Կայացել է Ֆրանսիայի հայոց թեմի նորընտիր առաջնորդ Հոգեշնորհ Տեր Գրիգոր Վարդապետ Խաչատրյանի գահակալության արարողությունը

 Փարիզի առաջնորդանիստ Սուրբ Հովհաննես Մկրտիչ Մայր եկեղեցում մայիսի 25-ին տեղի է ունեցել Ֆրանսիայի հայոց թեմի նորընտիր առաջնորդ Հոգեշնորհ Տեր Գրիգոր Վարդապետ Խաչատրյանի գահակալության արարողությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ֆրանսիայի Հայոց թեմի Մամլո դիվանից, Սուրբ և Անմահ Պատարագին ներկա են եղել արևելյան ուղղափառ քույր եկեղեցիների առաջնորդներ, Կաթոլիկ և Հույն Ուղղափառ Եկեղեցիների ներկայացուցիչներ և հոգևորականներ, բարձրաստիճան պետական պաշտոնյաներ, քաղաքապետեր և փոխքաղաքապետեր, պատգամավորներ, հայկական կազմակերպությունների ղեկավարներ և հյուրեր։ Ներկա են եղել նաև Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Ֆրանսիայում Արցախի Մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։

«Գավազանը հանուն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Հայր Գրիգորին փոխանցեց Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշներհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, իսկ Վեհափառ Հայրապետի կողմից նվիրած ձեռաց խաչը՝ Ռումինիայի առաջնորդ Գերաշներհ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանը։

Այնուհետև առաջնորդ Հայր Սուրբը իր սրտի խոսքը ուղղեց ներկաներին՝ խոսելով իր առաջնորդության տեսլականի մասին, որի մեջ ի մասնավորի որպես սրբազան պարտականություն ստանձնեց տքնաջան աշխատել Հայաստանի ու Արցախի համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ թեմի առաջնորդը կոչ է արել սիրել միմյանց, դրսևորել միասնականության ոգի և կամք, որոնք Աստծու նկատմամբ հավատքով կառաջնորդեն նոր հաղթանակների, մանավանդ ապագա սերւնդի հայեցի դաստիրակության գործում։