Հուլիսի 7 Շբ. Յիշատակ Տապանակին հնոյ եւ տօն նորոյս Սրբոյ Եկեղեցւոյ

Astvacashunch yntercumner11 880x660 - Հուլիսի 7 Շբ. Յիշատակ Տապանակին հնոյ եւ տօն նորոյս Սրբոյ Եկեղեցւոյ

Ելք 25.10-14։ Յեսու 3.14-4.18։ Ա Թագաւորաց 6.18-7.2։ Բ Թագաւորաց 6.12-19։ Եբրայեցիներ 9.1-10։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 5.17-20։

ԵԼՔ

10Վկայութեան տապանակ կը պատրաստես կարծր փայտից։ Երկուսուկէս կանգուն թող լինի դրա երկարութիւնը, մէկուկէս կանգուն՝ դրա լայնութիւնը, մէկուկէս կանգուն՝ դրա բարձրութիւնը։ 11Այն կը պատես մաքուր ոսկով՝ ներսից ու դրսից կ՚ոսկեզօծես այն։ Դրա վրայ շուրջանակի կը դնես ոսկէ պսակ։ 12Դրա համար չորս ոսկէ օղակներ կը ձուլես եւ կը դնես դրա չորս կողմերին. երկու օղակները՝ մի կողմից, եւ երկու օղակները՝ միւս կողմից։ 13Կարծր փայտից լծակներ կը պատրաստես եւ դրանք կը պատես ոսկով։ 14Լծակները կ՚անցկացնես տապանակի կողքերին ամրացուած օղակների մէջ, որպէսզի դրանցով բարձրացնեն տապանակը։

Յեսու

14Երբ ժողովուրդը Յորդանան գետն անցնելու համար դուրս ելաւ վրաններից, քահանաները վերցրին Տիրոջ ուխտի տապանակը եւ տարան ամբողջ ժողովրդի առաջից։ 15Երբ ուխտի տապանակը կրող քահանաները մտնում էին Յորդանան գետը, եւ տապանակը կրող քահանաների ոտքերը խրուեցին Յորդանան գետի ջրի մէջ, «մինչ Յորդանան գետը գալիս էր ափէափ լցուած, ինչպէս ցորենի հնձի օրերին, « 16վերեւից իջնող ջրերը կանգնեցին՝ միաձոյլ, անջրպետուած, իրարից խիստ հեռացած՝ սկսած Ադամիտէս քաղաքից, որը Կարիաթարիմի մասն է. իսկ ցած իջնող ջրերը թափուեցին Արաբացիների ծովը՝ Աղի ծովը, մինչեւ որ իսպառ կտրուեցին, եւ ժողովուրդն արդէն կանգնած էր Երիքովի դիմաց։ 17Տիրոջ ուխտի տապանակը կրող քահանաները հաստատ կանգնեցին Յորդանան գետի հունի մէջ, ցամաքի վրայ։ Եւ բոլոր իսրայէլացիներն անցան ցամաքով, մինչեւ որ ամբողջ ժողովուրդն աւարտեց Յորդանան գետի անցումը։
4 Երբ ամբողջ ժողովուրդն աւարտեց Յորդանան գետի անցումը, Տէրը խօսեց Յեսուի հետ եւ ասաց. 2«Ա՛ռ դու ժողովրդից տասներկու մարդ, ամէն ցեղից մի մարդ, 3հրամա՛ն տուր նրանց ու ասա՛. «Այդտեղից՝ Յորդանան գետի միջից, հաստատ կանգնած քահանաների ոտնատեղերից տասներկու քարեր առէ՛ք, տարէ՛ք ձեզ հետ եւ դրէ՛ք ձեր այն բանակատեղիում, որտեղ իջեւանելու էք այս գիշեր»։ 4Եւ Յեսուն տասներկու փառաւոր իսրայէլացիներ կանչեց, իւրաքանչիւր ցեղից մէկ մարդ, 5եւ նրանց ասաց. «Իմ աչքի առաջ մօտեցէ՛ք Տիրոջը յանդիման, Յորդանան գետի մէջտեղում, եւ ամէն մէկդ այնտեղից Իսրայէլի ցեղերի թուի համեմատ մի քար վերցրէ՛ք ձեր ուսերին, 6որպէսզի դրանք ձեզ համար միշտ նշան լինեն։ Երբ վաղը ձեր որդիները ձեզ հարցնեն եւ ասեն՝ «Ի՞նչ են նշանակում այս քարերը ձեզ համար», 7դուք ձեր որդիներին կը պատմէք եւ կ՚ասէք, թէ՝ «Յորդանան գետի ջրերը կտրուեցին ամբողջ երկրի Տիրոջ ուխտի տապանակի առջեւ, երբ այն անցնում էր Յորդանան գետով. Յորդանան գետի ջուրը կտրուեց։ Այս քարերը յաւիտեան յիշատակ թող լինեն իսրայէացիների մէջ»։ 8Եւ իսրայէլացիներն արեցին այնպէս, ինչպէս Տէրը պատուիրեց Յեսուին։ Առնելով տասներկու քարեր Յորդանան գետի միջից, ինչպէս Տէրը հրամայել էր Յեսուին իսրայէլացիների անցնելուց յետոյ, դրանք իրենց հետ տարան բանակատեղի եւ դրին այնտեղ։ 9Յեսուն ուրիշ տասներկու քարեր կանգնեցրեց Յորդանան գետի մէջ, այնտեղ, ուր ոտք էին դրել Տիրոջ ուխտի տապանակը տանող քահանաները. եւ մինչեւ այսօր դրանք այնտեղ են։ 10Տիրոջ ուխտի տապանակը տանող քահանաները կանգնեցին Յորդանան գետի մէջտեղում, մինչեւ որ Յեսուն աւարտեց հաղորդել այն ամէնը, որ Տէրը Յեսուին պատուիրել էր ժողովրդին ասելու, ճիշտ այնպէս, ինչպէս Մովսէսը պատուիրել էր Յեսուին։ Եւ ժողովուրդը շտապեց ու անցաւ գետը։ 11Երբ ամբողջ ժողովուրդն անցաւ, Տիրոջ ուխտի տապանակն ու տասներկու քարերը տանողները անցան ժողովրդի առաջ։ 12Ռուբէնի որդիները, Գադի որդիները եւ Մանասէի կէս ցեղը, սպառազինուած, անցան իսրայէլացիների գլուխը, ինչպէս պատուիրել էր նրանց Մովսէսը։ 13Կռուի պատրաստ քառասուն հազար սպառազինեալներ անցան Տիրոջ առջեւ՝ պատերազմելու Երիքով քաղաքի դէմ։ 14Այդ օրը Տէրը մեծարեց Յեսուին Իսրայէլի ամբողջ ազգի առաջ. նրանից վախենում էին, ինչպէս որ վախենում էին Մովսէսից նրա կենդանութեան բոլոր օրերին։ 15Տէրը խօսեց Յեսուի հետ եւ ասաց. 16«Հրամա՛ն տուր վկայութեան ուխտի տապանակը տանող քահանաներին, որ դուրս գան Յորդանան գետից»։ 17Եւ Յեսուն հրաման տուեց քահանաներին ու ասաց. «Դո՛ւրս եկէք Յորդանան գետից»։ 18Երբ Տիրոջ ուխտի տապանակը կրող քահանաները դուրս եկան Յորդանան գետի միջից, եւ քահանաները ոտք դրին ցամաքի վրայ, Յորդանան գետի ջուրը յետ իր տեղը դարձաւ եւ հոսեց իր ամբողջ հունով, ինչպէս երէկ եւ նախորդ օրը։

