ՄԱՐԴՈՒ ԱՉՔԸ

Achaq e1506687692746 - ՄԱՐԴՈՒ ԱՉՔԸ

 Մի մարդ հետաքրքիր իր է գտնում և չի հասկանում, թե դա ի՞նչ է ու այն ցույց է տալիս իր հարևաններին, ընկերներին, հարազատներին, քաղաքում՝ մարդկանց, սակայն ոչ մեկը չի կարողանում հասկանալ, թե դա ի՞նչ է: Իրը ո’չ ադամանդ է, ո´չ քար, ո´չ ընկույզ: Լուրը հասնում է թագավորին, որը հրամայում է այդ իրը տանել իր մոտ: Գյուղացին տանում է թագավորին, որը ուզում է գնել այդ: Ու հարցնում է նրան, թե ինչքանո՞վ կծախի այդ իրը:

 — Դրա քաշով ինձ ոսկի´ տուր, — ասում է գյուղացին:

 Գնում են գանձարան, որտեղ մեծ հարստություն կար: Գանձապետը վերցնում է ամենափոքր կշեռքը, նժարի մի կողմում դնում է անծանոթ իրը, իսկ մյուսում՝ ոսկին: Ինչքան դնում է, անծանոթ իրը տեղից իսկ չի շարժվում:

 Գանձապետն ավելացնում է ոսկիները, բայց անօգուտ: այդ ժամանակ գանձապետը վերցրեց ամենամեծ կշեռքը ու սկսեց ոսկի լցնել նժարին: Բայց զարմանալի իրը դարձյալ ծանր էր: Սկսեցին ոսկիները տոպրակներով լցնել, բայց իրը միշտ ծանր էր մնում:

 Թագավորը այս տեսնելով բարկանում է և հրամայում պատժել գյուղացուն: Գյուղացին սարսափից դողալով՝ ներում է խնդրում նրանից: Թագավորը խղճում է նրան, զգալով, որ նա ոչ մի բանից տեղյակ չէ և հրամայում է իր երկրի բոլոր գիտակներին, իմաստուններին այս իրը քննելու և բացատրություն տալու, բայց ոչ մեկը չի կարողանում գոհացում տալ նրա այս հարցմանը:

 Թագավորի սուրհանդակները շրջում են աշխարհով մեկ ու գտնում են տարիքով մի ծերունու, որ համաձայնվում է լուծել այս անծանոթ իրի խնդիրը:

 Ալևորը հենց տեսավ իրը, պահանջեց, որ բերեն ամենափոքր կշեռքը և մի բուռ հող: Բերին ծերունու ուզածը: Կշեռքի մի նժարին դրեց իրը, իսկ մյուսին սկսեց հող լցնել: Կշեռքի նժարները շարժվեցին և հավասար կանգնեցին:

 Ապշահար թագավորը հարցրեց.

 -Այդ ի՞նչ է, ո’վ խելոք մարդ:

 -ՍԱ ՄԱՐԴՈՒ ԱՉՔ Է, ԹԱԳԱՎՈ՛Ր,- պատասխանեց ծերունին,- ԴՈՒՔ ԻՆՉՊԵ՞Ս ԷԻՔ ՈՒԶՈՒՄ ՍԱ ԿՇՌԵԼ ՈՍԿՈՎ, ԲԱՑԻ ՀՈՂԻՑ ՍՐԱՆ ՈՉԻՆՉ ՉԻ ԿՇՏԱՑՆԻ»:

 ՄԱՐԴՈՒ ԱՉՔԸ . ՀԵՔԻԱԹ. ՀԵՂԻՆԱԿ՝ ՆԱՐ-ԴՈՍ

Գրառում՝ Տ. Հովսեփ Ա.Քահանա Հակոբյան