Մալմոյի եկեղեցական համայնքում տեղի ունեցավ շքանշանի հանձնման արարողություն

IMG 3365 880x660 - Մալմոյի եկեղեցական համայնքում տեղի ունեցավ շքանշանի հանձնման արարողություն

 Մայիսի 26-ին Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակության Սկանդինավիայի հոգևոր հովվության Մալմոյի եկեղեցական համայնքում տեղի ունեցավ շքանշանի հանձնման հանդիսավոր արարողություն:

 Շվեդիայի հայ համայնքին ու հայ եկեղեցուն մատուցած ծառայությունների ու վաստակի բարձր գնահատանքով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշան շնորհվեց Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակ տիկին Իզաբել Դինգիզյանին։

 Մալմոյի հայ համայնքի ներկայությամբ մեծարյալի կերպարին, վաստակին ու գործունեությանն անդրադարձավ Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակի Սկանդինավիայի փոխանորդ հոգեշնորհ Տ․ Եղիշե վարդապետ Ավետիսյանը, որից հետո «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո բերվեց Հայրապետական սրբատառ կոնդակը և շքանշանը:

 Տիկին Իզաբել Դինգիզյանին ուղղված հայրապետական կոնդակում գրված է. «Մայր Աթոռ Սուրբ էջմիածնից Հայրապետական սեր և օրհնություն ենք հղում Ձեզ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու արժանավոր դստերդ։
Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական Պատվիրակի պաշտոնակատար հոգեշնորհ Տ. Տիրան վարդապետ Պետրոսյանի միջոցով տեղյակ ենք Ձեր գործունեությանը։ Ուրախ ենք մեծապես, որ երկար տարիներ մասնակցություն բերելով Շվեդիայի քաղաքական կյանքում ընտրվեցիք խորհրդարանի փոխխոսնակի պաշտոնում Ձեր օգտակար ծառայությունը բերելով երկրի զորացմանն ու առաջընթացին։
Հայրապետիս համար գոհունակություն է գնահատականքի խոսք ուղղել Ձեզ ազգային մեր իրավունքների պաշտպանության, ի մասնավորի Հայոց Ցեղասպանության ճանաչմանն ուղղված Ձեր ջանքերի համար։ Դուք հետևողական աշխատանք իրականացրեցիք Շվեդիայի քաղաքական և հասարակական լայն շրջանակներում ներկայացնելով դարասկզբին մեր ժողովրդի նկատմամբ իրականացված ոճրագործությունը և նպատակաուղղված ջանքերով հետամուտ լինելով երկրի խորհրդարանի կողմից Ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունմանը … »:

 Այնուհետև մեծարյալին շնորհվեց Հայ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշանը:
Շնորհաբաշխության ուրախալի առիթով տիկին Իզաբել Դինգիզյանին իր երախտագետ զգացումները փոխանցեց ներկաներին, անդրադարձավ իր ապրումներին` խոսելով Մայր Եկեղեցու կողմից գնահատվելու երջանկության, ինչպես նաև վերջին տասնամյակներին ժողովրդի կյանքում հոգևոր կյանքի վերարթնության մասին: Տիկին Իզաբել Դինգիզյանը նաև վստահեցրեց, որ Դինգիզյան ընտանիքը պիտի շարունակի անբասիր ծառայել Սկանդինավիայի Հայոց Եկեղեցուն և Մայր Աթոռ Ս. Էջմիածնին։

Հանդիսությունն ամփոփվեց հոգեշնորհ հայր Եղիշե վարդապետ Ավետիսյանի «Պահպանիչ» աղոթքով:

IMG 3344 - Մալմոյի եկեղեցական համայնքում տեղի ունեցավ շքանշանի հանձնման արարողությունIMG 3365 - Մալմոյի եկեղեցական համայնքում տեղի ունեցավ շքանշանի հանձնման արարողություն30.05.03 - Մալմոյի եկեղեցական համայնքում տեղի ունեցավ շքանշանի հանձնման արարողություն30.05.02 - Մալմոյի եկեղեցական համայնքում տեղի ունեցավ շքանշանի հանձնման արարողություն