Մարտի 18 Բշ. ԴՁ. ԺԵ օր Մեծի Պահոց

Astvacashunch1 - Մարտի 18 Բշ. ԴՁ. ԺԵ օր Մեծի Պահոց

Կողոսացիներ 2.8‐3.4։

Կողոսացիներ

8Զգո՛յշ եղէք, չլինի թէ մէկը ձեզ գրաւի ճարտարամտութեամբ եւ սնոտի խաբեբայութեամբ. դրանք մարդկային աւանդութեան եւ բնութեան տարերային ուժերի վրայ են հիմնուած եւ ոչ Յիսուս Քրիստոսի ճշմարիտ վարդապետութեան վրայ. 9քանի որ նրա մէջ է բնակւում Աստուածութեան ամբողջ լիութիւնը մարմնապէս։ 10Դուք էլ էք լցուած նրանով, որ գլուխն է ամէն իշխանութեան եւ պետութեան. 11նրանով դուք անձեռագործ թլփատութեամբ թլփատուեցիք հաւատով՝ մերկանալով մեղանչական մարմնից Քրիստոսի թլփատութեամբ. 12թաղուելով նրա հետ մկրտութեան մէջ՝ դրանով իսկ նրա հետ յարութիւն առաք Աստծու զօրութեանը հաւատալով, որը նրան յարութիւն տուեց մեռելներից։ 13Եւ ձեզ, որ մի ժամանակ մեռել էիք մեղքերի եւ ձեր մարմնի անթլփատութեան մէջ, կենդանացրեց իր հետ։ 14Նա ներեց մեզ մեր բոլոր յանցանքները եւ ոչնչացրեց հրամաններով հաստատուած այն պարտամուրհակը, որ մեր դէմ էր, վերացրեց այն մէջտեղից եւ մեխեց խաչափայտին։ 15Իշխանութիւններին եւ պետութիւններին զինաթափ արեց, հրապարակաւ խայտառակեց՝ նրանց պարտութեան մատնելով Քրիստոսի միջոցով՝ նրա յարութեամբ։ 16Ուրեմն, թող ոչ ոք ձեզ չդատապարտի ուտելու կամ խմելու, տօնական օրերի, նորալուսնի կամ շաբաթի հարցում, 17որոնք գալիք բաների ստուերներն են. բուն մարմինը Քրիստոսն է։ 18Թող ձեզ չխաբի ոչ ոք, որին հաճելի է, խոնարհ ձեւանալով, հրեշտակներին պաշտամունք մատուցելով, դեռ չտեսած բաներին միջամուխ լինելով, անտեղի հպարտանալ մարմնական մտածումներով։ 19Այդպիսին չի կարող կապուած լինել գլխին՝ Քրիստոսին, որից ամբողջ մարմինը, յօդերով եւ յօդակապերով հաղորդակցուած եւ միակցուած, իր աճումն է ստանում այն աճումով, որ Աստծուց է։ 20Եթէ մեռաք Քրիստոսի հետ եւ այս աշխարհի տարերքի իշխանութիւնից դուրս եկաք, էլ ինչո՞ւ աշխարհում ապրող էակների նման հետեւում էք կանոններին՝ ասելով. 21«Մի՛ մօտեցիր, մի՛ ճաշակիր, մի՛ դիպչիր», 22քանի որ այդ բոլորը, գործածուելով, ապականւում են՝ ըստ մարդկանց պատուիրանների եւ վարդապետութեան։ 23Նրանք կարող են իմաստուն ձեւանալ իրենց ինքնակամ կրօնով, խոնարհութեամբ եւ իրենց մարմնի խստակեցութեամբ. բայց այդ բոլորը մարմնական ցանկութիւնները զսպելու համար ոչ մէկ արժէք չեն ներկայացնում։
3 Եթէ յարութիւն առաք Քրիստոսի հետ, ապա փնտռեցէ՛ք վերին բաները, այնտեղ, ուր Քրիստոս նստած է Աստծու աջ կողմը։ 2Վերի՛ն բաների մասին խորհեցէք եւ ո՛չ թէ այն, որ այստեղ՝ երկրի վրայ է, 3քանզի մեռած էք, եւ ձեր կեանքը պահուած է Քրիստոսի հետ՝ Աստծու մօտ։ 4Իսկ երբ Քրիստոս՝ ձեր կեանքը, յայտնուի, այն ժամանակ դուք էլ նրա հետ կը յայտնուէք փառքով։