Հրապարակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 2018 թ. գործունեության ամփոփ տեղեկագիրը

Mayr ator wdjwe 880x660 - Հրապարակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 2018 թ. գործունեության ամփոփ տեղեկագիրը
  • 2018 թ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցականության ընդհանուր թիվը 756 էր, որոնցից 52-ը` արքեպիսկոպոս և եպիսկոպոս, 52-ը` ծայրագույն վարդապետ և վարդապետ, 28-ը` աբեղա, 499-ը` քահանա, 131-ը` սարկավագ: Անցյալ տարի ձեռնադրվել են 19 ամուսնացյալ քահանաներ և 35 սարկավագներ, կատարվել է նաև մասնավոր վարդապետության աստիճանների 4 տվչություն: Արտերկրում ուսանող եկեղեցականների թիվը համալրվել է երեքով:
  • Մայր Աթոռի բաժիններում և ենթաբաժիններում աշխատել է 1142 աշխարհական և հոգևորական անձ:
  • Նորին Սրբության օրհնությամբ 2018 թ. փետրվար ամսից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում մեկնարկել է Քահանայից վերապատրաստման երեքշաբաթյա ծրագիրը, որին տարվա ընթացքում մասնակցել են 161 եկեղեցականներ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի թեմերից:
  • Հոգևոր-մշակութային ոլորտում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գործունեության շրջանակներում կազմակերպվել են մի շարք գիտաժողովներ և ցուցահանդեսներ:
  • Հոգևոր-կրթական հաստատություններում` Գևորգյան հոգևոր ճեմարանում, Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում, Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանում, Քահանայից պատրաստման եռամյա լսարանում, ընդհանուր թվով ուսանել է 160 սան:
  • Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը անցյալ տարվա ընթացքում շարունակել է իր գործունեությունը նախադպրոցական, միջնակարգ, կիրակնօրյա կրթության ոլորտներում: Մայր Աթոռի հովանու ներքո գործող «Էօռնեկեան հանրակրթական դպրոց»-ի 35 դասարաններում ուսանում է 519 աշակերտ, «Էօռնեկեան մանկապարտեզ» հաճախում է 42 երեխա: Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում և Դավթյան Օրիորդաց վարժարանում (Հնդկաստան) ուսանում է 76 աշակերտ:
  • 2018 թ. Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդաց Միավորման կողմից կազմակերպվել են մի շարք միջոցառումներ, որոնց շարքում «Դեպի Հայրենիք, դեպի Սուրբ Էջմիածին» կարգախոսի ներքո համահայկական երիտասարդական հավաքը, որին մասնակցել է 20 երկիր ներկայացնող շուրջ 600 եկեղեցասեր երիտասարդ:
  • Անցյալ տարի Մայր Աթոռի հովանու ներքո գործող 7 Հայորդյաց տներ (Էջմիածին, Աշտարակ, Գյումրի, Վանաձոր, Երևանում` Նորք, Մալաթիա և Արաբկիր) և Մանրանկարչության արվեստի կենտրոն հաճախել է շուրջ 4000 երեխա, կազմակերպվել են բազմաբնույթ միջոցառումներ, ցուցահանդեսներ, համույթների մենահամերգներ, հանդիսություններ, մրցույթներ և այլ ծրագրեր:
  • ՀՀ Զինված Ուժերի հոգևոր առաջնորդությունում իրենց ծառայությունն են բերել 61 հոգևորականներ, ՀՀ Քրեակատարողական 12 հիմնարկներում` 10 եկեղեցականներ:
  • Հավատացյալների հոգևոր կարիքները բավարարելու նպատակով Մայր Աթոռի հրատարակչական բաժնի կողմից լույս է ընծայվել 36 անուն գիրք: Առավել լայն լսարանի համար քարոզչություն է իրականացվել «Էջմիածին» ամսագրի, «Քրիստոնյա Հայաստան» թերթի, ինչպես նաև համացանցի, հեռուստառադիո հաղորդաշարերի և «Շողակաթ» ու «Լույս» հեռուստաընկերությունների միջոցով:
  • 2018 թ.-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը շարունակել է իր առաքելությունը սոցիալական ծառայությունների ոլորտում՝ մասնավոր ուշադրություն դարձնելով հասարակության կարիքավոր խմբերին` փախստականներին, սիրահայերին, ազատամարտիկներին, զոհված զինծառայողների ընտանիքներին, հաշմանդամներին, ծնողազուրկ երեխաներին, տարեցներին, ուսանողներին և հիվանդներին:
  • Շուրջ 650 ընտանիքների ցուցաբերվել է դրամական և նյութական օգնություն` 60.496.384 ՀՀ դրամի չափով, անխափան աշխատել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ հովանավորության ներքո գործող 5 բարեգործական ճաշարանները, որտեղ սնունդ են ստանում շուրջ 900 անապահով քաղաքացիներ:
  • 2018 թ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական Ծառայության գրասենյակի ջանքերով բացվեց «Քյուրքչյան» երեխաների աջակցության կենտրոնը, որտեղ մշտական խնամք են ստանում 12 մանուկներ։
  • Այսու, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը սոցիալական ծառայությունների բնագավառում իրականացրել է ընդհանուր 499.169.152 (չորս հարյուր իննսունինը միլիոն հարյուր վաթսունինը հազար հարյուր հիսուներկու) ՀՀ դրամի բարեգործական և սոցիալական ծրագրեր, որոնց շարքում աջակցության ծրագրեր հայաստանաբնակ կարիքավոր սիրիահայերին, երկրաշարժից տուժած ընտանիքներին, սահմանամերձ շրջանի 9 քահանաներին, մանկատներին, արյան լեյկոզով տառապող փոքրիկների, հաշմանդամ երեխաների և ավտովթարի հետևանքով զոհված 4 զինծառայողների ընտանիքներին:
  • Անդրադառնալով թեմական կյանքին` տեղեկացվեց, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսության կանոնական տարածքներում գործում է 33 թեմ և 3 Հայրապետական պատվիրակություն, 718 եկեղեցի ու վանք, 812 ծուխ և ծխական առաքելություն, որտեղ կան 263 կիրակնօրյա դպրոցներ, նաև տիկնանց և երիտասարդաց միություններ: Թեմերում 2018 թ. իրականացվել են հոգևոր-քարոզչական, սոցիալական, կրթամշակութային բազմաբնույթ ծրագրեր:
  • Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերում նախորդ տարում օծվել են թվով 19 եկեղեցիներ, որոնցից` 1-ը` Արարատյան Հայրապետական թեմում, 1-ը՝ Կոտայքի թեմում, 3-ը` Գուգարաց թեմում, 1-ը` Սյունյաց թեմում, 1-ը` Արագածոտնի թեմում, 1-ը` Տավուշի թեմում, 5-ը` Արցախի թեմում, 3-ը` Վիրահայոց թեմում, 2-ը` Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմում և 1-ը` Ուկրաինայի Հայոց թեմում: