Հունվարի 16 Գշ. ԲԿ. Սրբոցն Պետրոսի հայրապետին, Վլասայ եպիսկոպոսին եւ Աբիսողոմայ սարկաւագին

Իմաստութիւն Սողոմոնի 5.1‐8։ Բարուք 3.31‐4.4։ Հռոմէացիներ 8.28‐39։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 10.11‐16։

Իմաստութիւն Սողոմոնի

5 Այն ժամանակ արդարը շատ համարձակ պիտի կանգնի իրեն նեղողների հանդէպ, եւ նրանք, ովքեր արհամարում էին նրա վաստակը, 2տեսնելով նրան, պիտի խռովուեն սաստիկ երկիւղիցեւ պիտի զարհուրեն նրա սքանչելի փրկութեան համար։ 3Նրանք պիտի զղջան իրենց մտքումեւ հոգու նեղութիւնից ճնշուած՝ պիտի հառաչեն ու ասեն. «Սա այն մարդն է, որին մենք ծաղրում էինք մի ժամանակ եւ նախատինք էինք տալիս։ 4Մենք՝ անմիտներս, նրա վարքը մոլորութիւն էինք համարում, իսկ նրա վախճանը՝ անարգանք։ 5Բայց նա ինչպէ՞ս դասուեց Աստծու որդիների շարքը՝ դառնալով սրբերին վիճակակից։ 6Ուրեմն մենք մոլորուեցինք ճշմարտութեան ճանապարհից, արդարութեան լոյսը չլուսաւորեց մեզ, եւ մեր սրտերում չծագեց արդարութեան արեգակը։ 7Մենք խրուեցինք անօրէնութեան եւ կորստեան շաւիղների մէջ, գնացինք անկոխ անապատներով եւ չճանաչեցինք Տիրոջ ճանապարհները։ 8Ի՞նչ շահ բերեց մեզ հպարտութիւնը, եւ ի՞նչ նպաստ բերեց մեզ հարստութեամբ պարծենալը։

Բարուք

31Չկայ մէկը, որ իմանայ նրա ճանապարհները, ո՛չ ոք, որ գիտակցի նրա շաւիղները։ 32Բայց Նա, որ գիտէ ամէն ինչ, Նա՛ է ճանաչում իմաստութիւնը, Նա՛ է իր իմաստութեամբ գտել այն, Նա, ով ստեղծել է երկիրը յաւիտենական ժամանակների համար, լցրել այն կենդանիներով եւ չորքոտանիներով, 33Նա, ով լոյսն է ուղարկում՝ եւ լոյսը գնում է, յետ է կանչում՝ եւ լոյսը դողալով հնազանդւում է նրան. 34աստղերը ծագել են՝ իւրաքանչիւրն իր տեղում, եւ ուրախացել. 35Նա կանչում է աստղերին, ու նրանք ասում են՝ «Ահա այստե՛ղ ենք», եւ զուարթօրէն ճառագում են իրենց Արարչի համար։ 36Դա մեր Աստուածն է, որի հետ ոչ ոք չի կարող համեմատուել, 37որը գտաւ իմաստութեան բոլոր ճանապարհները եւ դրանք տուեց իր ծառայ Յակոբին ու իր սիրեցեալ Իսրայէլին։ 38Դրանից յետոյ իմաստութիւնը յայտնուեց երկրի վրայ ու շրջեց մարդկանց մէջ։
4 Իմաստութիւնը Աստծու պատուիրանների գիրքն է,Օրէնքն է, որ կայ յաւիտեան։ Բոլոր նրանք, ովքեր ընդունում են այն, պիտի ապրեն, իսկ ովքեր թողնում են այն, պիտի մեռնեն։ 2Դարձի՛ր, Յակո՛բ, եւ բռնի՛ր իմաստութիւնից՝նրա լոյսի ծագման իսկ պահին։ 3Քո փառքն ուրիշին մի՛ տուր, եւ քո վաստակները՝ օտար ազգին։ 4Երանի է մեզ, Իսրայէ՛լ, որովհետեւ գիտենք, թէ ի՛նչն է հաճելի Աստծուն։

Հռոմէացիներ

28Բայց գիտենք, թէ ամէն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն, որոնք եւ կանչուեցին նրա նախասահմանումով. 29որովհետեւ նրանց, որ առաջուց գիտէր, նախասահմանեց կերպարանակից լինելու իր Որդու պատկերին, որպէսզի նա լինի անդրանիկը բազում եղբայրների մէջ. 30եւ որոնց որ նախասահմանել էր, նրանց էլ կանչեց. եւ որոնց որ կանչեց, նրանց էլ արդարացրեց. եւ որոնց որ արդարացրեց, նրանց էլ փառաւորեց։ 31Իսկ արդ, ի՞նչ ասենք այս մասին։ Եթէ Աստուած մեր կողմն է, ո՞վ կը լինի մեզ հակառակ։ 32Նա, որ իր Որդուն իսկ չխնայեց, այլ մեր բոլորի համար մահուան մատնեց նրան, էլ ինչպէ՞ս մեզ չի շնորհելու ամենայն ինչ նրա հետ մէկտեղ։ 33Ո՞վ է, որ մեղադրելու է Աստծու ընտրեալներին. Աստուած է, որ արդարացնում է։ 34Իսկ արդ, ո՞վ է, որ դատապարտելու է։ Քրիստոս Յիսուս է, որ մեռաւ, մանաւանդ որ յարութիւն էլ առաւ. եւ Աստծու աջում է եւ բարեխօս է մեզ համար։ 35Արդ, ո՞վ պիտի բաժանի մեզ Քրիստոսի սիրուց. տառապա՞նքը, թէ՞ անձկութիւնը, թէ՞ հալածանքը, թէ՞ սովը, թէ՞ մերկութիւնը, թէ՞ վտանգները, թէ՞ սուրը, 36ինչպէս գրուած էլ է. 37Բայց այս բոլորից է՛լ աւելի յաղթական ենք դուրս գալիս նրա միջոցով, ով սիրեց մեզ. 38որովհետեւ վստահ եմ, թէ ո՛չ մահը, ո՛չ կեանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ իշխանութիւնները, ո՛չ այլ բաներ, որ այժմ կան, ո՛չ գալիքները եւ ո՛չ զօրութիւնները, 39ո՛չ բարձրութիւն, ո՛չ խորութիւն եւ ո՛չ մի ուրիշ արարած չի կարող բաժանել մեզ Աստծու այդ սիրուց, որ կայ մեր Տէր Քրիստոս Յիսուսով։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ

11Ես եմ լաւ հովիւը. լաւ հովիւը իր կեանքն է տալիս ոչխարների համար։ 12Իսկ վարձկանը, որ հովիւ չէ, եւ ոչխարներն էլ իրենը չեն, երբ տեսնում է, որ գայլը գալիս է, թողնում է ոչխարներին եւ փախչում է։ Եւ գայլը յափշտակում է նրանց ու ցրում է. 13քանի որ վարձկան է, եւ ոչխարների համար հոգ չի անում։ 14Ես եմ լաւ հովիւը. եւ ճանաչում եմ իմ ոչխարներին ու ճանաչւում նրանցից։ 15Ինչպէս Հայրը ինձ ճանաչում է, ես էլ ճանաչում եմ Հօրը. եւ իմ կեանքը կը տամ իմ ոչխարների համար։ 16Ես ունեմ նաեւ այլ ոչխարներ, որոնք այս փարախից չեն. նրանց եւս պէտք է այստեղ բերեմ. եւ իմ ձայնը պիտի լսեն. եւ պիտի լինի մի հօտ եւ մի հովիւ։