Լույսի ուժը

Լույսի ու խավարի մասին Աստվածաշունչը Ծննդոց գրքի 1-ին գլխի 4-րդ համարում այսպես է ասում. «Աստված տեսավ, որ լույսը լավ է, Աստված լույսը բաժանեց խավարից» (Ծննդոց 1:4): Ինչպես տեսնում եք, հենց աշխարհի սկզբից Աստված լույսը խավարից բաժանեց, քանի որ լույսը բարի էր:

 Հիսուս երկու հազար տարի առաջ հայտարարեց. «Ես եմ աշխարհի լույսը, ով որ իմ հետևից է գալիս, խավարի միջով չի քայլի, այլ կընդունի կենաց լույսը» (Հովհ.8:12):

 Հիսուս եկավ ու աշխարհի վրա հաստատեց Իր Լույսի ու Սիրո Թագավորությունը:

 Այս հեքիաթը կարծում եմ հետաքրքիր է:

Ամենապիտանի բանը — Ավետիք Իսահակյան

 Ժամանակով արևելքի մի հրաշագեղ աշխարհում արդարամիտ ու խելացի մի թագավոր է եղել: Նա ունեցել է երեք որդի: Եղավ, որ թագավորը ծերացավ և կառավարության ղեկը կամեցավ դեռ կենդանի ժամանակ հանձնել իր ժառանգներից նրան, ով ավելի ընդունակ կլինի այդ դժվարին գործը կատարել:

 Ուստի մի օր կանչեց որդիներին և ասաց.

 -Սիրելի որդիներ, տեսնում եք, որ ձեր հայրը ծերացել է ու էլ չի կարող երկիրը կառավարել: Ես վաղուց իջած կլինեի իմ գահից, եթե կատարված տեսնեի այն ցանկությունս, որ երկար տարիներ պաշարել է հոգիս: Եվ հիմա ձեզանից ով կարողանա իմաստուն կերպով իրականացնել այդ ցանկությունս, նա կստանա իմ թագը և կկառավարի իմ ժողովրդին:

 Որդիները համաձայնվում են և ուզում են իմանալ, թե ի՞նչ է իրենց հոր ցանկությունը:

 Հայրը ցույց է տալիս մի մեծ շտեմարան և հանձնարարում նրանց լցնել այնտեղ աշխարհի ամենապիտանի բանով, որով կարելի լիներ երջանիկ դարձնել իր ժողովրդին:

 Որդիները համբուրում են հոր ձեռքը ու ճանապարհ ընկնում:

 Աշխարհից աշխարհ, երկրից երկիր ման գալուց և թափառելուց, հետո, նրանք վերադառնում են տուն ու հայտնում, որ ամեն մեկը գտել է աշխարհի ամենապիտանի բանը: Շտեմարանի մուտքին կանգնում են թագավորը, որդիները, պալատականները և ամբողջ ժողովուրդը ու անհամբերությամբ սպասում, թե նրանք ի՞նչ են բերել:

Որդիներից մեկը գրպանից հանում է մի բուռ հացահատիկ և լցնելով շտեմարանի մեջ, ասում, որ հացով կլցնի այն, որից անհրաժեշտ այլ բան չգտավ:

 Միջնեկ որդին գրպանից հանում է մի բուռ հող և լցնելով շտեմարանի մեջ, ասում է, որ հողով կլցնի այն, քանի որ դրանից ավելի անհրաժեշտ այլ բան չգտավ:

 Կրտսեր որդին հոր հարցմանը պատասխանում է, թե ԼՈՒՅՍՈՎ ԿԼՑՆԻ ԱՅՆ: Իր խոսքերն են. «Աշխարհ ման եկա, լույսից անհրաժեշտ ոչինչ չգտա: Լույսն է ամենապիտանի բանն աշխարհում: Առանց լույսի հողը հաց չի լինի, առանց լույսի հողի վրա կյանք չի լինի: Շատ թափառեցի, շատ աշխարհներ տեսա և գտա, որ գիտության լույսն է ամենապիտանի բանը, և միայն գիտության լույսով կարելի է կառավարել աշխարհը»:

 -Ապրե’ս, — գոչեց ուրախացած հայրը, — Քեզ է արժանի իմ գահը, քանի որ լույսով ու գիտությամբ պիտի լցնես Թագավորությունդ:

 Բոլորը ուրախացած ողջունեցին նոր, երիտասարդ, երկիրը լույսով լցնող Թագավորին;

 Այն մարդիկ, որոնց գործերն ու ցանկությունները հակառակ են Աստծու կամքին, չեն կարող դիմանալ Հիսուսի խոսքերից ճառագայթող ճշմարիտ լույսին ու դրա համար էլ մերժում են լույսը և նախընտրում` խավարը:

ՀԱՏՎԱԾ´ ՀՈՎՍԵՓ ԱՎԱԳ ՔԱՀԱՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ «ԼՈՒՅՍԻ ՇՈՂԵՐ» ԳՐՔԻՑ: