«Կամենում եմ մի քանի հարց առաջադրել, ուղղակի խորհրդածելու համար» Հայր Շահե

 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Համացանցում լայնորեն քննարկվում է “Հայոց եկեղեցու պատմություն” առարկան դպրոցներում դասավանդել-չդասավանդելու հարցը, և կարծեմ թե արդեն որոշ հեղինակավոր կառույցներ նշում են, թե ՀՀ բնակչության 66%-ը դեմ է առարկան դպրոցական առարկայացանկից հանելուն։ Սա իհարկե վիճակագրական փաստ է։
Ես կամենում եմ մի քանի հարց առաջադրել, ուղղակի խորհրդածելու համար (չնայած մեր օրերում խորհրդածելն ու մտածելը հարաճուն կերպով իրենց տեղն են զիջում զգացմունքային հապճեպ դիտարկումներին)։

 Ա. Ժողովրդավար, ազատ ու անկախ երկրները, որոնք դավանում են Մարդու իրավունքների հռչակագրից բխող սկզբունքները, չպետք է արդյոք մտածեն և հոգ տանեն հանրային դպրոցներում իրենց ազգային-կրոնական դիմագիծն ու ժառանգությունը ապագա սերունդներին փոխանցելու մասին։ Թե դա նույնպես հակասում է կրոնի ու խղճի ազատության մասին օրենքին։

 Բ. Բազմազգ ու բազմամշակութային հասարակություն ունեցող երկրներն արդյոք այլ մշակութային-կրոնական քաղաքականություն չեն իրականացնում` ի տարբերություն հիմնականում մոնոէթնիկ ու միատարր մշակութային ատաղձ ունեցող երկրների։

 Գ. Պատերազմի և շրջափակման մեջ գտնվող ու իր բնակչությունից մի քանի անգամ մեծ սփյուռք ունեցող Հայաստանի Հանրապետությունը կարող է արդյոք իրեն թույլ տալ ժողովրդավարական այնպիսի շքեղություն, ինչպես, օրինակ, Հայոց եկեղեցու պատմությունը դպրոցներից հանելու գործընթացը` ի նմանություն եվրոպական ժողովրդավար ու ապահով արտաքին և ներքին տնտեսական-քաղաքական համատեքստում ապրող երկրների։

 Կարող է արդեն այս հարցերի պատասխաններն էլ են մշակվել համապատասխան մարմինների կողմից….. լավ կլիներ իմանալ` հանրային մտահոգությունները փարատելու համար»։