Լույսի կանչը

Ես որպես Լույս եկա Աշխարհ…, որպեսզի գտնես քեզ աշխարհային խավարի մեջ:
Դու մարմին ես, մարմինները ստվերներ ունեն, որ կարծես խավարի մի մասնիկն են, սակայն եթե բնակվես իմ մեջ եւ ինձ քո սրտի մեջ ապաստան տաս, դու ինքդ կլուսավորես շուրջդ եւ կցրես ստվերներն ու խավարը:

  Դու ինձ հավանաբար չես ճանաչում, չես փնտրում, չես փափագում մեր հանդիպումն ու ծանոթությունը, բայց ես հետամուտ եմ քո փրկությանը եւ հետեւողական, որպեսզի դու սիրես ու ճանաչես հենց քեզ ու անես քո առաջին քայլերը դեպի հավիտենական կյանք: Դու համոզված ես, որ ես քեզ քայլելուց բացի ուրիշ ոչինչ չունեմ առաջարկելու, քանի դեռ դու ապրում ես այս աշխարհում: Դու սխալվում ես, քանի որ ես եկա, որպեսզի դու ունենաս լիարժեք ու իմաստով հագեցած կյանք: Եթե դու կյանքի, եւ մասնավորապես քո կյանքի, իմաստը փնտրում ես զվարճանքի ու ժամանցի զանազան վայրերում, գլխապտույտ կարիերայիդ գագաթնակետում կամ ներդնում ես բանկում` որպես ավանդ, դիմում ես քո ժպիտն ու լիաթոք առողջ ծիծաղը տենչացող զանազան ինտելեկտուալ միմոսների օգնությանը, ապա դու կամ չես գտնի, կամ կկորցնես կյանքիդ իմաստն ու հենց կյանքդ: Մարդկային արվեստի գործերի մեջ մի փնտրիր ճշմարտությունն ու կյանքի իմաստը, քանզի մի շատ հայտնի արվեստագետ բացահայտում է, որ արվեստագետը կարող է հեշտությամբ քողարկել կեղծիքը ճշմարտութամբ եւ այդ ճշմարտանման կեղծիքը հրամցնել որպես անհերքելի ճշմարտություն: Մարդկանց հեղինակած շատ գրքեր հեղեղված են զուտ մարդկային բանականության արտադրանքով, իսկ ավելի շատ գրքեր` դիվական ազդեցությամբ: Կա միայն մեկ Գիրք, որ խոսում է Իմ մասին, որով Ես խոսում եմ քեզ հետ եւ առաջարկում մտնել երկխոսության մեջ, քանզի Ես քեզ ստեղծել եմ Իմ պատկերով` օժտելով խոսքով: Ես լավ զրուցակից եմ. կարող եմ անվերջ լսել եւ …անպայման պատասխանում եմ: Եւ Ինձ ուղղված քո աղոթքները անիմաստ մենախոսություններ չեն, այլ զրույց Ինձ հետ: Ես քեզ ոչինչ չեմ պարտադրում, այլ առաջարկում եմ այնպես, ինչպես արեւը առաջարկում է արթնանալ ամեն առավոտ, հորդորում եմ հարություն առնել մեղքի մահից, ինչպես գարունը հորդորում է հարություն առնել ծիլ ու բողբոջին: Լուսաբացից առաջ խավարը տոնում է իր հաղթանակը. այն թանձրանում է ու ծանրանում մարդկանց թմրած կոպերին, խցանում լսելիքը խավարի խլությամբ: Որպես հեռավոր շշունջ լսվում է լույսի աղաղակը.
-Արթնացի՛ր, դու՛, որ ննջում ես, կանգնիր մեռելների միջից, եւ Քրիստոս պիտի լուսավորի քեզ: (Եփես. 5; 14)

Աղբյուր՝ «Սյունյաց Կանթեղ ամսաթերթ» #41 (75)
Լիլիթ Հովհաննիսյան