«Լավ է, երբ ցանկանում են կերտել բարոյական քաղաքացի, բայց վատ է, երբ «բարոյականություն» բառը լսելիս հավասարակշռությունը կորցնում են»

 Ցավոք սրտի ԿԳՄՍ նախարարը, ով չորս կարևոր գերատեսչությունների պատասխանատուն է, երեկ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում, արեց որակումներ և հայտարարություններ, որոնք ուղղակի մտահոգություններ առաջ բերեցին։

 Նախարարի երեկվա հարցազրույցը ևս մեկ անգամ գալիս է փաստելու, որ ԿԳՄՍ նախարարությունը ոչ միայն չի քննարկել հարցը բոլոր շահագրգիռ կողմերի հետ, այլև պատրաստ չէ քննարկման։ Այսինքն՝ գործ ունենք ՍՏԻ և ԿԵՂԾԻՔԻ հետ, այն էլ բացարձակ ՍՏԻ։
 Լավ է, երբ դպրոց ավարտող քաղաքացու մեջ ուզում են տեսնել քննական միտք և վերլուծություն անող անհատ, սակայն վատ է, երբ այդ անհատը պիտի ունենա քննական միտք, բայց չունենա ազգային մտածողություն և կրողը չլինի իր ազգային-հոգևոր ժառանգության և արժեհամակարգի։ Լավ է, որ որոշել են պատվիրանները հայոց դպրոցներում լավ սովորեցնել, բայց մտահոգիչ է, որ մեր վաղվա քաղաքացու բարոյական կերպարը կերտող և ինքնությունը ճանաչեցնող «Հայ Եկեղեցու Պատմություն» առարկայի ապագան մշուշում են։ Լավ է, երբ ցանկանում են կերտել բարոյական քաղաքացի, բայց վատ է, երբ «բարոյականություն» բառը լսելիս հավասարակշռությունը կորցնում են. և փոխարենը փարատելու մարդկանց մտահոգությունները, Հանրային հեռուստաընկերությամբ խախտում են էթիկայի տարրական կանոնները։
 Նախարարի բարձր պաշտոնը ստանձնած անձի ոչ հարիր բառապաշարը և անտեղի ձևակերպումները ստվերում են ԿԳՄՍ չափազանց կարևոր գերատեսչությունները։
Գաբրիել քահանա Վարդանյան