Ա Թագաւորաց

18իսկ ոսկէ մկները այլազգիների հինգ իշխաններին պատկանող բոլոր քաղաքների թուի համեմատ էին, որոնք պարսպապատ քաղաքներից հասնում էին մինչեւ փերեզացիների աւանները, մինչեւ այն քարը, որի վրայ դրեցին Տիրոջ ուխտի տապանակը, որը մինչեւ այսօր էլ կայ բեթսամիւսացի Օսէի դաշտում։ Յեքոնէի որդիները, սակայն, բեթսամիւսացիների նման չուրախացան, որ տեսել են Տիրոջ ուխտի տապանակը։ 19Տէրը նրանցից յիսուն հազար եօթանասուն մարդ կոտորեց։ Ժողովուրդը սգի մէջ էր, քանզի Տէրը ժողովրդին մեծամեծ հարուածներ էր հասցրել։ 20Բեթսամիւսացի մարդիկ ասացին. «Ո՞վ կարող է կանգնել այս սուրբ Տէր Աստծու առաջ, եւ մեզանից ո՞ւմ մօտ կը գնայ Տիրոջ ուխտի տապանակը»։ 21Եւ Կարիաթարիմի բնակիչների մօտ պատգամաւորներ ուղարկեցին, որ նրանց ասեն. «Այլազգիները վերադարձրին Տիրոջ ուխտի տապանակը, եկէ՛ք եւ այն ձեզ մօտ տարէ՛ք»։
7 Կարիաթարիմցիները եկան, այնտեղից հանեցին Տիրոջ ուխտի տապանակը եւ այն տարան Ամինադաբի տունը, որը բլրի վրայ էր։ Նրա որդի Եղիազարին սրբագործեցին, որ պահպանի Տիրոջ ուխտի տապանակը։ 2Տապանակը Կարիաթարիմում դնելու օրից յետոյ բազում օրեր անցան, քսան տարի, եւ ամբողջ Իսրայէլը հայեացքը չէր կտրում Տիրոջից։

