Իրական կյանքի պատրաստություն

 Երկիրը մեր հայրենիքը չէ: Աստված մեզ ստեղծել է այլ աշխարհի համար:
Մեր երկրավոր կյանքը իսկական եւ հիմնական կյանք չէ, այլ ընդամենը պատրաստություն է այդ կյանքի:

 Կարելի է ասել, որ այս աշխարհում մենք չենք ապրում , այլ սովորում ենք ապրել, պատրաստվում ենք մեզ համար նախատեսված ճշմարիտ կյանքի՝ Գալիք դարի հավիտենական կյանքի:

 Ոմանք համեմատում են երկրավոր կյանքը երեխայի ներարգանդային զարգացման հետ: Դեռ չծնված մանուկը մոր արգանդում ապրում է իր հատուկ մի կյանքով: Որպես կյանք, այն ամբողջական չի, այլ ընդամենը պատրաստություն է իսկական կյանքի: Մանուկը դեռ պիտի զարգանա մոր որովայնում, որպեսզի ժամանակին կարողանա ծնվել մեր աշխարհը, որտեղ եւ սկսվելու է իր իսկական եւ ամբողջական կյանքը: Եթե հղիությունը լավ է անցնում, երեխան իր ժամանակին գալիս է աշխարհ, որպես առողջ եւ լիարժեք բնակիչ: Իսկ եթե հղիությունը անհաջող է ընթանում, կամ որոշակի շեղումներ տեղի ունեցան, ապա մանկան նորմալ զարգացումը խախտվում է, եւ նա կարող է ծնվել թույլ եւ վատառողջ, այնպես որ նրան շատ դժվար կլինի մարդկային հասարակության լիարժեք անդամ դառնալ: Իսկ եթե հղիության ընթացքում կոպիտ շեղումներ, կամ վնասվածքներ պատահեցին, երեխան կարող է ընդհանրապես մեռած ծնվել, այսինքն, մեր աշխարհում ապրելու համար անպիտան:

 Ասվածը պետք է հարմարեցնել հոգեւորին: Մենք բոլորս ապրում ենք այս աշխարհում, ինչպես մանուկներ մոր արգանդում: Այս կյանքը, ինչպիսին որ կա, չի հանդիսանում իսկական եւ լիարժեք: Այն պետք է պատրաստի մեզ, որ ժամանակին կարողանանք ծընվել ճշմարիտ կյանք՝ Աստծո Արքայություն: Որպեսզի պատրաստվենք այդ կյանքի, մեզ տրված են Ավետարանի պատվիրաններ, սուրբ հայրերի խրատներ, Եկեղեցու սուրբ խորհուրդներ, մի խոսքով,այն ինչ բովանդակում է ամբողջ քրիստոնեական կենցաղը: Եթե մարդը ապրում է պահելով Քրիստոսի պատվիրանները, ապա նրա «ներարգանդային» զարգացումը ճիշտ է ընթանում եւ նա իր ժամանակին ծնվում է վերին, հանդերձյալ աշխարհ որպես նրա լիարժեք քաղաքացի՝ ընդունակ այնտեղ ապրելու: Իսկ եթե մարդ իր երկրավոր կյանքում ոտնահարում է Աստծո պատվիրանները, ապրում է մեղքերի ու կրքերի մեջ, ապա նրա հոգեւոր զարգացումը խախտվում է եւ այնպես կարող է պատահել, որ նա ընդունակ չի լինի ապրելու Գալիք դարի կյանքում:

 Նոր Կտակարանի Հայտնության գրքում նկարագրվում է, թե ինչպես իր տեսիլքներից մեկում Հովհաննես Աստվածաբանը դիտում էր փառահեղ մի կնոջը, որը արեւի ճառագայթներով էր զգեստավոեւված: Կինը հղի էր եւ գոռում էր ծննդական ցավերից ու տառապանքներից: Շատ մեկնիչներ այդ կնոջ կերպարի մեջ տեսնում էին Քրիստոսի Եկեղեցին, որից պիտի ծնվեն քրիստոնյաներ՝ երկրավոր աշխարհից դեպի հավիտենական կյանք: Այդպիսի ծնունդը հեշտ եւ պարզ ձեւով չի կատարվում՝ իզուր չէ Հովհաննեսը ասում ծննդական ցավերի ու տառապանքների մասին: Հենց այդ է պատճառը, որ հաճախ մարդը այնքան էլ չի հոժարում հոգեւոր, վերստին ծնունդ ապրելու: Այս աշխահում եւս մարդիկ պահում են իրենց ներարգանդային մանկան նման: Եթե հնար լիներ հարցնել մանկանը, արդյո՞ք ուզում է նա դուրս գալ մոր արգանդից մեր աշխարհ, ապա ինքը իհարկե դա չէր ցանականա: Արգանդում նա հարմարվել է, տաքացել եւ այնտեղ շատ սովորական է նրա համար: Եվ հանկարծ նրան առաջարկում են անցնել մեկ ուրիշ, անծանոթ աշխարհ, իր համար խորթ եւ ոչ բարյացակամ թվացող: Իհարկե նա կհրաժարվի: Սակայն, եթե հրաժարվեց, ապա նա երբեք չի կարողանա ապրել այն իսկական, լիարժեք կյանքով, որի համար ստեղծված էր: Ավելին, նա չի կարողանա շարունակել նաեւ իրեն սիրելի ու հաճելի դարձած ներարգանդային կյանքը, որովհետեւ մոր արգանդում գտնվել ավելի քան նախատեսված ժամկետը հնարավոր չէ: Դրա համար նա ընտրության առաջ է կանգնած՝ կամ ծնվել մեր աշխարհ, կամ մեռնել:

 Ճիշտ այդպես էլ մեր առաջ ընտրության խնդիր է դրված, սիրելի եղբայրներ եւ քույրեր: Մենք բոլորս էլ ապրում ենք այս աշխարհում, ինչպես մանուկներ մոր արգանդում: Եվ ժամանակին պիտի ծնվենք հավիտենական կյանք կամ կործանվել այս անցողիկ, նյութական աշխարհի հետ:

Իմանալով այսքանը, սիրելի եղբայրներ եւ քույրեր, այս հարցում լինենք չափազանց լուրջ եւ կատարենք միակ ճիշտ ընտրություն՝ հետեւենք մեր Փրկչին եւ մեր Տիրոջը: Տրամադրենք մեզ այնպես, որ ապրենք քրիստոնեաբար: Ջանանք ստուգությամբ կատարել Քրիստոսի պատվիրանները: Որովհետեւ , եթե մենք պահենք դրանք, ապա անկասկած կազատվենք մեզ սպառնացող կործանումից եւ ժամանակին, ինչպես նորածիններ մուտք կգործենք Քրիստոսի Թագավորությունը, նոր կյանք, երանելի Գալիք Դարը: Ամեն:

Աղբյուր՝ «Սյունյաց Կանթեղ ամսաթերթ» #48 (82)
Տեր Ընծա քհն. Միրզոյան