյց տուին Պօղոսի մասին եւ, 3նրանից շնորհ խնդրելով, աղաչում էին, որ նրան Երուսաղէմ կանչի, մինչ իրենք ծուղակ էին պատրաստել՝ ճանապարհին նրան սպանելու համար։ 4Իսկ Փեստոսը պատասխանեց, թէ նա Կեսարիայում կը պահուի, եւ թէ ինքն էլ շուտով այնտեղ է գնալու. ապա ասաց. 5«Ձեզնից ովքեր կը կարողանան, ինձ հետ թող իջնեն, եւ եթէ այդ մարդու վրայ որեւէ յանցանք կայ, նրան թող ամբաստանեն»։ 6Եւ ոչ աւելի քան ութ կամ տասը օր այդտեղ մնալուց յետոյ եկաւ իջաւ Կեսարիա. եւ յաջորդ օրը, ատեան նստելով, հրամայեց, որ Պօղոսին բերեն։ 7Երբ նա եկաւ, նրա շուրջը բոլորուեցին Երուսաղէմից իջած հրեաները. եւ նրա վրայ բարդում էին բազում եւ ծանր յանցանքներ, որ չէին կարողանում ապացուցել, 8քանի որ Պօղոսը պատասխանում էր. «Ոչնչով յանցաւոր չեմ ո՛չ հրեաների օրէնքի, ո՛չ տաճարի, ո՛չ էլ կայսեր դէմ»։ 9Բայց Փեստոսը, կամենալով հրեաներին շնորհ անել, Պօղոսին ասաց. «Ուզո՞ւմ ես Երուսաղէմ բարձրանալ եւ այդ խնդիրների համար այդտեղ դատուել իմ առաջ»։ 10Պօղոսն ասաց. «Կանգնած եմ կայսեր ատեանի առաջ, ուր եւ պէտք է դատուեմ։ Հրեաներին ոչ մի անիրաւութիւն չեմ արել, ինչպէս ինքդ էլ քաջ գիտես. 11ուրեմն եթէ յանցաւոր եմ եւ մահուան արժանի գործ եմ արել, մեռնելուց չեմ վախենայ։ Իսկ եթէ ոչինչ չկայ այն մեղադրանքների մէջ, որոնցով սրանք ինձ ամբաստանում են, ոչ ոք չի կարող ինձ որպէս շնորհ յանձնել դրանց։ 12Կայսրի՛ն եմ բողոքում»։

Գ Յովհաննէս

1 Երէցիցս՝ սիրելի Գայիոսին, որին ես սիրում եմ ճշմարտութեամբ։ 2Սիրելի՛ս, աղօթում եմ քո բոլոր գործերի յաջողութեան եւ քո առողջութեան համար. այնպէս, ինչպէս որ քո հոգին էլ յաջողութեան մէջ է։ 3Շատ ուրախացայ, երբ եղբայրները եկան եւ վկայեցին քո ճշմարտութեան մասին, այն, թէ ինչպէ՛ս ես դու ընթանում ճշմարտութեամբ։ 4Չունեմ աւելի մեծ ուրախութիւն, քան այն, երբ լսում եմ, թէ իմ որդիները ճշմարտութեամբ են ընթանում։ 5Սիրելի՛ս, հաւատարմութեամբ ես գործում. ինչ որ անում ես եղբայրների համար, նոյնը արա՛ նաեւ օտարների համար, 6որոնք վկայեցին քո սիրոյ մասին եկեղեցու առաջ։ Նրանց Աստծուն հաճելի ճանապարհի վրայ դնելով՝ բարի գործ արած կը լինես, 7քանի որ նրանք Քրիստոսի՛ անուան համար ճանապարհ ելան եւ ոչ մի օգնութիւն չստացան հեթանոսներից։ 8Ուրեմն՝ մենք պարտաւոր ենք ընդունել այդպիսիներին, որպէսզի գործակից լինենք ճշմարտութեանը։ 9Եկեղեցուն գրել եմ. բայց Դիոտրեփէսը, որ իրեն միւսներից առաջ է գցում, չի ընդունում մեզ։ 10Դրա համար, եթէ գամ, պիտի յիշեցնեմ այն գործերը, որ նա արել