Կ․ Պոլսի Հայոց նորընտիր Պատրիարքը ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին (նկարներ)

28 3 1 880x660 - Կ․ Պոլսի Հայոց նորընտիր Պատրիարքը  ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին (նկարներ)

Փետրվարի 28-ի երեկոյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանեց Կ․ Պոլսի Հայոց նորընտիր Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։
Ամենապատիվ Պատրիարքին ուղեկցում էին Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքության Կրոնական ժողովի ատենապետ, Պատրիարքական Աթոռի լուսարարապետ ու դիվանապետ Հոգեշնորհ Տ. Թաթուլ ծայրագույն վարդապետ Անուշյանը, Արժանապատիվ Տ. Տրդատ ավագ քահանա Ուզունյանը և Տ. Շիրվան քահանա Մյուրզյանը։
Այս առիթով Մայր Աթոռում տեղի ունեցավ «Հրաշափառի» արարողություն: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների թափորով Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքն առաջնորդվեց Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի, ուր կատարվեց գոհաբանական աղոթք։
Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Մայր Աթոռի միաբանության անունից ողջունելով Սահակ Պատրիարքին, շնորհավորեց նրան ընտրության կապակցությամբ։ Ապա Պոլսո Պատրիարքն իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց Սուրբ Էջմիածնի միաբանությանը։
Այնուհետև Վեհարանում նորընտիր Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին և նրա շքախմբին ընդունեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Ողջագուրումից հետո Նորին Սրբությունն իր ուրախությունը հայտնեց երկար տարիներ անց Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքությունում նոր գահակալ ունենալու առիթով։ «Մենք այս առիթով մեր սրտի ամենաջերմ և լավագույն բարեմաղթանքներն ենք բերում Ձեզ: Հայցում ենք, որ Տերն Իր շնորհներն առատորեն հեղի Ձեզ վրա և պարգևի ուժ ու կորով՝ իմաստությամբ ու արդյունավոր կերպով իրականացնելու Ձեր ծանր պարտականությունները:
Գիտենք, որ այս տարիների ընթացքում շատ աշխատանքներ, որոնք իրենց լուծումը պետք է ստանային պատրիարքական հանգամանքի մեջ եղող անձի կողմից, առկախ են մնացել և կարիք ունեն կարգավորման: Եվ Ձեր Ամենապատվությունը, վստահ ենք, եկեղեցականաց և աշխարհականաց դասի հետ համատեղ ամեն ջանք ի գործ պիտի դնի, որպեսզի այդ խնդիրները կարողանան լուծում ստանալ և Պատրիարքությունը շարունակի իր օգտաշատ ծառայությունը Պոլսում և Թուրքիո տարածքում ապրող հավատավոր մեր զավակների հոգևոր կյանքի շինության և պայծառության համար», — իր խոսքում նշեց Վեհափառ Հայրապետը:
Հայոց Հովվապետը նաև իր գնահատանքը հայտնեց նորընտիր Պատրիարքին երկար տարիներ Մայր Աթոռում նրա նվիրյալ ծառայության համար՝ հորդորելով վերջինիս նույն նախանձախնդրությամբ և անձնուրաց աշխատանքով զորացնել և ծաղկեցնել Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքության նվիրական Աթոռը։
Վեհափառ Հայրապետը քաղցրությամբ վերհիշեց իր հովվապետական այցելությունը Կ․Պոլսի Հայոց Պատրիարքություն՝ արձանագրելով, որ այնտեղ ականատեսն է դարձել պոլսահայության ջերմությանը, սիրուն ու հարգանքին առ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և Հայաստանը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ Տիրոջ օրհնությունը հովանի լինի Կ. Պոլսի Հայոց Պատրիարքությանը, նրա արժանընտիր գահակալին, հոգևոր ողջ դասին և հավատացյալ ժողովրդին:
Իր հերթին Սահակ Պատրիարքը շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին ջերմ ընդունելության համար՝ փոխանցելով պոլսահայության որդիական ողջույններն ու հարգանքը: «Դուք միշտ մեր աղոթքների մեջ եք: Մեր հայացքը միշտ ուղղված է դեպի Սուրբ Էջմիածին և մենք, հիշելով Սուրբ Էջմիածինը և Ձեզ, զորանում ենք, մեր արմատներից ստանում ենք մեր կյանքի ավիշը՝ գոյատևելու Սփյուռքի մեջ: Այս օրը ինձ համար շատ թանկագին է. իմ կյանքի շատ էական հանգրվանները Ձեզ հետ եմ ապրել», — ասաց Նորին Ամենապատվությունը՝ վերհիշելով տարիների իր ծառայությունը Մայր Աթոռում, Վեհափառի հայրական խնամքի ներքո և դրանք նկատելով իր կյանքի ամենաարդյունաբեր ժամանակաշրջանը:
Պատրիարք Հայրն իր խոսքում անդրադարձ կատարեց նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի եկեղեցաշեն գործունեությանը և Մայր Աթոռի պայծառությանը՝ նշելով, որ երախտապարտ է կատարված աշխատանքների համար: Վերջում Սահակ Պատրիարքը հայցեց Նորին Սրբության աղոթքները՝ հայտնելով Վեհափառ Հայրապետին պոլսահայության հավատարմությունը և իր որդիական հնազանդությունը:
Առաջիկա օրերին Ամենապատիվ Սահակ Պատրիարքը նաև իր մասնակցությունը կբերի Մայր Աթոռում գումարվելիք Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին:

28 1 1 - Կ․ Պոլսի Հայոց նորընտիր Պատրիարքը  ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին (նկարներ)28 2 1 - Կ․ Պոլսի Հայոց նորընտիր Պատրիարքը  ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին (նկարներ)28 3 1 - Կ․ Պոլսի Հայոց նորընտիր Պատրիարքը  ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին (նկարներ)28 4 1 - Կ․ Պոլսի Հայոց նորընտիր Պատրիարքը  ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին (նկարներ)28 5 1 - Կ․ Պոլսի Հայոց նորընտիր Պատրիարքը  ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին (նկարներ)28 6 1 - Կ․ Պոլսի Հայոց նորընտիր Պատրիարքը  ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին (նկարներ)28 7 - Կ․ Պոլսի Հայոց նորընտիր Պատրիարքը  ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին (նկարներ)