Հոկտեմբերի 31 Դշ. Պահք

Astvacashunch yntercumner11 880x660 - Հոկտեմբերի 31 Դշ. Պահք

Գաղատացիներ 5.16-26։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 7.36-48։

Գաղատացիներ

16Բայց ասում եմ ձեզ. Հոգո՛վ ընթացէք եւ մարմնի ցանկութիւնը մի՛ կատարէք, 17քանի որ մարմինը Հոգու հակառակն է ցանկանում, իսկ Հոգին՝ մարմնի հակառակը։ Եւ քանի որ սրանք միմեանց հակառակ են, մի՛ արէք այն, ինչ ուզում էք։ 18Իսկ եթէ Հոգով էք առաջնորդւում, ապա օրէնքի տակ չէք. 19որովհետեւ մարմնի գործերը յայտնի են. այսինքն՝ շնութիւն, պոռնկութիւն, պղծութիւն, վաւաշոտութիւն, 20կռապաշտութիւն, կախարդութիւն, թշնամութիւն, կռիւ, նախանձ, բարկութիւն, հակառակութիւններ, երկպառակութիւններ, բաժանումներ, 21չար նախանձ, սպանութիւններ, հարբեցողութիւններ, անառակութիւններ եւ սրանց նման ուրիշ բաներ։ Այժմ ասում եմ ձեզ, ինչպէս որ առաջուց էլ ասում էի, թէ նրանք, որ այսպիսի բաներ են գործում, Աստծու արքայութիւնը չեն ժառանգելու։ 22Իսկ Հոգու պտուղն այս է՝ սէր, խնդութիւն, խաղաղութիւն, համբերութիւն, 23քաղցրութիւն, բարութիւն, հաւատարմութիւն, հեզութիւն, ժուժկալութիւն. այսպիսի բաներին օրէնք չկայ։ 24Իսկ նրանք, որ քրիստոսեաններ են, խաչն են հանում իրենց մարմինները՝ կրքերով եւ ցանկութիւններով հանդերձ։ 25Եթէ ապրում ենք Հոգով, ըստ Հոգու էլ ընթանանք։ 26Եւ սնապարծ չլինենք՝ միմեանց գրգռելով եւ միմեանց նախանձելով։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ

36Փարիսեցիներից մէկը աղաչում էր նրան, որ իր հետ ճաշ ուտի. եւ նա մտնելով փարիսեցու տունը՝ սեղան նստեց։ 37Եւ քաղաքում մի մեղաւոր կին կար. երբ նա իմացաւ, որ փարիսեցու տանը սեղան է նստել, մի շիշ ազնիւ իւղ բերելով, 38կանգնեց Յիսուսի յետեւ, նրա ոտքերի մօտ. եւ լաց էր լինում ու սկսեց արտասուքներով թրջել նրա ոտքերը եւ իր գլխի մազերով սրբում էր. համբուրում էր նրա ոտքերը եւ այդ իւղով օծում։ 39Իսկ փարիսեցին, որ նրան հրաւիրել էր, տեսնելով այդ, իր մտքում ասում էր. «Եթէ սա մարգարէ լինէր, ապա կ՚իմանար, թէ ով կամ ինչպիսի մի կին է մօտենում իրեն, որովհետեւ նա մեղաւոր է»։ 40Յիսուս պատասխանեց նրան եւ ասաց. «Սիմո՛ն, քեզ ասելու բան ունեմ»։ Եւ սա ասաց. «Ասա՛, Վարդապե՛տ»։ Եւ Յիսուս ասաց. 41«Մի փոխատու երկու պարտապաններ ունէր. մէկը հինգ հարիւր դահեկան պարտք ունէր, իսկ միւսը՝ յիսուն։ 42Եւ քանի որ նրանք հատուցելու ոչինչ չունէին, երկուսին էլ պարտքը շնորհեց. հիմա ասա՛, ո՞վ աւելի շատ կը սիրի նրան»։ 43Սիմոնն ասաց. «Ինձ այնպէս է թւում, թէ նա՛՝ ում աւելի շատը շնորհուեց»։ Եւ Յիսուս ասաց նրան. «Ուղի՛ղ դատեցիր»։ 44Եւ դառնալով կնոջ կողմը՝ Սիմոնին ասաց. «Տեսնո՞ւմ ես այս կնոջը. մտայ քո տունը, ոտքերիս համար ջուր չտուիր, իսկ սա իր արտասուքներով թրջեց իմ ոտքերը եւ իր մազերով սրբեց։ 45Դու ինձ մի համբոյր էլ չտուիր, սակայն սա ահա տուն մտնելուցս ի վեր չի դադարում ոտքերս համբուրելուց։ 46Դու իւղով իմ գլուխը չօծեցիր, սա անուշ իւղով ոտքերս օծեց։ 47Դրա համար քեզ ասում եմ. իր անհամար մեղքերը կը ներուեն սրան, որովհետեւ ուժգին սիրեց. քանզի ում շատ է ներւում, շատ է սիրում, եւ ում սակաւ՝ սակաւ»։ 48Եւ ասաց այն կնոջը. «Քո մեղքերը քեզ ներուած են»։