Կույսերի մասին

Պատվական է կուսությունն Աստծու առջև, քանի որ նրանց կյանքը նման է երկնայինների կյանքին, և կուսությունը երկնային կյանք է երկրի վրա: Ինչպես երկնքում չկա ապականություն, այդպես էլ կույսերը իրենց հոգիներն անապական պահեցին և իրենց մարմինները դաշտի շուշանի նման անուշահոտ դարձրեցին: Սողոմոնը նրանց մասին ասում է. «Ինչպես շուշանն է փշերի մեջ, այնպես էլ իմ սիրելին է դուստրերի մեջ» (Երգ Բ 2):
Կույսերն Աստծու սիրո համար թողեցին աշխարհիկ վայելքները, քանզի ինչպես հուրն ու ջուրը միասին չեն կարող լինել, այդպես էլ մարմնավոր և հոգևոր վայելքները միասին չեն լինում: Կույսերն անառիկ են պահում իրենց տկար ամրոցը՝ մարմինը, զորավոր թշնամուց, այդ պատճառով էլ մյուսներից ավելի մեծ պսակի են արժանանում: Ինչպես մորենին էր վառվում առանց այրվելու (տե՜ս Ելք Գ 2), այդպես էլ սուրբ կույսերը, որոնց գլուխն է Աստվածածինը, վառվում են մարմնական փորձություններով, սակայն չեն այրվում:

Աշխատասիրությամբ՝ Արամ Դիլանյանի