Հունվարի 24 Եշ. ԲՁ. Տրիփոնի, Պարսամայ եւ Ոնոփրիոսի ճգնաւորացն

Astvacashunch yntercumner11 880x660 - Հունվարի 24 Եշ. ԲՁ. Տրիփոնի, Պարսամայ եւ Ոնոփրիոսի ճգնաւորացն

Եսայի 41.15-20: Ա Պետրոս 2.9-15: ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 9.39-10.10։

ԵՍԱՅՈՒ ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ

15 Ահա քեզ դարձրի սղոցատամ կամնասայլի նոր անիւների պէս.
լեռները պիտի կալսես,
բլուրները պիտի մանրես,
փոշու պիտի վերածես դրանք ու քշես տանես:
16 Հողմերը պիտի տանեն դրանք,
եւ մրրիկները պիտի ցրեն:
Բայց դու ուրախ պիտի լինես Տիրոջով՝ Իսրայէլի սրբով:
17 Պիտի ցնծան տնանկներն ու չքաւորները,
որոնք ջուր էին փնտռում ու չէին գտնում,
եւ նրանց լեզուները ծարաւից ցամաքում էին:
Ես՝ Տէր Աստուածս, Իսրայէլի Աստուածս,
կը լսեմ նրանց եւ չեմ լքի նրանց:
18 Գետեր կը բխեցնեմ լեռների վրայ
եւ դաշտերի մէջ՝ աղբիւրներ,
անապատը կը վերածեմ ջրերի լճակների
եւ տոչորուած երկիրը՝ վտակների:
19 Անջրդի հողում մայրի ու տօսախ,
մրտենի ու նոճի, սօսի ու դափնի,
սոճի ու կաղամախի,
գիհի ու ձիթենի կ՚աճեցնեմ,
20 որպէսզի տեսնեն ու գիտենան,
ճանաչեն ու իմանան բոլորը,
թէ Տիրո՛ջ ձեռքը կատարեց այդ ամէնը,
եւ Իսրայէլի սո՛ւրբը հաստատեցե:

ՊԵՏՐՈՍ ԱՌԱՔԵԱԼԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ԹՈՒՂԹԸ

 9 Բայց դուք ընտիր ցեղ էք, թագաւորութիւն, քահանայութիւն, սուրբ ազգ, Աստծու սեփական ժողովուրդ, որպէսզի ձեր առաքինութիւնները նուիրէք նրան, ով խաւարից ձեզ կանչեց իր սքանչելի լոյսին: 10 Դուք, որ մի ժամանակ ժողովուրդ չէիք, բայց այժմ Աստծու ժողովուրդն էք. դուք, որ ողորմութիւն չէիք գտել, այժմ ողորմութիւն գտաք:
11 Սիրելինե՛ր, աղաչում եմ ձեզ, իբրեւ պանդուխտների եւ օտարականների, որ հեռու մնաք մարմնաւոր ցանկութիւններից, որոնք պայքարում են հոգու դէմ, 12 եւ ցոյց տաք ձեր պարկեշտ վարքը հեթանոսների մէջ, որպէսզի այն բանում, որ ձեզ բամբասում են իբրեւ չարագործների, դրա մէջ իսկ տեսնելով ձեր բարի գործերը՝ փառաւորեն Աստծուն նրա այցելութեան օրը:
13 Ի սէր Տիրոջ հնազա՛նդ եղէք մարդկային ամէն իշխանութեան՝ թէ՛ թագաւորին, որպէս գերագոյն հեղինակութիւն ունեցող մէկի, 14 թէ՛ կառավարիչներին, որպէս նրանից ուղարկուածների, այն բանի համար, որ նրանք չարագործներին պատժում են, իսկ օրէնքը պահողներին՝ գովում. 15 որովհետեւ Աստծու կամքը այն է, որ բարեգործները պապանձեցնեն անխելք մարդկանց տգիտութիւնը:

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ

39Եւ Յիսուս ասաց. «Դատաստանի համար եկայ այս աշխարհը, որպէսզի, ովքեր չեն տեսնում, տեսնեն, եւ ովքեր տեսնում են, կուրանան»։ 40Փարիսեցիներից ոմանք, որ Յիսուսի հետ էին, այդ լսեցին ու նրան ասացին. «Միթէ մե՞նք էլ կոյր ենք»։ 41Յիսուս նրանց ասաց. «Եթէ կոյր լինէիք, դուք մեղք չէիք ունենայ, բայց հիմա ասում էք, թէ՝ տեսնում ենք. եւ ձեր մեղքը ձեր մէջ հաստատ է մնում»։
10 «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ով ոչխարների փարախը դռնով չի մտնում, այլ ուրիշ տեղով է բարձրանում, նա գող է եւ աւազակ. 2իսկ ով դռնով է մտնում, հովիւ է ոչխարների։ 3Դռնապանը նրա համար բացում է դուռը, եւ ոչխարները լսում են նրա ձայնը. նա իր ոչխարներին անուններով է կանչում եւ նրանց դուրս է հանում։ 4Եւ երբ իր բոլոր ոչխարներին հանի, նրանց առջեւից է գնում, եւ ոչխարները հետեւում են նրան, որովհետեւ ճանաչում են նրա ձայնը։ 5Օտարի յետեւից չեն գնայ, այլ կը փախչեն նրանից, որովհետեւ չեն ճանաչում օտարների ձայնը»։ 6Յիսուս նրանց այս առակն ասաց, իսկ նրանք չէին իմանում, թէ ինչ էր այն, որ նա իրենց ասում էր։ 7Դարձեալ Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ես եմ ոչխարների դուռը։ 8Բոլոր նրանք, որ ինձնից առաջ եկան, գողեր էին ու աւազակներ, ուստի ոչխարները նրանց չլսեցին։ 9Ես եմ դուռը. եթէ մէկը իմ միջով մտնի, կը փրկուի. կը մտնի ու կ՚ելնի եւ ճարակելու բան կը գտնի։ 10Գողը գալիս է միայն, որպէսզի գողանայ, սպանի եւ կորստեան մատնի. ես եկայ, որպէսզի կեանք ունենան եւ՝ առաւել եւս ունենան։