Կիրակի օրվանից հաշված` շաբաթվա վեցերորդ` ուրբաթ օրը, արարչության վեցերորդ օրվան և Քրիստոսի խաչելության օրվան նվիրված շարականը (հեղինակը Սուրբ Ներսես Շնորհալին է) գեղեցիկ կերպով ասում է, որ Իր բնությամբ բարի Աստված, չհանդուրժելով, որ միայն Ինքն ունի բարին ու բարիքը, Իր պատկերով մարդ ստեղծեց` նրան ևս բարիքներ տալու համար:
Աստվածային սերն է պատճառը մարդու, աշխարհի գոյության, որովհետև իրական սերն ինքնանպատակ չէ, այլ տարածվող է դեպի ուրիշները: Կան սիրո տարբեր դրսևորումներ, որոնք արտահայտվում են եսասիրական, շահամոլական, սեփական անձի օգտին առնչվող միտումներով: Սակայն սիրո բարձրագույն դրսևորումը հատկությունն ունի տալու, տարածվելու, և սիրո այս բարձրագույն արտահայտությունն է աստվածային սերը: Այդպիսի սերը նաև զոհաբերվող է, անձնվիրումի, անգամ հանուն մեկ ուրիշի կատարված անձնազոհության գործողություններով: Այդպիսի սիրո մասին է խոսում Հովհաննես Ավետարանիչը` ցույց տալով մարդկության հանդեպ աստվածային սերը. «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր միածին Որդուն տվեց, որպեսզի, ով Նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը. որովհետև Աստված Իր Որդուն չուղարկեց աշխարհ, որ դատապարտի աշխարհը, այլ որպեսզի աշխարհը նրանով փրկվի» (3.16-17): Ահա այդ սիրով է, որ իրականացվեց նաև Քրիստոսի փրկագործությունը հանուն մարդկության փրկության, և այդ սիրով Աստված մարդուն արժանացրեց հավիտենական կյանքի, հնարավորություն ընծայեց Երկնքի արքայությունը ժառանգելու:
Ադամ քահանա Մակարյան «Ոչ միայն հացիվ»
Սուրբ Էջմիածին 2016թ.