Ժամագրքի աղոթքներից մեկում դրա մասին ասվում է. «Գիտես զպետս մեր և զկարիս առաւել, քան զոր խնդրեմք և իմանամք»: Այսինքն` Աստված մեր պետքերն ու կարիքները մեր խնդրածից և իմացածից ավելին գիտե: Սակայն մեզ համար բավական չէ միայն Աստծո իմացությունը, այլ հավատացյալի գործողությունը ևս անհրաժեշտ է: Այսպես նաև, երբ մի բան են տալիս, մյուսը պետք է ձեռք մեկնի ու վերցնի, և կամ հաճախ ձեռք են մեկնում ու խնդրում, և դիմացինը տալիս է խնդրածը: Այսպես է նաև աղոթքը, որը կարգվել է Աստծո հետ կենդանի հարաբերություններ, հաղորդակցություն պահպանելու, հոգևոր զգացումները զարգացնելու համար, ինչն այլ կերպ չի լինում, քան միայն Աստծո հետ կենդանի շփման ու հաղորդակցության մեջ:
Նաև աղոթում ենք, որպեսզի իմանանք, որ Աստծո շնորհներով, պարգևներով ենք կյանքում բարիքներ ստանում: Աղոթքը մեզ մոտեցնում է Աստծուն, հոգևոր ոլորտ վեր հանում, հոգևոր փորձառություն տալիս, ներքին բերկրանքի կամ մխիթարության զգացումներ բերում, աղոթական ապրումներում մեզ միացնում Աստծո հետ, ինչպես սիրող հայրն ու որդին են գրկախառնվում և ջերմորեն զրուցում:
Եկեղեցական հեղինակներն զգուշացնում են, որ աղոթքի ժամանակ մտքի մեջ կամ մտավոր հայացքի առջև Աստծո երևակայական պատկերը չնկարենք, որովհետև դա կարող է շեղումների բերել, քանզի դրանով մարդն արդեն սկսում է աղոթել իր ստեղծած երևակայական պատկերին, և նրա հոգևոր ապրումները բանտարկված են մնում երևակայության սահմաններում: Բացի դրանից` սատանան նաև, ըստ Պողոս առաքյալի, կարող է ներկայանալ անգամ լուսե հրեշտակի կերպարանքով (Բ Կորնթ. 11.14): Դրա համար աղոթելիս հարկ է երևակայական պատկերներ չունենալ հոգեմտավոր հայացքի առջև:
Ադամ քահանա Մակարյան «Ոչ միայն հացիվ»
Սուրբ Էջմիածին 2016թ.