Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Տեր Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը հովվական այցով գտնվեց Շվեդիայի Գոթենբուրգ քաղաքում (նկարներ)

 Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Գերաշնորհ Տ. Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 1-ը հովվական այցով գտնվեց Շվեդիայի Գոթենբուրգ քաղաքում։ Նոյեմբերի 29-ին Սրբազան Հայրը հանդիպեց Շվեդական եկեղեցու եպիսկոսպոս Սյուզան Ռափմանի հետ։ Հանդպիմանը Տիրան եպիսկոպոսը ներկայացրեց Հայ Առաքելական Եկեղեցու և տեղի հայ եկեղեցական համայնքի պատմական ուղին: Երկուստեք կարևորվեց հայ և շվեդական եկեղեցիների  սերտ գործակցությունը, նաև զրուցակիցները քննարկեցին ներկայումս աշխարհում ստեղծված մարտահավերները և դրանց հաղթահարելուն ուղղված ջանքերը։

 Նոյեմբերի 30-ին Տիրան Եպիսկոպոսը մասնակցեց ամենամյա կազմակերպվող Սուրբ Ծննդյան համերգին, որին մասնակցում են Գոթենբուրգի Օրթոդոքս բոլոր եկեղեցիները։ Համերգը սկսվեց Տիրան Սրբազանի օրհնության խոսքով։

 Սրբազանը, նույն օրը երեկոյան, հովվական այցելություն կատարեց նաև Տրոլհեթթան քաղաք։ Հայ համայնքի հետ ունեցած հանդիպման ժամանակ հայորդիներին պատգամեց համախմբվել Հայ Եկեղեցու շուրջ և պատշաճ իրականացնել համայնքային կյանքի կազմակերպման կարևոր ընթացքը։ Տիրան Սրբազանը ընդգծեց, որ այլևս քայլեր պետք է ձեռնարկվեն Տրոլհեթթան քաղաքում հայ եկեղեցական համայնքի ձևավորման ուղղությամբ։

 Դեկտեմբերի 1-ին Գոթենբուրգ քաղաքում Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական Պատվիրակը  մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագին ներկա էին եպիսկոպոսներ ու քահանաներ Շվեդական, Սերբական Ուղղափառ, Ռումին Ուղղափառ, ինչպես նաև Քույր եկեղեցիներից։ Ս. Պատարագին ուխտավորաբար ներկա էին նաև բազմաթիվ հավատացյալներ Շվեդիայի տարբեր քաղաքներից։ Սրբազան Հոր այցելության առիթով Ս. Պատարագի ավարտին եկեղեցու սրահում կազմակերպվեց Սիրո Ճաշ։