Քահանայական ամենօրյա զգեստի սև լինելու մասին

Ավարայրում և մնացյալ մեր բոլոր ճակատամարտերում, երբ եկեղեցականները եղել են մեր զորքի հետ և ոգևորել ու քաջալերել, հոգևորականներն ու զինվորականները միմյանցից տարբերվել են իրենց զգեստներով: Եկեղեցական կանոնն արգելում է հոգևորականներին զինվորական զգեստ հագնել, որովհետև հոգևորականի զգեստը հատուկ խորհըրդանիշ ունի, և պետք չէ այն փոխել այլ ասպարեզների մարդկանց համազգեստով: Քահանայի ձեռնադրության կանոնում Սուրբ Պատարագի համար նախատեսված քահանայական զգեստներն անվանվում են աստվածաստեղծ, որովհետև նման են այն զգեստներին, որոնք Աստված պատվիրեց Մովսեսին պատրաստել Ահարոնի և քահանաների համար (Ելք 28), իսկ քահանայական գեղեցիկ պատմուճանը խորհրդանշում է այն պատմուճանը, որ Հակոբը հորինել էր իր սիրելի որդի Հովսեփի համար (Ծննդ. 37.3): Քահանայական ամենօրյա զգեստը սև գույնի է, այն չունի աչքը, տեսողությունը զվարճացնող երանգներ: Աբեղայի` կուսակրոն քահանայի վեղարի օրհնության կարգում նշվում է, որ մեր Հայրերը այսպիսի զգեստ հագնելը հաստատեցին հատուկ խորհրդով` ի ցույց խոնարհության, և այդ զգեստը կոչվում է մեռելության զգեստ, ինչը նշանակում է, որ քահանան մեռած է աշխարհիկ ու մեղավոր կրքերի, հաճույքների ցանկությունների, զվարճությունների համար:

Ադամ քահանա Մակարյան «Քրիստոնեության իկսությունը» Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին 2012 թ.