Կյանքը սահող ստվեր է. Սողոմոն իմաստուն

Կյանքը սահող ստվեր է: (Սողոմոն իմաստուն)
Մարդկային կյանքը սկիզբ է առնում դեռեւս մոր որովայնում, ինքնակատարելագործվում, այնուհետեւ իր նոր սկիզբը սկսում այս աշխարհում, առաջին ճիչով, կրկին զարգանում մեկ ուրիշ` հավիտենական կյանքի կամ` հավիտենական տանջանքի` դժոխքի համար:
«Աստված ամեն ինչ արել է լինելու համար, եւ մահը առաջ է եկել բանսարկուի նախանձով»: Մարդկային կյանքը կարծես մի ակնթարթ է այս աշխարհում, ինչպես բոլոր ժամանակների իմաստունն է ասել. «Ծնվեցինք ու դադարեցինք գոյություն ունենալուց», եւ այս կարճ ժամանակահատվածում մարդ արարածը ապրում է չարությունների, նախանձի, անհաշտության մեջ` իր մարմնական բնազդային ցանկություններին հագուրդ տալով,` չգիտակցելով իր իսկ կորուստը: «Աշխարհը մի ընդհանուր մուտք ունի եւ մի ընդհանուր ելք»: Մուտքի ու ելքի արանքում մոռացած հոգու փրկության, հավատի մասին, խավարասեր ու հեշտագին կյանքի փորձություններն ընտրելով, ընկնում է խավարի հորձանուտը, որտեղից դուրս գալը երբեմն անհնար է դառնում, քանզի Քրիստոս «որպես լույս եկավ աշխարհ, բայց մարդիկ խավարն ավելի սիրեցին, որովհետեւ նրանց գործերը չար էին», Ավետարանը հստակ տալիս է մեղավոր ու անապաշխար մարդու պատասխանը:
Քրիստոսի Լույսի ներքո մարդկային ունայնացած կյանքը վերստին իր իմաստը գտավ, մարդը ստացավ հավիտենանական կյանքը վերագտնելու հնարավորություն: Չարությունը կուրացնում է մարդուն եւ նրանից վանում բանականության պսակը եւ կտրում հարության հույսը:
Մարդու հոգին սկբնավորումից ի վեր սովոր է ինչ-որ բանի պաշտելու, այս է պատճառը, որ երբ մարդ մեղքի պտուղը ճաշակելուց հետո վտարվեց բերկրության դրախտից, այն, ինչ չկարողացավ բացատրել, աստվածացրեց, եւ այստեղից մարդկային կենցաղից ներս մտավ բազմաստվածությունը, կռապաշտությունը: Թվում էր, թե Քրիստոսի Ծննդից հետո պիտի պատկերը փոխվեր, եւ մարդիկ պիտի դառնային ճշմարիտ աստվածպաշտության եւ իրենց ունայն կյանքը պիտի լցնեին աստվածային իմաստությամբ, բայց մարդը մնաց նույն խավարասերը, եւ քչերը դարձան իրենց մեղքերից եւ առան ճշմարիտ Լույսը հավիտենական կյանքի համար, եւ Տերը գիտեր. «Մի՛ վախեցիր, փոքրի՛կ հոտ, որովհետեւ Հայրը հաճեցավ ձեզ տալ Երկնքի արքայությունը»: Այսօրվա մարդու կյանքում կռապաշտությունը առավել զարգացած բնույթ է կրում: Փողապաշտություն, փորապաշտություն, փառամոլություն, հպարտություն: Ի՞նչ ենք ուզում մենք այս կյանքում, ո՞րն է մեր օգուտը, ի՞նչու ենք այսքան չար եւ ո՞ւր է տանում այս ճանապարհը մարդուն: Նման մարդկանց Սողոմոն իմաստունը հստակ պատասխանում է. «Լավ կլիներ, որ նրանք ծնված չլիներին, վիժվածքի պես խավարով գային ու գնային»: Պարարտ մոլախոտերը միշտ էլ գերակշռում են պտղատու այգիներում, բայց նրանց դեմ միշտ էլ պայքարում է այգու տերը զանազան միջոցներով, եւ նրանց տեղը «անշեջ կրակն է ու անհագ որդերը»:
Այսօր ամեն ինչ արվում է մարդուն զրկելու բանականությունից, բարոյականությունից, Աստծո ստեղծագործությունը կամաց-կամաց դեպի կորուստ ու կործանում է գնում արդեն բթացած: Մի առիթով սատանայասեր աշխարհի իշխաններից մեկն ասել է. «Եթե ուզում եք, որ այս աշխարհը կործանվի, եւ մարդիկ ոչնչանան ու դժոխքի մատնվեն, նրանց մեջ կեղծ «ազատության եւ մարդու իրավունքների» քողի տակ անբարոյականություն, սառնասրտություն, սպանություն, գողություն, ըմբոստություն, միասեռականություն, աղանդավորություն… քարոզեք, ու ոչնչի առջեւ մի կանգնեք, չէ՞ որ Սոդոմն ու Գոմորը հենց սրանից կործանվեցին, սննդին քիմիական հավելանյութեր խառնեք, քայքայեք նրանց առողջությունը, զուգահեռ նրանք իրենց կերածից ագրեսիվ կդառնան: Նրանց միտքը զբաղեցնելով նման սին երեւույթներով` թույլ չենք տա մտածել Աստծո, բարոյականության, հոգու փրկության մասին, արդյունքում կունենանք խարխլված ընտանիքներ, ծնելիության անկում եւ ստրկացած ժողովուրդ, որոնք անասունի պես քիչ-քիչ կկործանվեն: Այս քարոզչությանը մենք արդեն ականատես ենք, եւ քարոզիչները բավականին լուրջ գրանտներ են` ստանում ի կատար ածելու համար նրանց կամքը: Ասում են, մի անգամ ծառը ասել է կացնին. «Ինչո՞ւ ես կտրում ինձ», կացինը պատասխանել է. «Ես չէի կարող վնասել քեզ, եթե քո մի մասնիկը իմ վրաս չլիներ»: Մենք համախոհ ենք լինում չարին, իսկ նա մեզ կտրում է մեզ աստվածազարմ արմատից` Կյանքի Ծառից` Քրիստոսից, արդյունքում, Տիրոջից նզովք առնելով` չորանում ենք` ինչպես Ավետարանում հիշատակված անպտուղ թզենին, հավիտենական դատաստանի համար:

Աղբյուր՝ «Սյունյաց Կանթեղ ամսաթերթ» #41 (77)
Տեր Ահարոն քհն. Մելքումյան