է։ Չար խօսքերով, շատախօսելով տանջում է մեզ։ Եւ այսքանով չգոհանալով՝ ոչ միայն ինքը չի ընդունում եղբայրներին, այլեւ արգելք է հանդիսանում նրանց, ովքեր ընդունում են. եւ այդպիսիներին եկեղեցուց դուրս էլ է հանում։ 11Սիրելի՛ս, մի՛ նմանուիր չարին, այլ՝ բարուն. ով բարին է գործում, Աստծուց է. եւ ով չարիք է գործում, նա երբեք Աստծուն չի տեսել։ 12Դեմետրիոսի մասին վկայում են բոլորը, եկեղեցին եւ ինքը՝ ճշմարտութիւնը. վկայում ենք նաեւ մենք. եւ դու գիտես, որ մեր վկայութիւնը ճշմարիտ է։ 13Շատ բան ունէի քեզ գրելու, բայց չեմ ուզում գրել թղթով եւ թանաքով, 14քանի որ յոյս ունեմ շուտով տեսնել քեզ եւ դէմառդէմ խօսել։ 15Խաղաղութի՜ւն քեզ։ Քեզ ողջունում են սիրելիները։ Ողջունի՛ր մեր սիրելիներին, իւրաքանչիւրին՝ առանձին-առանձին։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ

27Բայց այժմ հոգիս խռովուած է. եւ ի՞նչ ասեմ. Հա՛յր, փրկի՛ր ինձ այս ժամից։ Բայց ես հէնց այս բանի համար եմ եկել այս ժամին։ 28Հա՛յր, փառաւորի՛ր քո անունը»։ Երկնքից մի ձայն եկաւ. «Ե՛ւ փառաւորեցի, եւ դարձեա՛լ պիտի փառաւորեմ»։ 29Եւ ժողովուրդը, որ կանգնած էր ու լսում էր, ասում էր, թէ՝ որոտմունք է լինում։ Ոմանք էլ ասացին. «Նրա հետ մի հրեշտակ խօսեց»։ 30Յիսուս պատասխանեց ու ասաց. «Այս ձայնը ինձ համար չէ, որ եկաւ, այլ՝ ձեզ համար։ 31Հիմա՛ է այս աշխարհի դատաստանը, հիմա՛ է, որ այս աշխարհի իշխանը դուրս կը նետուի։ 32Եւ երբ ես բարձրանամ երկրից, ամենքին դէպի ինձ կը ձգեմ»։ 33Այս ասում էր նշելու համար, թէ ի՛նչ մահով էր մեռնելու։ 34Ժողովուրդը նրան պատասխանեց. «Օրէնքից մենք լսել ենք, թէ Քրիստոս յաւիտեան կը մնայ, իսկ դու ինչպէ՞ս ես ասում, թէ մարդու Որդին պէտք է բարձրանայ. ո՞վ է այդ մարդու Որդին»։ 35Յիսուս նրանց ասաց. «Մի փոքր ժամանակ եւս լոյսը ձեզ հետ է. քայլեցէ՛ք, քանի դեռ լոյսն ունէք, որպէսզի խաւարը ձեզ չկլանի, քանի որ, ով քայլում է խաւարի մէջ, չի իմանում, թէ ուր է գնում։ 36Քանի դեռ լոյսը ձեզ հետ ունէք, հաւատացէ՛ք լոյսին, որպէսզի լոյսի որդիներ լինէք»։ Յիսուս այս խօսեց եւ գնաց նրանցից թաքնուեց։ 37Թէպէտ եւ նա այնքան նշաններ էր արել նրանց առաջ, նրանք չէին հաւատում նրան, 38որպէսզի կատարուէր Եսայի մարգարէի խօսքը, որ ասաց. «Տէ՛ր, ո՞վ հաւատաց մեր տուած լուրին, եւ Տիրոջ բազուկը ո՞ւմ յայտնուեց»։ 39Չէին կարողանում հաւատալ եւ այն բանի համար, որ Եսային վերստին ասում է. 40«Նրանց աչքերը կուրացրեց եւ նրանց սրտերը կարծրացրեց, որպէսզի աչքերով չտեսնեն ու սրտերով չիմանան եւ դարձի չգան, ու ես նրանց չբժշկեմ»։ 41Եսային այս ասաց, որովհետեւ տեսաւ նրա փառքը եւ խօսեց նրա մասին։ 42Բայց մինչեւ անգամ հրեայ իշխանաւորներից շատեր հաւատացին նրան, բայց փարիսեցիների պատճառով չէին յայտնում, որպէսզի ժողովարանից դուրս չհանուեն. 