Բ Թագաւորաց

12Այդ մասին յայտնեցին Դաւթին՝ ասելով. «Տէրն Աստծու տապանակի համար օրհնել է Աբեդդարի տունն ու նրա ունեցած ամէն ինչը»։Դաւիթը գնաց, Տիրոջ տապանակը հանեց Աբեդդարի տնից եւ ուրախութեամբ բերեց Դաւթի քաղաքը։ 13Տապանակը տանողների հետ գնում էին պարողների եօթը խմբեր, զուարակ ու գառներ էին զոհ մատուցում։ 14Դաւիթը Տիրոջ առաջ տաւիղ էր նուագում։ Նա պատմուճան էր հագել։ 15Դաւիթն ու Իսրայէլի ամբողջ տունը Տիրոջ տապանակը հանեցին ուրախութեան աղաղակ արձակելով ու փող հնչեցնելով։ 16Երբ տապանակը Դաւթի քաղաքին մօտեցաւ, Սաւուղի դուստր Մեղքողը նայում էր պատուհանից եւ տեսնելով, որ Դաւիթ արքան Տիրոջ առաջ պարում էր ու նուագարաններ նուագում, արհամարհեց նրան իր հոգում։ 17Տիրոջ տապանակը բերեցին ու դրեցին իր տեղը, վրանի մէջ, որ Դաւիթը դրա համար էր կանգնեցրել։ 18Դաւիթը Տիրոջ առջեւ ողջակէզներ ու խաղաղութեան զոհեր մատուցեց։ Երբ Դաւիթն աւարտեց ողջակէզներ ու խաղաղութեան զոհեր մատուցելը, զօրութիւնների Տիրոջ անունից օրհնեց ժողովրդին։ 19Նա Իսրայէլի բոլոր բնակիչներին՝ Դանից մինչեւ Բերսաբէէ, տղամարդկանց թէ կանանց, ամէն մէկին բաշխեց հացի մի բլիթ, կասկարայի վրայ եփուած արմաւով խմորեղէն եւ չամչով կարկանդակ։ Ժողովրդի ամբողջ բազմութիւնը գնացին իրենց տները։

Եբրայեցիներ

9 Առաջին ուխտն էլ ունէր պաշտամունքի կանոններ եւ երկրային սրբարան. 2քանզի առաջին խորանը պատրաստուեց այսպէս. նրա մէջ կային աշտանակը, սեղանը եւ առաջաւորութեան հացը. այս մասը կոչւում է Սրբութիւն։ 3Եւ երկրորդ վարագոյրի յետեւում էր այն խորանը, որ կոչւում էր Սրբութիւնների Սրբութիւն, 4որտեղ դրւում էր ոսկէ բուրվառը եւ ներսից ու դրսից ոսկով պատած կտակարանների արկղը, որի մէջ կար ոսկէ սափորը՝ լի մանանայով, եւ Ահարոնի գաւազանը, որ ծաղկեց, եւ ուխտի տախտակները. 5եւ նրա վրայ կանգնած էին փառքի քերովբէները, որ հովանի էին անում քաւութեան սեղանի վրայ. դրանց մասին այժմ մէկ առ մէկ խօսելու կարիք չկայ։ 6Եւ այս ամէնը այսպէս էր դասաւորուած. քահանաները միշտ առաջին խորանն էին մտնում՝ պաշտամունք կատարելու. 7իսկ երկրորդ խորանը տարին մէկ անգամ միայն քահանայապետն էր մտնում, եւ այդ անում էր ոչ առանց զոհի արեան, 8որ մատուցում էր իր եւ ժողովրդի մեղքերի համար։ Սրանով Սուրբ Հոգին ցոյց էր տալիս, որ սրբարանի ճանապարհը յայտնուած չէ, քանի դեռ հաստատուն է մնում առաջին խորանը. 9դա խորհրդանշան է ներկայ ժամանակի համար, երբ ընծայւում էին պատարագներ եւ զոհեր, որոնք չէին կարող կատարեալ դարձնել զոհաբերողների խղճմտանքը, այլ դրանք կապուած էին միայն կերակուրների, ըմպելիների 10եւ պէսպէս լուացումների հետ, որոնք մարմնական ծիսակատարումներ էին՝ ի զօրու մինչեւ բարեփոխման ժամանակները։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ

17«Մի՛ կարծէք, թէ Օրէնքը կամ մարգարէներին ջնջելու եկայ. չեկայ ջնջելու, այլ՝ լրացնելու։ 18Ճշմարիտ եմ ասում ձեզ. մինչեւ որ երկինք ու երկիր անցնեն, մի յովտ իսկ, – որ մի նշանախեց է, – Օրէնքից եւ մարգարէներից չի անցնի, մինչեւ որ այս բոլորը կատարուի։ 19Ով որ այս պատուիրաններից, փոքրերի՛ց անգամ մի բան կը ջնջի եւ մարդկանց այդպէ՛ս կ՚ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ փոքր պիտի համարուի. իսկ ով կը կատարի եւ կ՚ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ նա մեծ պիտի համարուի։ 20Բայց ասում եմ ձեզ, որ, եթէ ձեր արդարութիւնը աւելի չլինի, քան օրէնսգէտներինը եւ փարիսեցիներինը, երկնքի արքայութիւնը չէք մտնի։