«Մենք Ձեզ մեկ ամիս այստեղ պետք է պահենք»,- ասում էր Կորյուն աբեղան». Տեր Գալուստ քահանա

Ter Galust Sahayan 231 - «Մենք Ձեզ մեկ ամիս այստեղ պետք է պահենք»,- ասում էր Կորյուն աբեղան». Տեր Գալուստ քահանա

Վեհափառն ասել է, որ երբեք չի խուսափել որևէ հավատացյալի հետ հանդիպումից

Նախօրեին, ինչպես հայտնի է, Գնդեվանք էր այցելել Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը` ուխտագնացության եւ Գնդեվանքի տարածքում 2011 թվականից ի վեր ճգնավորության ուղին ընտրած յոթ վանականների հետ հանդիպման նպատակով։

Ես, իբրեւ Ջերմուկի տարածաշրջանի և Գնդեվանքի հոգեւոր հովիվ, ու յոթ վանականները դիմավորեցինք Վեհափառ Հայրապետին, ապա մտանք վանք միասնական աղոթքի, հետո շրջեցինք վանքի տարածքում եւ ապա առանձնացանք համալիրի խոհանոցում` վանքի նորոգման եւ այստեղ վանական կյանքի վերականգնման մասին զրուցելու համար։

Դեռեւս ամիսներ առաջ էր Վեհափառը խոստացել մեզ այցելել, եւ բոլորս շատ ոգեւորված էինք, երբ նախօրեին տեղեկացանք Հայրապետի այցի մասին։

Որոշ ժամանակ էր արդեն զրուցում էինք, երբ անօրեն ու անշնորհք կերպով ներս խուժեցին Կորյուն աբեղան եւ իր աջակիցները` անշնորհք պահվածքով ու լուտանքներ տեղալով Վեհափառի ու բոլորիս հասցեին։ “Մենք Ձեզ մեկ ամիս այստեղ պետք է պահենք”,- ասում էր Կորյուն աբեղան։

Սկզբում Վեհափառին մոտեցավ Էդգար անունով մեկը, ով տեսակցություն խնդրեց նրանից հաջորդող օրը, ինչին Վեհափառը սիրով համաձայնեց, ասելով, թե նախկինում եւս չի խուսափել որեւէ մեկ հավատացյալի հետ հանդիպելուց։ Այս ընթացքում այդպիսի համդիպում եւս եղել է։

Թվում էր, թե այս տհաճ միջադեպը հարթված է Վեհափառի հանգստության եւ սիրալիրության շնորհիվ։ Բայց երբ Էդգարը տեղեկացրեց Կորյուն աբեղային հաջորդ օրը հանդիպելու մասին, վերջինս հրամայեց նրան չխառնվել ու փոխարենը պնդեց, որ Վեհափառին շրջապատել են ու պետք է 30 օր պահեն մեր վանքում։

Վեհափառը, իր հայրական ու հայրապետական հանգստության մեջ, ասաց, որ սպառնալիքների տակ երբեք որեւէ մեկի հետ չի հանդիպի ու խոսի, եւ պահանջեց բացել իր ճանապարհը։

Կորյուն աբեղան շարունակեց իր լուտանքները եւ ոչ պատշաճ կեցվածքը։

Նշեմ նաեւ, որ ներկաների մեջ կային դեմքի անբնական արտահայտություն ունեցող մարդիկ, որոնք ունեին ոչ ադեկվատ կեցվածք եւ իրենց բղավոցներով ու վանկարկումներով էլ ավելի էին սրում իրավիճակը:

Վեհափառը դուրս եկավ խոհանոցից, մենք գտանք այնտեղ իր արգելափակված մեքենան, ապա փորձեցինք Վեհափառին պաշտպանելու համար մեկ այլ մեքենայով իրեն ճանապարհել Էջմիածին, որը եւս արգելափակվեց։ Դրանից հետո տեղի ունեցած զարգացումները բողոքի մասնակիցների կողմից արդեն իսկ տեսանյութերով հրապարակվել են։

Ինչպես մեր հոգեւոր հայրերը դարերի ընթացքում, այսօր եւս մենք զորավոր ենք հավատավոր ժողովրդի, եկեղեցու բարեկամների աղոթքներով եւ կարող ենք ինքներս պաշտպանել մեր սրբազան տաճարները եւ ինքներս մեզ։

հ.գ.
Ամեն օր աղոթում եմ դիվահարության մեջ գտնվող մեր այս զավակների տունդարձի համար։ Գիտեմ, որ Վեհափառը նույնպես։ Բայց հույսը թերեւս մարում է։