Հունվարի 1 Շբ. ԱՁ. Գ օր Ս. Ծննդեան պահոց: Սրբոցն Բարսղի Հայրապետին եւ եղբօր նորին Գրիգորի Նիւսացւոյն, Սեղբեստրոսի Հռովմայ Հայրապետին եւ Աբբայ Եփրեմի Խուրին Ասորւոյ

Առակներ 11.2-11: Եսայու մարգարեություն 4.2-6: ԿՈՂՈՍԱՑԻՆԵՐ 1.21-29: ԱՎԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ. 10.11-16:

Առակներ

2 Ուր թշնամանք է մտնում,
այնտեղ կայ նաեւ անարգանք:
Խոնարհների բերանն իմաստութիւն է խորհում:
3 Ուղղամիտներին առաջնորդելու է իրենց կատարելութիւնը,
բայց անօրէններին կործանելու է իրենց գայթակղութիւնը:
4 Հարստութիւնը չի օգնի բարկութեան օրը,
բայց արդարութիւնը կը փրկի մահից:
Արդարը մեռնում է եւ մեծ ափսոսանք թողնում,
ամբարիշտների կորուստը պիտի լինի բիրտ ու անարգ:
5 Անբիծ մարդու արդարութիւնը ուղղում է նրա ճանապարհները,
բայց ամբարիշտ մարդուն կորստի է մատնում անիրաւութիւնը:
6 Ուղղամիտ մարդկանց արդարութիւնը փրկում է իրենց,
բայց անօրէնները պիտի կորչեն անմտութիւնից:
7 Երբ արդար մարդը վախճանուի,
նրա յոյսը չի կորչում,
բայց ամբարիշտների սնափառութիւնը պիտի կորչի:
8 Արդարը պիտի խոյս տայ որսացողներից,
իսկ նրա փոխարէն ամբարիշտը պիտի մատնուի կորստի:
9 Անօրէնների բերանը որոգայթ է ընկերների համար,
իսկ արդարների իմաստութիւնը երաշխիք է յաջողութեան:
10 Արդարների բարութեամբ բարեկարգւում է քաղաքը,
իսկ ամբարիշտների կորստեամբ ուրախութեան հանդէս է լինում:
11 Ուղղամիտների օրհնութեամբ բարձրանում է քաղաքը,
բայց կը կործանուի ամբարիշտների բերանով:

Եսայու մարգարեություն

2 Այն օրն Աստուած իր խորհրդաւորութեամբ ու փառքով պիտի ճառագի երկրի վրայ՝ բարձրացնելու եւ փառաւորելու համար Իսրայէլի մնացորդացին: 3 Թէ՛ Սիոնից մնացածները եւ թէ՛ Երուսաղէմից մնացածները, բոլորը, որոնք Երուսաղէմի կենաց գրքի մէջ են գրուած, սուրբ պիտի կոչուեն, 4 քանզի Տէրը Սիոնի եւ Երուսաղէմի տղաների ու աղջիկների աղտեղութիւնը պիտի լուանայ, դատաստանի հոգով եւ այրման հոգով արիւնը նրանց միջից պիտի սրբի: 5 Նա պիտի գայ, եւ Սիոն լերան բոլոր տեղերը ու նրա շուրջն եղած ամէն ինչ ցերեկն ամպհովանի պիտի ունենան, իսկ գիշերը պիտի ծածկուեն ամենայն փառաւորութեամբ, կարծես բորբոքուած կրակի լոյսով ու ծխով: 6 Հովանի պիտի լինի տօթի դէմ, եւ ապաստարան ու ծածկ՝ սաստկաշունչ եղանակի ու անձրեւի դէմ:

ԿՈՂՈՍԱՑԻՆԵՐ

21 Եւ ձեզ, որ մի ժամանակ օտարացած եւ թշնամացած էիք Նրան ձեր մտածումներով եւ չար գործերով, այժմ, 22 ահա՛ւասիկ, հաշտեցրեց ձեզ իր իսկ մարմնով եւ իր մահուամբ, որպէսզի ներկայացնի ձեզ Աստծու առաջ սուրբ, անբիծ եւ անարատ, 23 եթէ ամուր ու անսասան մնաք հաւատի մէջ եւ անխախտ՝ յոյսի մէջ այն Աւետարանի, որ լսեցիք եւ որ քարոզուեց երկնքի տակ գտնուող բոլոր արարածներին, եւ որին ես՝ Պօղոսը, սպասաւոր եղայ:
24 Եւ այժմ ուրախ եմ ձեզ համար կրած իմ չարչարանքների համար եւ լրացնում եմ իմ մարմնի մէջ Քրիստոսի նեղութիւնների պակասը իր մարմնի համար, որ է եկեղեցին. 25 դրան ես՝ Պօղոսը, սպասաւոր եղայ ըստ Աստծու տնտեսութեան, որ տրուեց ինձ՝ ձեր մէջ կատարելապէս քարոզելու Աստծու խօսքը, 26 այն խորհուրդը, որ ծածկուած էր դարերից եւ սերունդներից, եւ որ այժմ յայտնուեց իր սրբերին. 27 Աստուած ուզեց ցոյց տալ նրանց, թէ փառքի ինչ ճոխութիւն կայ այս խորհրդի մէջ հեթանոսների համար. եւ այդ խորհուրդը այս է. Քրիստոս՝ փառքի յոյսը, ձեր մէջ: 28 Այդ Քրիստոսն ենք քարոզում մենք, յորդորում ենք ամէն մարդու եւ ուսուցանում ամէն մարդու ամենայն հոգեւոր իմաստութեամբ, որպէսզի ամէն մարդու կատարեալ դարձնենք ի Քրիստոս Յիսուս, 29 որի համար եւ աշխատում ու պայքարում եմ ըստ նրա այն ուժի, որ գործում է իմ մէջ զօրութեամբ:

ԱՎԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ

11 Ես եմ լաւ հովիւը. լաւ հովիւը իր կեանքն է տալիս ոչխարների համար: 12 Իսկ վարձկանը, որ հովիւ չէ, եւ ոչխարներն էլ իրենը չեն, երբ տեսնում է, որ գայլը գալիս է, թողնում է ոչխարներին եւ փախչում է: Եւ գայլը յափշտակում է նրանց ու ցրում է. 13 քանի որ վարձկան է, եւ ոչխարների համար հոգ չի անում: 14 Ես եմ լաւ հովիւը. եւ ճանաչում եմ իմ ոչխարներին ու ճանաչւում նրանցից: 15 Ինչպէս Հայրը ինձ ճանաչում է, ես էլ ճանաչում եմ Հօրը. եւ իմ կեանքը կը տամ իմ ոչխարների համար: 16 Ես ունեմ նաեւ այլ ոչխարներ, որոնք այս փարախից չեն. նրանց եւս պէտք է այստեղ բերեմ. եւ իմ ձայնը պիտի լսեն. եւ պիտի լինի մի հօտ եւ մի հովիւ: