Մարտի 6 Գշ. ԴՁ. ԻԳ օր Մեծի Պահոց

Astvacashunch1 - Մարտի  6 Գշ. ԴՁ. ԻԳ օր Մեծի Պահոց

Հոբ 38.2‐39.35։

Հոբ

2«Այդ ո՞վ է, որ իր խորհուրդները թաքցնում է ինձնից, խօսքերը հաւաքելով իր սրտում՝ կարծում է, թէ ինձնից պահում է դրանք։ 3Տղամարդու պէս պնդացրո՛ւ մէջքդ. հարցեր եմ տալու քեզ, ու պատասխա՛ն տուր ինձ։ 4Որտե՞ղ էիր դու, երբ ես երկրի հիմքերն էի գցում։ Ասա՛ ինձ, եթէ խելամիտ ես ու իմաստուն։ 5Ո՞վ է սահմանել դրա չափը, եթէ գիտես, կամ ո՞վ է լար գցել դրա վրայ։ 6Ինչի՞ վրայ է հաստատուել օղակը դրա, ո՞վ է դրել անկիւնաքարը դրա։ 7Երբ աստղերը ցիրուցան եղան, աստղերի բոլոր հրեշտակները մեծաձայն օրհնեցին ինձ, իմ բոլոր հրեշտակներն էլ գովեցին։ 8Ծովը փակեցի դարպասներով, երբ այն իր մօր որովայնից ծնուեց դուրս եկաւ։ 9Մէգը նրան իբրեւ հանդերձ սահմանեցի, մառախուղը՝ իբրեւ խանձարուր։ 10Սահմաններ դրեցի նրա համար՝ փականքներ ու դարպասներ, եւ ասացի. 11«Կը գաս մինչեւ այդ վայրն ու այլեւս առաջ չես անցնի». այդտեղ, քո մէջ կը խորտակուեն ալիքները քո։ 12Թէ քո՞ կողքին կարգեցի լոյսն առաւօտեան։ 13Արուսեակը տեսաւ իր համար սահմանուածը՝ հասնել երկրի թեւերի վրայ, թափ տալ ամբարիշտներին դրա վրայից։ 14Կամ թէ դո՞ւ ես, որ կաւն առնելով ստեղծեցիր կենդանի արարածին եւ, խօսուն, զետեղեցիր երկրի վրայ։ 15Մերժեցի՞ր լոյսն ամբարիշտներին, խորտակեցի՞ր բազուկներն ամբարտաւանների։ 16Հասա՞ր ծովի ակունքին, շրջեցի՞ր խորքերն անդունդների։ 17Քո առաջ ահով բացուելո՞ւ են դռները մահուան. դժոխքի դռնապանները սարսելո՞ւ են քեզ տեսնելով։ 18Վերահասու լինելո՞ւ ես երկնքի ներքոյ եղած տարածութեան. ասա՛ ինձ տեսնեմ՝ որքա՞ն է այն։ 19Ո՞րն է այն երկիրը, ուր լոյսն է օթեւանում, կամ ո՞րն է տեղը խաւարի։ 20Տանելո՞ւ ես ինձ նրա սահմաններին, եթէ գիտես ճանապարհները դրանց։ 21Գուցէ գիտե՞ս կամ ա՞յն ժամանակներում ես ծնուել. քո օրերը բազո՞ւմ են։ 22Գնացե՞լ ես շտեմարանները ձեան, կամ տեսե՞լ ես պահեստները կարկտի։ 23Կուտակե՞լ ես դրանցից՝ քո թշնամիների վրայ հասնելու, մարտի ու պատերազմի օրուայ համար։ 24Որտեղի՞ց է դուրս գալու եղեամը, կամ տարածուելու է հարաւային հողմը երկնքի ներքոյ։ 25Ո՞վ է պատրաստել սաստիկ անձրեւների հոսանքները 26եւ ճանապարհներն ամպրոպների,որ տեղան երկրի վրայ, 27ուր անմարդաբնակ անապատում ոչ ոք չկայ, որ յագեցնի անկոխ ու անշէն հողը, այնտեղ բխեցնի բոյսը դալար։ 28Ո՞վ է հայրն անձրեւի, եւ ո՞վ է, որ ծնունդ է տուել ցօղի շաղերին։ 29Ո՞ւմ արգանդից է դուրս գալիս սառոյցը, 30եւ ո՞վ է երկնքում եղեամ ծնել, որ ջրի պէս հոսելով իջնում է. ո՞վ է հալեցնում երկնքի երեսը։ 31Վերահասու եղե՞լ ես Բազմաստեղեանի կարգին, բացե՞լ ես քօղը Հայկ համաստեղութեան։ 32Կամ Մազարոթը կարո՞ղ ես բացել իր ժամանակին, Գիշերավարն իր շառաւիղներով հանդերձ կարո՞ղ ես տանել նրանց հետ։ 33Կ՚իմանա՞ս երկնքի բարեշրջութիւնները կամ առհասարակ երկնքի ներքոյ տեղի ունեցածները։ 34Ձայնովդ կը կանչե՞ս մէգը. նա էլ, սարսուռով համակուած, ջրի յորդութեամբ կը լսի՞ քեզ։ 35Շանթեր կ՚արձակե՞ս, ու կը սլանա՞ն դրանք. եւ կ՚ասե՞ն քեզ՝ թէ ինչ է սա։