Ի՞նչ է երջանկությունը

Erjankutyun - Ի՞նչ է երջանկությունը

 Եթե այս հարցը տանք, կստանանք այնքան այլազան պատասխաններ, որքան մարդկանց այդ հարցը տվել ենք: Այս պատասխաններն էլ երբեմն իրարից հակասական են լինում: Ինչը երջանկություն է նկատվում մեկի համար, մյուսի համար դժբախտություն է: Մեկն իր երջանկությունը որոնում է խաղամոլության, հաշիշամոլության և սպառող ու այլասերող այլ հաճույքների մեջ, ուրիշ մեկի համար նման կյանքն անդարմանելի դժբախտություն է: Մեկի համար երջանկությունն աշխատանքի մեջ է, և չի կարող ըմբռնել, թե ուրիշներն ինչպես կարող են երջանկություն գտնել ծուլության ու անգործության մեջ: Ըստ մեր կարծիքի` երջանկության լավագույն սահմանումը տալիս են մանուկները` եթե ոչ խոսքով, գեթ գործերով: Մանուկը բնականից երջանիկ է, եթե կուշտ է և զբաղմունք, այսինքն` խաղալիք, ունի ու որևէ ցավ չունի:

 Սրանում բոլոր մանուկները գրեթե միաձայն են (անշուշտ, խոսքը հոգեպես առողջ, նորմալ մանուկների մասին է): Եվ նկատելի ու մատնանշելի հանգամանք է, որ չշփացած մանուկը չի մտահոգվում իր ուտելիքի ու խաղալիքի որակով, քանակով և տեսակով: Որքան ժամանակ նրա քիմքը հանդուրժում է` գոհ է կերածով: Խաղալիքի լավին ու վատին էլ չի նայում. ավելի պոչը կամ ավազի դեզը բավական են նրան ինքնամոռացության ոլորտները փոխադրելու համար, որը նրա համար երջանկության նախապայման է: Դժբախտաբար, սակայն, երջանկության այս տարրական պայմանները մանկան համար նույնը չեն մնում, այլ նրա հետ մեծանում և փոխվում են:

 Ֆիզիկական այս նախնական պահանջների կողքին ծնվում և աճում են իմացական, ընկերային ու ընտանեկան նոր պահանջներ, որոնք եթե չգոհացվեն, ապերջանկությունը կսողոսկի մարդու կյանքից ներս: Իսկ երբ տարիքն իր զենիթին է հասնում և սկսվում վայրէջքը, մեջտեղ են գալիս ֆիզիկական ու հոգեկան անկարողություններ, որոնք պատճառ են դառնում, որ երջանկության կապույտ թռչունը չկարողանա թառել մարդու կյանքի ծառին: Քչով գոհանալու և իր բնական ու պարզ պահանջների որակով և տեսքով չմտահոգվելու մանկական այս հոգեվիճակը եթե մանկան հետ նորմալ աճեր, և մեջտեղ չմտնեին արհեստական կարիքներ ու այլասերված ախորժակներ, մարդ արարածը մինչև իր կյանքի վերջը գրեթե չպիտի կորցներ երջանիկ լինելու տրամադրությունը և հնարավորությունը: Այսօր, սակայն, մեր պահանջները ոչ միայն բազմապատկված են, այլ նաև դրանց մեծագույն մասը կա՛մ այլասերված և կա՛մ արհեստական է: Մի պահ թողնենք «մոլություն» կոչվողները, որոնց մարդն այնքան մոլեգին կերպով է ցանկանում, և որոնք այնքան խենթ ձևով է «վայելում», ամենասովորական ու անմեղ նկատվող մեր հաճույքների մեծ մասը, հանապազօրյա սիգարետից և սուրճից մինչև կինոթատրոններն ու առտնին խաղաթղթի սեղանները, այլասերված սովորություններ են: Հագուստկ ապրուստի գրեթե բոլոր բծախնդրությունները, «մոդա» կոչվող բռնակալ հրեշը, ժամերով ուտել խմելը արհեստական պահանջներ են: Ստույգ է, սրանք վատառողջ ինչ-որ հաճույք մարդուն մի պահ պատճառում են, բայց տևական երջանկություն երբեք չեն կարող պարգևել: Ընդհակառակը, կարող են ծնունդ տալ դրամական տագնապների և ֆիզիկական անհանգստությունների, և մինչև իսկ մարդուն իր բանականությունից ու արժանապատվությունից մերկացնելով` կարող են վերածել եսակենտրոն կենդանի «ռոբոտի»: Անտարակուսելի է, որ սակավապետ մարդիկ և բնության հետ հաշտ ու ներդաշնակ ապրող ընկերություններն (հասարակություններ-թարգմ.) ավելի հավանականություն ունեն գոհունակ և երջանիկ ապրելու, քան բազմապահանջ զանգվածները:

