Մանուկների անմեղության մասին (բարոյախրատական պատում)

 Երանելի Օգոստինոսը գիրք էր գրում Սուրբ Երրորդության մասին: Աշխատանքից ու հոգևոր գործունեությունից հետո՝ երեկոյան ժամերին, նա ծովեզերքին շրջելու սովորություն ուներ: Քահանաները նրանից հեռու էին մնում, որպեսզի իրենց զրույցներով նրան իմացական տեսությունից չշեղեին: Արդ, այսպես շրջելիս մի անգամ տեսավ մի գեղեցիկ ու վայելուչ մանուկ` ծովեզերքին նստած, որ մի փոքր փոս փորելով, ինչպես մանուկների սովորությունն է խաղալով անել, և արծաթի գդալով ծովից ջուրն առնելով` այն փոսի մեջ էր լցնում: Օգոստինոսը, այս տեսնելով և նրան մոտենալով,

հարցրեց.

– Ի՞նչ ես անում: Եվ նա պատասխանեց.

– Այս բովանդակ ծովը կամենում եմ այս փոսի մեջ լցնել: Եպիսկոպոսը ծիծաղելով ասաց.

– Ո՛՛վ որդյակ իմ, ինչպե՞ս կարող ես դա անել. ծովը լայնատարած է, իսկ գդալդ` փոքր, փոսն էլ, որ կամենում ես լցնել, փոքր ածավալ: Ապա մանուկն ասաց.

– Ինձ համար ավելի դյուրին է այս անել, ինչը որ ես եմ խորհում, քան քեզ համար անել այն, ինչը որ դու ես մտածում:

– Ի՞նչ է դա նշանակում, – հարցրեց եպիսկոպոսը` խիստ զարմացած: Իսկ նա պատասխանեց.

– Մտածում և կարծում ես փոքր գրով պարփակել այն, թե ի՛նչ է անբաժանելի Երրորդության անճառելի խորհուրդը, որը մինչև կատարես, ես ծովն ամբողջությամբ կլցնեմ այս փոսի մեջ: Այս ասելով` անհայտացավ: Օգոստինոսը գոհացավ Քրիստոս Աստծուց և իսկույն հասկացավ, որ մանկան կողմից ասվածը ճշմարիտ էր:

ՀԱՅԵԼԻ ՎԱՐՈՒՑ. ԲԱՐՈՅԱԽՐԱՏԱԿԱՆ ՊԱՏՈՒՄՆԵՐ. Ս. ԷՋՄԻԱԾԻՆ — 2007