Ի՞ՆՉ Է ԱՂՈԹՔԸ, ԻՆՉՈ՞Ւ ՊԻՏԻ ԱՂՈԹԵՆՔ

Aghotq 720x660 - Ի՞ՆՉ Է ԱՂՈԹՔԸ, ԻՆՉՈ՞Ւ ՊԻՏԻ ԱՂՈԹԵՆՔ

«ՈՎ ՉԻ ԱՂՈԹՈՒՄ, ԱՍՏԾՈՒ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՈՒ ԽՆԱՄՔԻՑ ԶՈՒՐԿ Է ՄՆՈՒՄ»։
«ԱՂՈԹՔՆ Է ՄՏՔԻ ՈՒ ՀՈԳՈՒ ԱՉՔԸ»
«Ինչ էլ խնդրենք ըստ Նրա կամքի, Նա մեզ կլսի» (Ա Հովհ. 5:14):

  Հետևաբար աղոթքն աստվածսիրության առաջին պտուղն ու անդրանիկ ծնունդն է, և որքան մեկի սերը զորավոր ու բարձրաթռիչ է, այնքան նրա աղոթքի արդյունքները վեր են սլանում և մոտենում Աստծուն:
Եվ թեպետ բոլոր առաքինական գործերի աղբյուրն ու արմատը սերն է, սակայն աղոթքը նրանց մեջ որպես սկզբնական անխառն ծորում ու երախայրի պտուղ է:

 Արդարև, ոչ ոք չի կարող իրեն անբասիր ներկայացնել, եթե աղոթքն անտեսում է: Որովհետև ամեն ժամ ու ամենուր, ինչ վիճակում էլ որ մեկը լինի՝ թե առողջ և թե հիվանդ, կարող է Աստծուն մտքում ունենալ, Նրան փառավորել, գովել ու օրհնել. այս իսկ է աղոթելը:

 Թեպետ աղոթքները հույժ բազում են, սակայն նրանցում արեգակի պես փայլում է մեր ազգի մեջ Սուրբ Գրիգոր Նարեկացու աղոթական մատյանը: Ազդու և պարզ է Սուրբ Ներսես Շնորհալու ստեղծած «Հավատով խոստովանիմ»-ը, որը թե այր և թե կին պարտավոր են սովորել և ամեն օր նրանով աղոթել Աստծուն, ուր էլ գտնվեն:

 Առանձնական աղոթքը հույժ օգտակար է: Բայց հարկ է նախ հասարակաց աղոթքը կատարել եկեղեցում և հետո առանձնականը: Իսկ եթե մեկը ծուլության պատճառով չի գնում եկեղեցի և համարում է, թե առանձնական աղոթքով ազատվում է պարտքից, մեծապես խաբվում է: Քանզի եթե եկեղեցի կա, և ինքը կարող է գնալ այնտեղ, զանց առնելով մեղանչում է:

 Աղոթելիս նախ պետք է խնդրել Աստծու արքայությունը միայն իր անձի համար, իսկ այլ բաները՝ արքայության համար: Որովհետև այն, ինչ կարգված չէ երկնքի արքայությունը ստանալու համար կամ նրան չի վերաբերում, վայել չէ Աստծուց հայցել:

 Ուստի եթե մեկը խնդրում է կյանք, իմաստություն, զավակ կամ ունեցվածք, մտքում պիտի դնի դրանցով ծառայել Աստծուն. այսինքն՝ կյանք է խնդրում, որ ապաշխարի, իմաստություն, որ սխալվելով մեղքի մեջ չընկնի, զավակ, որ նրան Աստծու ծառա դարձնի, ունեցվածք, որ աղքատներին ու կարոտյալներին բաշխի:

 Սակայն մենք պիտի խնդրենք Աստծու արքայությունն ու Նրա արդարությունը, և այլ բոլոր բաները, որոնց կարիքն ունենք, քանի դեռ մարմնի մեջ ենք, Աստված Ինքը մեզ կտա, որովհետև գիտի մեր պետքերն ու կարիքներն ավելի լավ, քան մենք խնդրում ենք ու գիտենք (Մատթ. 6:33):

 Ուրեմն ով չի աղոթում, Աստծու օգնությունից ու խնամքից զուրկ է մնում: Եթե արդար մեկն է, իր արդարությունը կորցնում է, որովհետև աղոթքն է, որ մարդուն Աստծու շնորհի մեջ է պահում: Իսկ եթե մեղավոր մեկն է, չի կարող մեղքի վիհից ելնել ու արդարացվել, որովհետև զղջման շնորհն աղոթքով է պարգևվում:

 Աստծու պարգևները նման են աշխարհի վրա ծագած արեգակի լույսի: Սակայն ինչպես որ լույսը վայելելու համար աչք է հարկավոր, այդպես էլ Աստծու պարգևներն ընդունելու և վայելելու համար աղոթք է պետք. որովհետև աղոթքն է մտքի ու հոգու աչքը:

ՊՈՂՈՍ ՊԱՏՐԻԱՐՔ ԱԴՐԻԱՆՈՒՊՈԼՍԵՑԻ 1763-1853
«ԽՐԱՏԻ ԹԱՆԳԱՐԱՆ»

Տեր Հովսեփ քահանա Հակոբյան