 Ըստ այսմ, հնօրյա հովիվ ժողովուրդները քանի դեռ կռիվ չունեին արոտավայրի կամ ջրհորի համար, երջանիկ լինելու բոլոր բնական պայմաններն ունեին` բացօթյա առողջ կենցաղ, սննդարար ուտելիք, բրդից կամ մորթուց հագնելիք և այլն, և այլն: Նույնպես և հողագործ հավաքականությունները. քանի դեռ միմյանց հետ սահմանային վեճեր կամ հասարակաց առվից իրենց արտերը ոռոգելու խնդիրներ չկային, ապերջանիկ լինելու զորավոր պատճառներ էլ չունեին: Այսքան պարզ կամ նախնական կացությունը, սակայն, երկար ժամանակի համար չէր սահմանված: Մարդիկ աճեցին, բազմացան ու լցրեցին երկիրը` ըստ սուրբգրային աստվածային պատգամի: Պետություններ ծնվեցին ու կայսրություններ կազմվեցին, որոնք կաշկանդեցին մարդկային բնատուր կամ աստվածատուր ազատությունը, որը բնական երջանկության նախապայմանն է: Մարդկային բնազդական առողջ կրոնական ըմբռնումը, թե տեսանելի տիեզերքի ետևում կա բանական, արարչագործ և նախախնամող մի էություն, այլասերվեց կռապաշտական, բնապաշտական ու հեթանոսական այլ կրոններով, և վերջապես վրա հասավ «քաղաքակրթություն» ասված հրեշը` իր անհագուրդ ու անվերջանալի պահանջներով: Կյանքը գրեթե խաթարվեց, այսինքն` քաղաքները, ուր սկսեցին հավաքվել մարդկանց մեծ զանգվածներ, և որոնց ծնունդը եղավ վերոհիշյալ չակերտված բառը, իրենց կապը գրեթե խզեցին բնության հետ, որի անբաժան և ամբողջացնող մասն է մարդ արարածը: Այս խզումը պատճառ եղավ, որ մարդը զրկվի բնատուր երջանկությունից և հարկադրվի ստեղծել արհեստական միջոցներ` փոխարինելու համար այդ կորուստը: Այսպես ծնվեցին թատրոնները և կրկեսները, որոնցից մեկը կամ մյուսը այս կամ այն շրջանում եթե ազնվական վայելքի նպատակներին իսկ հատկացված եղան, խորքում և նպատակով նույնը մնացին` իրական և բնական երջանկությունից զրկված մարդուն ժամանակավոր ու զգացահույզ հաճույք պարգևել: Սրանց հաջորդեցին ավելի ցածրերը և վնասակարները, գինետներ և հանրատներ` մնացած բոլորով հանդերձ, նույն նպատակով: Ներկայում մարդկությունը հասել է այնպիսի մի վիճակի, ուր այլևս գրեթե անհնար է վերադառնալ սակավապետ կյանքին և բնության հետ հաշտ ապրելու պայմանին, ինչը համազոր է ասելու, որ մարդն անվերադարձ կորցրել է իր բնատուր երջանկությունը... Բայց չի կորցրել այն վերստին ունենալու կամ նրան վերադառնալու իր բնատուր ձգտումը:

Աղբյուր՝ «Սյունյաց Կանթեղ» ամսաթերթ