43քանի որ մարդկանցից տրուած փառքը աւելի սիրեցին, քան Աստծուց տրուած փառքը։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ

33«Լսեցէ՛ք մի այլ առակ. մի տանուտէր կար, որ այգի տնկեց եւ այն ցանկապատեց ու նրա մէջ հնձան փորեց եւ աշտարակ շինեց. ապա այն վարձու տուեց մշակներին եւ գնաց հեռու երկիր։ 34Երբ պտղի ժամանակը մօտեցաւ, իր ծառաներին ուղարկեց այն մշակների մօտ, որպէսզի բերքից իր բաժինը առնեն։ 35Իսկ մշակները նրա ծառաներին բռնելով՝ մէկին տանջեցին, մէկին սպանեցին, մէկին քարկոծեցին։ 36Դարձեալ ուրիշ ծառաներ ուղարկեց՝ թուով աւելի, քան առաջինները։ Եւ սրանց էլ նոյնն արեցին։ 37Յետոյ նրանց մօտ ուղարկեց իր որդուն ու ասաց՝ թերեւս իմ այս որդուց ամաչեն։ 38Իսկ մշակները, երբ տեսան որդուն, իրենց մտքում ասացին՝ սա է ժառանգը, եկէք սպանենք սրան եւ սրա ժառանգութիւնը մենք սեփականացնենք։ 39Եւ նրան բռնեցին հանեցին այգուց դուրս եւ սպանեցին։ 40Արդ, երբ այգու տէրը գայ, այդ մշակներին ի՞նչ կ՚անի»։ 41Նրանք ասացին նրան. «Չարերին չարաչար կ՚ոչնչացնի եւ այգին կը տայ այլ մշակների, որոնք նրան կը տան պտուղներն իրենց ժամանակին»։ 42Յիսուս նրանց ասաց. «Սուրբ Գրքերում երբեւիցէ չէ՞ք կարդացել՝ այն վէմը, որ կառուցողները անարգեցին, նա՛ է, որ եղաւ անկիւնաքար. Տիրոջից եղաւ այս, եւ մեր աչքին սքանչելի է։ 43Դրա համար ասում եմ ձեզ, որ ձեզնից կը վերցուի Աստծու արքայութիւնը եւ կը տրուի այն ազգին, որ պտղաբեր կը դարձնի այն։ 44Եւ ով այս վէմի վրայ ընկնի, կը փշրուի, եւ ում վրայ այն ընկնի, նրան կը ճզմի»։ 45Երբ քահանայապետները եւ օրէնսգէտներ ու փարիսեցիներ նրա առակները լսեցին, իմացան, որ իրենց համար ասաց։ 46Եւ ուզում էին նրան բռնել, բայց վախեցան ժողովրդից, քանի որ իբրեւ մարգարէ էին ընդունում նրան։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ

27ու ասացին նրան. «Ի՞նչ իշխանութեամբ ես դու այդ անում, եւ ո՞վ տուեց քեզ այդ իշխանութիւնը»։ 28Յիսուս պատասխան տուեց եւ ասաց նրանց. «Ես էլ ձե՛զ մի բան հարցնեմ, պատասխանեցէ՛ք ինձ, եւ ես ձեզ կ՚ասեմ, թէ ինչ իշխանութեամբ եմ այս անում։ 29Յովհաննէսի մկրտութիւնը երկնքի՞ց էր, թէ՞՝ մարդկանցից. պատասխանեցէ՛ք ինձ»։ 30Նրանք իրար միջեւ խորհում էին ու ասում. «Եթէ ասենք՝ երկնքից, մեզ կ՚ասի՝ իսկ ինչո՞ւ նրան չհաւատացիք. 31իսկ եթէ ասենք՝ մարդկանցից, ժողովրդից ենք վախենում». որովհետեւ բոլորը գիտէին, թէ Յովհաննէսը մարգարէ էր։ 32Պատասխան տուեցին եւ Յիսուսին ասացին՝ չգիտենք. եւ Յիսուս նրանց պատասխանեց ու ասաց. «Ես էլ ձե՛զ չեմ ասի, թէ ինչ իշխանութեամբ եմ այս անում»։
