Հուլիսի 9 † Բշ. ԲԿ. Բ. օր Վարդավառի: ՀԻՇԱՏԱԿ ՄԵՌԵԼՈՑ

Astvacashunch yntercumner11 880x660 - Հուլիսի 9 † Բշ. ԲԿ. Բ. օր Վարդավառի:  ՀԻՇԱՏԱԿ ՄԵՌԵԼՈՑ

Ելք. 19.9-13։ Դ Թագաւորաց 2.9-12։ Ա Յովհաննէս 5.9-12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 1.1-17։

ԵԼՔ

9Տէրն ասաց Մովսէսին. «Ահա ես քեզ մօտ պիտի գամ ամպի սեան մէջ, որ ժողովուրդը լսի այն, ինչ ես ասելու եմ քեզ, եւ նա յաւիտեան պիտի հաւատայ քեզ»։ Մովսէսը ժողովրդի ասածը հաղորդեց Աստծուն։ 10Տէրն ասաց Մովսէսին. «Իջի՛ր, կարգադրի՛ր ժողովրդին, մաքրի՛ր նրանց այսօր եւ վաղը, նաեւ թող լուանան իրենց զգեստները, 11որպէսզի երրորդ օրը պատրաստ լինեն, որովհետեւ երրորդ օրը Տէրը ողջ ժողովրդի աչքի առաջ իջնելու է Սինա լերան վրայ։ 12Ժողովրդի ու լերան միջեւ տարածութիւն կը թողնես եւ կ՚ասես. «Զգո՛յշ եղէք, լերան վրայ մարդ չբարձրանայ ու դրան չմօտենայ, որովհետեւ ով մօտենայ լերան, մահուամբ պիտի պատժուի։ 13Լերան մօտեցողին որեւէ ձեռք չդիպչի, որովհետեւ դրան դիպչողը կը քարկոծուի կամ նետահար կը լինի. անասուն լինի, թէ մարդ՝ չի ապրի։ Նրանք կարող են լեռը բարձրանալ միայն այն ժամանակ, երբ որոտները, շեփորահարութիւնն ու ամպը վերանան լերան վրայից»։

Դ Թագաւորաց

9Երբ նրանք անցան, Եղիան ասաց Եղիսէէին. «Խնդրի՛ր, ի՞նչ անեմ քեզ, քանի դեռ Տէրն ինձ քո մօտից չի վերացրել»։ Եղիսէէն ասաց. «Թող քո ոգին կրկնապատիկ չափով ինձ վրայ լինի»։ 10Եղիան ասաց. «Դժուար բան խնդրեցիր, բայց եթէ քեզնից իմ երկինք բարձրանալու ժամանակ ինձ տեսնես, այդպէս թող լինի, ապա թէ ոչ՝ թող չլինի»։ 11Մինչ նրանք քայլում էին, մի հրեղէն կառք ու հրեղէն երիվարներ երեւացին, նրանց միմեանցից բաժանեցին, եւ Եղիան պտտահողմի մէջ դէպի երկինք վերացաւ։ 12Եղիսէէն նայեց ու աղաղակեց. «Հա՜յր իմ, հա՜յր իմ, Իսրայէլի կառքը եւ նրա հեծեալը»։ Եւ այլեւս չտեսաւ նրան։ Եղիսէէն իր հագուստները բռնեց ու պատռելով երկու կէս արեց։

Ա Յովհաննէս

9Եթէ ընդունում ենք մարդկանց վկայութիւնը, Աստծու վկայութիւնն, ինչ խօսք, աւելի մեծ է։ Ա՛յս է Աստծու վկայութիւնը. այն, որ նա վկայեց իր Որդու համար։ 10Ով հաւատում է Աստծու Որդուն, նա իր մէ՛ջ իսկ ունի այս վկայութիւնը. ով չի հաւատում Աստծու Որդուն, սուտ է հանում Աստծուն, քանի որ չի հաւատում ա՛յն վկայութեանը, որն Աստուած վկայեց իր Որդու համար։ 11Եւ ա՛յս իսկ է վկայութիւնը. այն, որ Աստուած յաւիտենական կեանք տուեց մեզ. եւ այդ՝ այն կեանքն է, որ նրա Որդու մէջ է։ 12Ով ընդունում է Որդուն, ընդունում է նաեւ կեանքը. եւ ով չի ընդունում Աստծու Որդուն, չի ընդունում նաեւ կեանքը։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ

1 Սկզբից էր Բանը, եւ Բանը Աստծու մօտ էր, եւ Բանը Աստուած էր։ 2Նա սկզբից Աստծու մօտ էր։ 3Ամէն ինչ նրանով եղաւ. եւ առանց նրան չեղաւ ոչինչ, որ եղել է։ 4Կեանքը նրանով էր։ Եւ այդ կեանքը մարդկանց համար լոյս էր։ 5Եւ լոյսը խաւարի մէջ լուսաւորում է, եւ խաւարը նրան չնուաճեց։ 6Կար մի մարդ՝ Աստծուց ուղարկուած. նրա անունը՝ Յովհաննէս։ 7Սա եկաւ որպէս վկայ, որպէսզի վկայի լոյսի մասին, որ բոլորը նրա միջոցով հաւատան։ 8Ինքը լոյսը չէր, այլ եկել էր, որ վկայի լոյսի մասին։ 9Այդ լոյսն էր ճշմարիտ լոյսը, որ լուսաւորում է ամէն մարդու, որ գալու է աշխարհ։ 10Նա աշխարհի մէջ էր, եւ աշխարհը նրանով եղաւ, սակայն աշխարհը նրան չճանաչեց։ 11Իւրայինների մօտ եկաւ, բայց իւրայինները նրան չընդունեցին։ 12Իսկ ովքեր նրան ընդունեցին, նրանց իշխանութիւն տուեց լինելու Աստծու որդիներ, նրանց, որոնք իր անուանը կը հաւատան։ 13Նրանք ո՛չ արիւնից, ո՛չ մարմնի կամքից եւ ոչ էլ մարդու կամքից, այլ Աստծուց ծնուեցին։ 14Եւ Բանը մարմին եղաւ ու բնակուեց մեր մէջ, եւ տեսանք նրա փառքը, նման այն փառքի, որ Հայրն է տալիս Միածնին՝ լի շնորհով ու ճշմարտութեամբ։ 15Յովհաննէսը վկայում էր նրա մասին, աղաղակում եւ ասում. «Սա՛ է, որի մասին ասացի։ Նա, որ իմ յետեւից էր գալու, ինձնից մեծ եղաւ, որովհետեւ ինձնից առաջ կար»։ 16Մենք բոլորս նրա լրիւութիւնից ստացանք շնորհ՝ շնորհի փոխարէն. 17որովհետեւ օրէնքը Մովսէսի միջոցով տրուեց, իսկ շնորհը եւ ճշմարտութիւնը Յիսուս Քրիստոսի միջոցով եղան։