Մարտի 21 Եշ. ԱԿ. ԺԸ օր Մեծի Պահոց

Astvacashunch1 - Մարտի 21 Եշ. ԱԿ. ԺԸ օր Մեծի Պահոց

Եսայի 45.16‐25։ Եփեսացիներ 3.14‐4.13։

Եսայի

16Պիտի ամաչեն, ամօթահար պիտի լինեն նրա բոլոր հակառակորդները, ամօթով պիտի հեռանան։ 17Նորոգուեցէ՛ք իմ առաջ, ո՛վ կղզիներ, քանզի Իսրայէլը փրկուեց յաւիտենական փրկութեամբ։ Դուք չէք ամաչելու, այլեւս ամօթահար չէք լինելու մինչեւ յաւիտենութիւն։ 18Արդարեւ, այսպէս է ասում Տէրը, որ ստեղծեց երկինքը, Աստուած, որ արարեց ու հաստատեց երկիրը, նա, որ կարգաւորեց այն. զուր տեղը չստեղծեց այն, այլ ստեղծեց բնակութեան համար. «Ես եմ Տէրը, ուրիշը չկայ։ 19Ո՛չ գաղտնի խօսեցի եւ ո՛չ էլ երկրի մութ տեղում. Յակոբի սերնդին չասացի, թէ՝ սնոտի բաներ էք փնտռում։ Ես եմ, ես եմ Տէրը, որ խօսում եմ արդարութիւնը եւ յայտնում ճշմարտութիւնը»։ 20«Հաւաքուեցէ՛ք եւ եկէք միասին խորհեցէ՛ք, ո՛վ դուք հեթանոսներից փրկուածներ։ Ովքեր վերցրել, բերում էին փայտէ կուռքը եւ աղօթում էին աստուածներին, չգիտակցեցին, որ նրանք չէին կարող փրկել իրենց։ 21Երբ նրանց յայտնեն, թող մօտ գան, որպէսզի միասին իմանան, թէ այդ ամենի մասին սկզբից ո՛վ լուր տուեց.եւ այժմ էլ ասւում է ձեզ. « Ես եմ Աստուածը, ինձնից բացի ուրիշը չկայ, արդար ու փրկող Աստուածը, ինձնից բացի մէկ ուրիշը չկայ»։ 22Դարձէ՛ք ինձ մօտ, եւ կը փրկուէք, դուք, որ եկել էք երկրի չորս ծագերից։ Ես եմ Աստուածը, ուրիշը չկայ։ 23Անձովս եմ երդւում, որ ինչ էլ դուրս գայ իմ բերանից՝ արդարութիւն է, եւ իմ խօսքերը չեն եղծուելու։ Ամէն ծունկ ինձ է խոնարհուելու, ամէն լեզու Աստծուն է խոստովանելու 24եւ ասելու, թէ արդարութիւնն ու փառքը նրա միջոցով են գալու։ Եւ բոլոր նրանք, ովքեր իրենց անձը բաժանելու են Աստծուց, ամօթով են մնալու։ 25Աստուծով պիտի արդարանայ եւ փառաւորուի իսրայէլացիների ամէն մի սերունդ»։

Եփեսացիներ

14Ահա թէ ինչու ծնկի եմ գալիս մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հօր առաջ, 15որից իր անունն է ստանում ամէն ազգատոհմ երկնքում եւ երկրի վրայ, 16որպէսզի դուք, ըստ իր փառքի մեծութեան, իր Հոգու միջոցով զօրութեամբ ամրանաք ներքնապէս. 17այնպէս որ, ձեր հաւատի միջոցով, Քրիստոս բնակուի ձեր սրտերում, եւ դուք սիրոյ մէջ արմատաւորուած ու հաստատուած լինէք. 18եւ կարողանաք հասկանալ բոլոր սրբերի հետ, թէ ի՛նչ է լայնութիւնը, երկարութիւնը, բարձրութիւնը եւ խորութիւնը, 19այսինքն՝ ճանաչէք Քրիստոսի սէրը, որ գերազանց է, քան ամէն գիտութիւն, որպէսզի լցուէք Աստծու լրիւ ամբողջութեամբ։ 20Ուրեմն, նրան, որ կարո՛ղ է աւելին անել, առաւել առատութեամբ, քան այն ամէնը, ինչ մենք խնդրում ենք եւ մտածում, ըստ այն զօրութեան, որ գործում է մեր մէջ, — 21նրան փա՜ռք եկեղեցում Քրիստոս Յիսուսով, բոլոր ժամանակներում, յաւիտեանս յաւիտենից։ Ամէն։
4 Արդ, աղաչում եմ ձեզ, ես՝ Տիրոջ համար բանտարկուածս, որ ընթանաք այնպէս, ինչպէս վայել է այն կոչմանը, որին կոչուեցիք. 2կատարեալ խոնարհութեամբ, հեզութեամբ եւ համբերութեամբ հանդուրժեցէ՛ք միմեանց սիրով, 3ջանացէ՛ք պահել հոգու միութիւնը խաղաղութեան կապով. 4մէ՛կ մարմին եւ մէ՛կ հոգի, ինչպէս որ մէ՛կ է ձեր յոյսը, որին Աստուած կոչեց մեզ։ 5Մէ՛կ Տէր կայ, մէ՛կ հաւատ, մէ՛կ մկրտութիւն, 6մէ՛կ Աստուած, Հա՛յր բոլորի, որ է բոլորի վրայ, բոլորի հետ եւ մեր բոլորի մէջ։ 7Բայց մեզնից իւրաքանչիւրին տրուած է շնորհ ըստ Քրիստոսի պարգեւած չափի. 8դրա համար էլ ասում է. 9«Ելաւ» -ն ի՞նչ է, եթէ ոչ այն, որ իջաւ նախ երկրի ստորին կողմը։ 10Նա, որ իջաւ, նոյն ինքն է, որ բարձրացաւ երկինքներից աւելի վեր, որպէսզի լցնի ամբողջ տիեզերքը։ 11Նա շնորհ տուեց ոմանց լինելու առաքեալներ, ոմանց՝ մարգարէներ, ոմանց՝ աւետարանիչներ, ոմանց՝ հովիւներ եւ ուսուցիչներ՝ 12հաստատելու համար սրբերին իրենց պաշտօնի կատարման մէջ, ի շինութիւն Քրիստոսի մարմնի, 13մինչեւ որ մենք բոլորս հասնենք հաւատի կատարեալ միութեանն ու Աստծու Որդու ճանաչմանը, կատարեալ մարդու աստիճանին՝ ունենալով ճիշտ Քրիստոսի հասակի չափը։