12 Եւ սկսեց նրանց հետ առակներով խօսել եւ ասել. «Մի մարդ այգի տնկեց եւ նրա շուրջը ցանկապատ քաշեց, հնձանի փոս փորեց եւ աշտարակ շինեց. ու այն յանձնեց մշակներին եւ գնաց ուրիշ երկիր։ 2Երբ ժամանակը հասաւ, մշակների մօտ մի ծառայ ուղարկեց, որ այդ մշակներից վերցնի այգու պտղից։ 3Եւ մշակները նրան բռնելով՝ ծեծեցին ու ձեռնունայն արձակեցին։ 4Դարձեալ նա մի ուրիշ ծառայ ուղարկեց, եւ նրա էլ գլխին հարուածեցին եւ անարգելով արձակեցին։ 5Եւ վերստին մէկ ուրիշին ուղարկեց. սրան էլ՝ սպանեցին. եւ ուրիշ շատերին ուղարկեց. ոմանց ծեծում էին, ոմանց՝ սպանում։ 6Դեռեւս նա մի սիրելի որդի ունէր. վերջում նրան ուղարկեց նրանց մօտ՝ ասելով. «Թերեւս իմ այս որդուց ամաչեն»։ 7Իսկ մշակները երբ տեսան, որ նա գալիս է, իրար ասացին. «Ժառանգը սա է, եկէք սպանենք սրան, եւ ժառանգութիւնը մերը թող լինի»։ 8Եւ բռնելով նրան՝ սպանեցին ու հանեցին գցեցին այգուց դուրս։ 9Արդ, այգու տէրը ի՞նչ կ՚անի. կը գայ եւ կը սպանի մշակներին ու այգին ուրիշների ձեռքը կը յանձնի։ 10Դուք չէ՞ք կարդացել Գրքի այն խօսքը, թէ՝ «Այն քարը, որ կառուցողները անարգեցին, նա՛ եղաւ անկիւնաքար»։ 11Տիրոջ կողմից եղաւ այս, եւ մեր աչքին սքանչելի է»։ 12Եւ նրանք միջոց էին փնտռում՝ նրան ձերբակալելու, բայց ժողովրդից վախեցան, որովհետեւ հասկացան, թէ նա առակը իրենց մասին ասաց։ Եւ թողեցին նրան ու գնացին։ 13Եւ նրա մօտ ուղարկեցին փարիսեցիներից եւ հերովդէսականներից ոմանց, որպէսզի նրան խօսքով որսան։ 14Եւ նրանք եկան ու նենգութեամբ հարց էին տալիս եւ ասում. «Վարդապե՛տ, գիտենք, որ դու ճշմարտասէր ես եւ չես քաշւում ոչ ոքից, որովհետեւ մարդկանց աչառութիւն չես անում, այլ ճշմարտութեամբ Աստծու ճանապարհն ես ուսուցանում. արդ, ասա՛ մեզ, օրինաւո՞ր է հարկ տալ կայսրին, թէ՞ ոչ. տա՞նք, թէ՞ չտանք»։ 15Յիսուս իմացաւ նրանց կեղծաւորութիւնը եւ ասաց. «Ինչո՞ւ էք ինձ փորձում, կեղծաւորնե՛ր. ինձ մի դահեկա՛ն բերէք, որ տեսնեմ»։ 16Եւ նրանք բերեցին։ Եւ նրանց ասաց. «Ո՞ւմն է այս պատկերը կամ գիրը»։ Եւ նրանք ասացին նրան՝ կայսրինը։ 17Յիսուս պատասխան տուեց եւ ասաց նրանց. «Գնացէ՛ք, տուէ՛ք կայսրինը՝ կայսեր եւ Աստծունը՝ Աստծուն»։ Եւ զարմացան նրա վրայ։