Հպարտությամբ թե՞ խոնարհությամբ (առակ)

 Մի թագավոր սաստիկ փոթորկից հետո զբոսանքի ելավ՝ շրջելու լեռներով և հովիտներով: Ու տեսավ, որ մեծամեծ ծառեր կային կոտրված ու ընկած, և միայն մի եղեգ կար կանգուն մնացած: Եվ թագավորն ասաց.
— Ո՜վ եղեգ, ասա՛ ինձ, թե ինչպես ես հաստատուն մնացել, երբ նույնիսկ մեծամեծ ծառերն են կոտրատվել և տապալվել:
Ու եղեգն ասաց.
— Ո՜վ թագավոր, երբ սաստիկ հողմ բարձրացավ, ծառերը հպարտությամբ հակառակ կանգնեցին դրա դեմ, ու հողմը նրանց տապալեց, իսկ ես խոնարհվեցի հողմի կամքով և ահա՛ կանգուն եմ մնացել:
Առակը սովորեցնում է, որ Աստծո հզոր կամքին հակառակվողը նույնպես կտապալվի իր հպարտությունից, իսկ խոնարհները կապրեն, ինչպես որ գրված է.«Տերն ամբարտավաններին հակառակ է, բայց խոնարհներին շնորհ է տալիս» (Հակ. 4:6):

Գրառում՝ Սմբատ սարկավագ Խանվելյան