Հունիսի 21 Եշ. ԱԿ. Սրբոց թարգմանչաց հարցն մերոց Սահակայ եւ Մեսրովբայ

Astvacashunch yntercumner11 880x660 - Հունիսի 21 Եշ. ԱԿ. Սրբոց թարգմանչաց հարցն մերոց Սահակայ եւ Մեսրովբայ

ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ՍՈՂՈՄՈՆԻ 8.7-10։ ԵՍԱՅԻ 61.6-9։ Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 12.4-11։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 12.32-40։

ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ՍՈՂՈՄՈՆԻ

7Եթէ մարդ արդարութիւն է սիրում, ապա արդարութեան վաստակի արդիւնքը առաքինութիւնն է, որովհետեւ նա է, որ սովորեցնում է գիտութիւն եւ խոհեմութիւն, արդարամտութիւն եւ արիութիւն, որոնցից առաւել պիտանի բան չկայ մարդու կեանքում. 8իսկ ով ցանկանում է բազմահմուտ լինել, թող նա տենչայ իմաստութիւն, որ գիտի անցեալը եւ կռահում է գալիքը, հասկանում է թէ՛ խօսքի իմաստները եւ թէ՛ առակների մեկնութիւնը, կանխապէս ճանաչում է թէ՛ նախանշանները, թէ զարմանահրաշ բաները եւ թէ՛ ժամ ու ժամանակների ելքերը։ 9Եւ ահա ես որոշեցի, որ նա կեանքում անբաժան լինի ինձնից,գիտակցելով, որ նա բարի խորհրդատու կը լինի ինձ համար եւ կը մխիթարի ինձ հոգսերից եւ տրտմութիւնից։ 10Ես նրա շնորհիւ փառք կը վաստակեմ ժողովրդի մէջեւ պատիւ՝ ծերերի առջեւ։

ԵՍԱՅԻ

6Իսկ դուք Տիրոջ քահանաներ պիտի կոչուէք, մեր Աստծու պաշտօնեաներ պիտի անուանուէք, ազգերի հարստութիւնը պիտի ուտէք եւ նրանց մեծութեամբ պիտի փառաւորուէք։ 7Ձեր ամօթի փոխարէն՝ կրկնակի ուրախութիւն, ձեր անարգանքի փոխարէն ցնծութիւն պիտի վայելէք եւ ապա դարձեալ պիտի ժառանգէք երկիրը, եւ յաւիտենական ուրախութիւն պիտի լինի ձեզ համար։ 8Ես՝ Տէրս, սիրում եմ արդարութիւնը եւ ատում յափշտակութիւնն ու անիրաւութիւնը, արդարներին պիտի տամ իրենց վաստակը եւ յաւիտենական ուխտ պիտի անեմ նրանց հետ։ 9Պիտի ճանաչուեն նրանց սերունդը ազգերի մէջ եւ նրանց զաւակները՝ ժողովուրդների մէջ. ամէնքն էլ, երբ տեսնեն, պիտի ճանաչեն նրանց եւ ասեն, թէ՝ «Սրանք Աստծու օրհնեալ զաւակներն են», ու ցնծութեամբ պիտի ուրախ լինեն ի Տէր։

Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

4Թէեւ կան շնորհների զանազանութիւններ, բայց պարգեւող Հոգին նոյնն է։ 5Թէեւ կան զանազան պաշտօններ, բայց բոլորն էլ Տիրոջն են ծառայում։ 6Թէեւ կան գործելու զանազան կարողութիւններ, բայց նոյնն է Աստուած, որ գործում է ամէն բան ամենքի մէջ։ 7Բայց իւրաքանչիւրին տրուած է Հոգու յայտնութիւն՝ իւրաքանչիւրի օգուտի համար։ 8Մէկին Հոգուց տրուած է իմաստութեան խօսք, միւսին՝ գիտութեան խօսք՝ նոյն Հոգուց, 9միւսին՝ հաւատ՝ նոյն Հոգով, միւսին՝ բժշկումների շնորհ՝ նոյն Հոգով, 10միւսին՝ զօրաւոր գործերի կարողութիւններ, միւսին՝ մարգարէութիւն, միւսին՝ հոգիները զանազանելու շնորհ, միւսին՝ տեսակ-տեսակ լեզուներով խօսելու շնորհ, միւսին՝ լեզուների թարգմանութեան շնորհ։ 11Բայց այս ամէնը միեւնոյն Հոգին է առաջացնում եւ բաժանում իւրաքանչիւրին՝ ինչպէս որ կամենում է։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ

32«Մի՛ վախեցիր, փոքրի՛կ հօտ, որովհետեւ ձեր Հայրը հաճեց տալ ձեզ արքայութիւնը։ 33Վաճառեցէ՛ք ձեր ինչքերը եւ ողորմութիւն տուէք. եւ ձեզ համար շինեցէ՛ք չհնացող քսակներ եւ անհատնում գանձեր երկնքում, ուր ո՛չ գողն է մօտենում, եւ ո՛չ ցեցը՝ փչացնում. 34որովհետեւ, ուր որ ձեր գանձն է, այնտեղ եւ ձեր սրտերը կը լինեն»։ 35«Թող ձեր գօտիները մէջքներիդ պնդուած լինեն, եւ ճրագներդ՝ վառուած։ 36Եւ դուք նմանուեցէ՛ք այն ծառաներին, որոնք սպասում են իրենց տիրոջը, թէ ե՛րբ կը վերադառնայ հարսանիքից, որպէսզի, երբ գայ եւ բախի դուռը, իսկոյն բաց անեն։ 37Երանի՜ այն ծառաներին, որոնց արթուն կը գտնի տէրը, երբ գայ։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նա գօտի կը կապի մէջքին, սեղան կը նստեցնի նրանց եւ կ՚անցնի նրանց սպասարկելու։ 38Եւ եթէ տէրը գայ կէսգիշերին եւ կամ աւելի ուշ ու գտնի նրանց այդպէս, երանելի են այդ ծառաները։ 39Բայց այն էլ իմացէ՛ք, որ եթէ տանտէրը գիտենար, թէ ո՛ր ժամին գող կը գայ, թոյլ չէր տայ, որ իր տունը կտրեն։ 40Դուք էլ պատրա՛ստ եղէք, որովհետեւ այն ժամին, երբ չէք սպասի, կը գայ մարդու Որդին»։

Տոն Սուրբ թագմանիչների Մեսրոպ Մաշտոցի եւ Սահակ Պարթևի