Հունվարի 5† Եշ. Ճրագալոյց Ս. Ծննդեան եւ Աստուածայայտնութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի

Տիտոս  2.11-15։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 1.18-25։

Տիտոս

11Քանզի Աստուած իր շնորհը յայտնեց որպէս փրկութեան միջոց բոլոր մարդկանց, 12շնորհ, որ խրատում է մեզ, որ մերժենք ամբարշտութիւնը եւ աշխարհիկ ցանկութիւնները, այս աշխարհում ապրենք զգաստութեամբ, աստուածապաշտութեամբ 13եւ ակնդէտ սպասենք երանելի յոյսին եւ փառքի յայտնութեանը մեծն Աստծու եւ մեր Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի, 14որ իր անձը տուեց մեզ համար, որպէսզի մեզ փրկի ամէն անօրէնութիւնից եւ մաքրի որպէս իրեն սեփական ժորովուրդ՝ նախանձախնդիր բարի գործերի։ 15Այս բաները խօսի՛ր, յորդորի՛ր եւ յանդիմանի՛ր ամենայն խստութեամբ, որպէսզի չլինի մէկը, որ քեզ արհամարհի։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ

ՅԻՍՈՒՍԻ ԾՆՈՒՆԴԸ

18 Յիսուս Քրիստոսի ծնունդը այսպէս եղաւ. նրա մայրը՝ Մարիամը, որ Յովսէփի նշանածն էր, նախքան նրանց՝ իրար մօտենալը, Սուրբ Հոգուց յղիացած գտնուեց: 19 Եւ Յովսէփը՝ նրա մարդը, քանի որ արդար էր եւ չէր կամենում նրան խայտառակել, մտածեց առանց աղմուկի արձակել նրան: 20 Եւ մինչ նա այս բանի մասին էր մտածում, ահա Տիրոջ հրեշտակը երազի մէջ երեւաց նրան եւ ասաց. «Յովսէ՛փ, Դաւթի՛ որդի, մի՛ վախեցիր քեզ մօտ առնելու Մարիամին՝ քո կնոջը, որովհետեւ նրա մէջ ծնուածը Սուրբ Հոգուց է: 21 Նա մի որդի պիտի ծնի, եւ նրա անունը Յիսուս պիտի դնես, քանի որ նա պիտի փրկի իր ժողովրդին՝ իր մեղքերից»: 22 Սակայն այս ամէնը եղաւ, որպէսզի կատարուի, ինչ որ Տիրոջ կողմից ասուել էր Եսայի մարգարէի բերանով. 23 «Ահա կոյսը պիտի յղիանայ եւ մի որդի պիտի ծնի, եւ նրան պիտի կոչեն Էմմանուէլ, որ նշանակում է Աստուած մեզ հետ»: 24 Եւ Յովսէփը քնից արթնանալով՝ արեց, ինչպէս հրամայել էր իրեն Տիրոջ հրեշտակը, եւ իր կնոջն առաւ իր մօտ: 25 Բայց նրա հետ չյարաբերուեց, մինչեւ Մարիամը ծնեց իր անդրանիկ որդուն եւ նրա անունը դրեց Յիսուս:

Ճրագալույցի մասին