Մարդու համար հնարավո՞ր է արդյոք միությունն Աստծո հետ

  Մարդու համար հնարավո՞ր է արդյոք միությունն Աստծո հետ: Այո՜, այդպիսի հնարավորություն կա: Եվ այստեղ շաղկապող օղակը կրոնն է: Լատիներեն «ռելիգիա» (կրոն) բառը հենց «կապ» է նշանակում: Եվ այսպես, կրոնը՝ հիմնված Հայտնության մեջ Աստծո հաղորդած գիտելիքների վրա, նրա հետ մարդու կապի հաստատման եղանակ է: Դա, ըստ էության, այն հպումն է, որն անհրաժեշտ է Աստվածային էներգիայի աղբյուրին «միանալու»  համար: Հայտնությունը տեղեկություններ է բովանդակում ոչ միայն Աստծո մասին, այլև գիտելիքներ հենց իր` մարդու, նրան շրջապատող աշխարհի, մարդկային հասարակության, ինչպես նաև Աստծո և մարդու, Աստծո և տիեզերքի փոխհարաբերությունների մասին: Աստվածային Հայտնության վրա հիմնված գիտելիքների հենց այդ համակարգն էլ կազմում է կրոնի աշխարհայացքային հիմքը: Բայց կրոնը միայն գիտելիքներ ու աշխարհայացք չէ: Այն առաջին հերթին ապրելակերպ է` այդ գիտելիքների համապատասխան:

 Եթե մարդն իր կյանքը կառուցում է կրոնական պատկերացումների հիման վրա, ապա նրա բարոյական բնության մեջ շատ խորը փոփոխություն է տեղի ունենում. նա սկսում է յուրացնել Աստծուն բնորոշ հատկանիշներ: Աստվածաշնչում ասված է, որ մարդն ստեղծված է Աստծո պատկերով ու նմանությամբ: Սուրբ հայրերը` Եկեղեցու ուսուցիչները, աստվածաշնչյան այդ ճշմարտությունն. այսպես էին մեկնաբանում. մարդու բնության մեջ դրված են և առկա են այն նույն հատկանիշները, որպիսիք Աստված ունի, այն է` բանականություն, ազատ կամք ու զգացմունքներ: Սակայն այդ հատկանիշների որակներն ու ուժն անհամեմատելի են Աստծո ունեցածի հետ: Աստծուն նմանվել` նշանակում է մարդու մեջ այդ որակները զարգացնել` նրա և Աստծո միջև հեռավորությունը կրճատելու համար: Հայտնության միջոցով ստացված գիտելիքների հիման վրա այդպես զարգացնելով իր բարոյական բնությունը և մարմնավորելով նրա մեջ դրված Աստծո պատկերը` մարդն Աստծո հետ կապ է հաստատում, նրանց միջև կրոնական հաղորդակցություն է առաջանում:

 Որպեսզի ռադիոընդունիչը որսա այս կամ այն ռադիոկայանի հաղորդումը, անհրաժեշտ է այն որոշակի ալիքի վրա դնել, հակառակ դեպքում նույնիսկ ամենակատարյալ տեխնիկան անօգուտ կդառնա: Այդպես է նաև մարդու պարագայում: Որպեսզի նա Աստվածային ավետիսն ընդունելու և Աստվածային էներգիան յուրացնելու ընդունակ լինի, նրա բարոյական զգացումը՝ ասես նման մի ինչոր ներքին «ընդունիչի», պետք է դրված լինի համապատասխան հոգևորբարոյական ալիքի վրա, քանի որ մարդն Աստծո հետ հաղորդակցության մեջ է մտնում միայն այն պայմանով, երբ նրա բարոյական բնությունը համապատասխանում է Աստվածային բնությանը:

 Սակայն մարդիկ բոլոր ժամանակներում փորձել են Աստծո հետ հաղորդակցության մեջ մտնել այդ հոգևորբարոյական ճանապարհը շրջանցելով նաև: Առանց հոգևորբարոյական ջանքերի, առանց ներքին վերափոխության և սեփական բարոյական բնությունը փոխելու՝ վերզգայական աշխարհի հետ կապ հաստատելու այդպիսի փորձը կոչվում է օկուլտիզմ (ոգեհարցություն): Իսկ մարդու հոգևորբարոյական բնությունը փոխելու նպատակի բացակայության դեպքում` հոգևոր աշխարհի հետ կապերի օգտագործումը կոչվում է մոգություն կամ կախարդություն: Եվ ահա թե ի՜նչ է տեղի ունենում այդ դեպքերում. մարդիկ կապ են որոնում հոգևոր աշխարհի հետ, բայց համապատասխան ալիքը չեն ընտրում: Դաշտն է ուրիշ: Բարոյական բնությունն է ուրիշ:

 Օկուլտիզմի, կախարդության և մոգության միջոցով մարդը հաղորդակցության մեջ է մտնում ոչ թե Աստծո` Կյանքի Աղբյուրի ու Բարոյական Կատարելության հետ, այլ ուրիշ, հակադիր հոգևոր սկզբի հետ, որը նույնպես ներկա է վերզգայական աշխարհում և Սուրբ Գրքի լեզվով կոչվում է սատանա: Սատանան անձնավորված չարն է, խավարի կենտրոնակետն ու Աստծո հակապատկերը: Այնպես որ մարդիկ, վերզգայական հոգևոր աշխարհի հետ հաղորդակցության մեջ մտնելով հոգևորբարոյական ինքնակատարելագործման համակարգից դուրս, իրականում սատանայի հետ են կապի մեջ մտնում` դառնալով մութ ուժից ուղղորդված ներգործության նպատակակետ: Վերջին ժամանակներս լայն տարածում է գտել այսպես կոչվող օկուլտ գիտություններով տարվելը: Գրանցվում են կախարդների ընկերություններ, հեռուստատեսությամբ, թերթերում ու ամսագրերում գովազդում են մոգությունը: Երկար ժամանակ կտրված լինելով հավատից, եկեղեցուց ու կրոնական գիտելիքներից` ժամանակակից մարդն ինքն իրեն հեշտությամբ է հանձնում այդ ստապատիր ուսմունքների իշխանությանը, նույնիսկ չենթադրելով, թե իր ու իր հարազատների ու մերձավորների համար ի՜նչ սարսափելի վտանգավոր է օկուլտ կապը վերզգայական աշխարհի հետ:

 Եվ այսպես, մենք գիտենք, որ կրոնը մարդուն հնարավորություն է ընձեռում` Աստծո հետ միավորվելու, նրա Աստվածային էներգիան ընկալելու և դրանով մեր գոյությունը կենագործելու:

 Կան շատ կրոններ: Իսկ այն հարցը, թե ի՞նչ է իսկական կրոնը, հատուկ ու շատ խորը քննություն է պահանջում: Այդ բարդ թեման հանգամանորեն չքննարկելով՝ կարելի է ասել, որ Ուղղափառությունն այնպիսի կրոն է, որ մարդուն միավորում է Աստծո հետ և նրա կյանքի մեջ երևան բերում այդ միավորման բարեպարգև պտուղները: Դրա ապացույցը պատմության երկուհազարամյա փորձն է, պատմություն, որի ընթացքում հայտնվել են հազարավոր սրբեր, ովքեր իրենց կյանքով են մարմնավորել այդ կրոնի կատարելատիպերը և իրենց Արարչի հետ ճշմարիտ միավորմանն են արժանացել:

Կիրիլ Պատրիարք Մոսկվայի և Համայն Ռուսիո «Հովվի խոսքը»