«Հուսո ճանապարհ» երիտասարդական կրթամշակութային հասարակական կազմակերպության հայտարաությունը

 Վերջին օրերին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բազմաթիվ հետևորդների և մեզ մտահոգել է այն փաստը, որով ԿԳՍՄ նախարարության կողմից շրջանառության մեջ դրված կրթության նոր չափորոշչի նախագծով «Հայ եկեղեցու պատմություն» առարկան, որպես առանձին դասավանդվող առարկա չեղարկվում է և միավորվում «Հայ ժողովրդի պատմություն» առարկային:
Կարելի է օրերով խոսել հայ ժողովրդի կյանքում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ դերի, նրա հայապահպան գործունեության եւ քրիստոնեական բարոյականության արժեքների պահպանության մասին: Բայց ավելի շատ ցանկանում ենք կենտրոնանալ «Հայ եկեղեցու պամություն» առարկայի կարևորության վրա:
Շուրջ 15 տարի է, որ մեր հանրակրթական դպրոցներում դասավանդվում է այդ առարկան և իր դրական նշանակությունն է ունեցել աշակերտների հոգեկերտվածքի մեջ:
Մենք այդ ամենը չենք լսել այլ աղբյուրներից, մենք դա տեսել ենք մեր աչքերով: Շփվելով մի քանի տասնյակ հանրակրթական դպրոցների հարյուրավոր պատանիների հետ, տեսել ենք նրանց հետաքրքրությունը այդ առարկայի նկատմամբ, զգացել այն դրական ներգործությունը, որով առարկայի դասավանդումը առաջացնում է պատանու մոտ հոգևոր և բարոյական նկարագրի ձևավորում:
Դժվար է պնդել, որ այս տարիների ընթացքում առարկայի դասավանդման մեջ չեն եղել բացթողումներ, այդյո՞ք դասավանդող բոլոր ուսուցիչներն են ունեցել համապատասխան որակավորում: Այո, եղել են և կան որոշակի բացթողումներ, բայց դա մեր կարծիքով պատճառ չի կարող հանդիսանալ, որպեսզի առանձին դասավանդվող առարկան չեղարկվի:
Խնդիրների վերացման ամենատարածված և սխալ մոտեցումը երևույթի չեղարկումն է:
Մենք, կիսելով Առաքելական Եկեղեցու հազարավոր հետևորդների մտահոգությունները «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի, որպես առանձին միավորի չեղարկման հարցում, կոչ ենք անում նախարարությանը վերանայել իրենց մոտեցումները այս հարցում:
«Հայ եկեղեցու պատմություն» առարկան պետք է շարունակվի դասավանդվել, ի նպաստ ձևավորվող սերնդի քրիստոնեական արժեհամակարգի ամրապնդմանը:

«Հուսո ճանապարհ» երիտասարդական կրթամշակութային հասարակական կազմակերպություն: