Հուլիսի 15 † Կիր. ԱԿ. Բ կիր. զկնի Վարդավառի

Astvacashunch yntercumner11 880x660 - Հուլիսի 15 † Կիր. ԱԿ. Բ կիր. զկնի Վարդավառի

 ԵՍԱՅԻ 3.16-4.1։ Ա Կորնթացիներ 11.25-30։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 18.10-14։

ԵՍԱՅԻ

16Այսպէս է ասում Տէրը. «Սիոնի դուստրերը հպարտացան, քայլում էին բարձրապարանոց, աչքով-ունքով էին անում, շարժուելիս իրենց քղանցքներն էին քարշ տալիս ու ոտքերով կաքաւում»։ 17Դրա համար էլ Աստուած պիտի խոնարհեցնի Սիոնի իշխանուհի դուստրերին, այն օրը Տէրը պսակազերծ պիտի անի նրանց։ 18Տէրը նրանց վրայից պիտի հանի նրանց վայելուչ զգեստները եւ պատմուճանները, 19պիտի քանդի նրանց հիւսերը,վերացնի նրանց ծամակալները, 20նրանց պսակակալներն ու մահիկաձեւ վզնոցները, նրանց դէմքի քօղազարդերն ու վայելուչ պաճուճազարդերը, քօղէքներն ու ապարանջանները, մեհեւանդներն ու գինդերը, 21նրանց մատանիներն ու ոսկեշար մանեակները, դիպակներն ու թելաւոր զարդերը, 22եզրածիրանին ու միջնածիրանին, առտնին հագուստն ու պերճաշուք լակոնականը, 23բեհեզն ու երկնագոյնը, կարմիր շղարշաքօղը, բանուածոյ, ոսկեճամուկ ու ոսկեծոպ զգեստներն ու գօտիները։ 24Եւ քո արարքների պատճառով անուշահոտութիւնների փոխարէն փոշի պիտի լինի, զարդանախշ զգեստների փոխարէն՝ չուան գօտի, ոսկեայ գլխազարդի փոխարէն՝ ճաղատութիւն, իսկ ոսկեհիւս դիպակի փոխարէն քուրձ պիտի հագնես։ 25Քո գեղեցիկ զաւակը, որին դու սիրում ես, սրով պիտի մեռնի, ձեր իշխանները եւս սրով պիտի ընկնեն։ 26Ձեր զարդատուփերը դատարկ պիտի մնան,պիտի մատնուեն սգի,իսկ դու պիտի մնաս մեն-մենակ ու տապալուես գետին։
4 Այն օրը եօթը կին պիտի բռնեն մի տղամարդու եւ ասեն. «Մեր հացը կ՚ուտենք եւ մեր զգեստը կը հագնենք, միայն թէ քո անունը լինի մեզ վրայ. մեր այրիութեան նախատինքը վերացրո՛ւ մեզնից»։

Ա Կորնթացիներ

25Նոյն ձեւով էլ ընթրիքից յետոյ վերցրեց բաժակը եւ ասաց. «Այս բաժակը նոր ուխտ է իմ արիւնով. արէ՛ք այս իմ յիշատակի համար, քանի անգամ էլ որ խմէք»։ 26Քանի անգամ որ այս հացն ուտէք եւ այս բաժակը խմէք, պատմեցէ՛ք Տիրոջ մահը, մինչեւ որ նա գայ։ 27Ահա թէ ինչու, ով որ ուտի այս հացը կամ խմի Տիրոջ այս բաժակն անարժանօրէն, պարտական պիտի լինի Տիրոջ մարմնին եւ արեանը։ 28Թող մարդ նախ ինքն իրե՛ն փորձի եւ ապա ուտի այդ հացից ու խմի այդ բաժակից. 29որովհետեւ, ով ուտում է եւ խմում անարժանօրէն, իր իսկ դատապարտութիւնն է ուտում եւ խմում, քանի որ չի զատորոշում Տիրոջ մարմինը։ 30Դրա համար իսկ ձեր մէջ բազում հիւանդներ եւ ցաւագարներ կան, եւ շատերն էլ մեռած են.

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ

10Զգո՛յշ եղէք, որ այս փոքրիկներից մէկին չարհամարհէք. ասում եմ ձեզ, որ երկնքում նրանց հրեշտակները մշտապէս տեսնում են երեսն իմ Հօր, որ երկնքում է. 11որովհետեւ մարդու Որդին եկաւ փրկելու կորածը»։ 12«Ձեզ ինչպէ՞ս է թւում. եթէ մի մարդ հարիւր ոչխար ունենայ, եւ նրանցից մէկը մոլորուի, իննսունինը ոչխարը լերան վրայ չի՞ թողնի ու գնայ որոնելու մոլորուածին։ 13Եւ եթէ պատահի, որ այն գտնի, ճշմարիտ եմ ասում ձեզ, թէ նրա վրայ աւելի կ՚ուրախանայ, քան իննսունիննի վրայ, որ մոլորուած չեն։ 14Այսպէս՝ իմ երկնաւոր Հօր կամքը չէ, որ այս փոքրիկներից մէկը կորչի»։