Հոկտեմբերի 2 ԱԿ. Դշ. Պահք

Astvacashunch yntercumner11 880x660 - Հոկտեմբերի 2 ԱԿ. Դշ.  Պահք

Բ Կորնթացիներ 12.10-18։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 10.35-45։

Բ Կորնթացիներ

10Դրա համար գոհունակութեամբ համակերպւում եմ տկարութիւններին, նախատինքներին, վշտերին, հալածանքներին եւ նեղութիւններին՝ Քրիստոսի համար. որովհետեւ, երբ տկար եմ, այն ժամանակ եմ զօրաւոր։ 11Յիմար եղայ պարծենալով, քանզի դո՛ւք ստիպեցիք. որովհետեւ պէտք էր, որ ես ձեզնից վկայութիւն ստանայի, թէ ոչնչով պակաս չգտնուեցի, քան գերընտիր առաքեալները, թէպէտեւ ես ոչինչ եմ։ 12Սակայն ձեզանում առաքեալի նշաններ գործուեցին ամենայն համբերութեամբ՝ նշաններով, սքանչելիքներով եւ զօրութիւններով։ 13Եւ արդ, ինչո՞վ պակաս մնացիք այլ եկեղեցիներից, եթէ ոչ նրանով, որ ես ձեզ բեռ չեղայ։ Ներեցէ՛ք ինձ այդ յանցանքը։ 14Ահա՛ւասիկ այս երրորդ անգամ պատրաստւում եմ գալ ձեզ մօտ եւ ձեզ բեռ չեմ լինի. որովհետեւ ձեր ունեցածը չէ որ փնտռում եմ, այլ՝ ձեզ. քանի որ որդինե՛րը պարտաւոր չեն հայրերի համար գանձ դիզել, այլ՝ հայրե՛րը որդիների համար։ 15Բայց ես ինքնայօժար կերպով կը ծախսեմ եւ կը ծախսուեմ ձեզ համար, թեկուզ եւ, հակառակ ձեզ շատ սիրելուս, ձեզնից քիչ սիրուեմ։ 16Ասենք թէ՝ ես բեռ չեղայ ձեզ. որովհետեւ խորագէտ էի, խորամանկութեամբ բռնեցի ձեզ։ 17Միթէ ձեզնից օգո՞ւտ քաղեցի նրանցով, որոնց առաքեցի ձեզ մօտ։ 18Խնդրեցի Տիտոսին եւ նրա հետ այն եղբօրն էլ ուղարկեցի։ Միթէ Տիտոսը ձեր ունեցածին ա՞չք տնկեց։ Նոյն ոգով չընթացա՞նք, նոյն շաւիղներով չքայլեցի՞նք։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ

35Զեբեդէոսի որդիները՝ Յակոբոսը եւ Յովհաննէսը, գնացին նրա մօտ եւ ասացին նրան. «Վարդապե՛տ, ինչ որ քեզնից պիտի խնդրենք, կամենում ենք, որ անես մեզ համար»։ 36Եւ նա նրանց ասաց. «Ի՞նչ էք կամենում ինձնից, որ անեմ ձեզ համար»։ 37Եւ նրանք ասացին նրան. «Շնո՛րհ արա մեզ, որ նստենք մէկս՝ քո աջում եւ միւսս՝ ձախում, քո փառքի մէջ»։ 38Յիսուս պատասխանեց նրանց եւ ասաց. «Չէք իմանում, թէ ինչ էք խնդրում. կարո՞ղ էք խմել այն բաժակը, որ ես խմելու եմ, կամ մկրտուել այն մկրտութեամբ, որով ես մկրտուելու եմ»։ 39Եւ նրանք ասացին նրան. «Կարող ենք»։ Եւ Յիսուս նրանց ասաց. «Այն բաժակը, որ ես խմելու եմ, կը խմէք, եւ այն մկրտութիւնը, որով ես մկրտուելու եմ, նրանով կը մկրտուէք, 40բայց իմ աջում եւ ձախում նստեցնելը ես չէ, որ պիտի տամ, այլ տրուելու է նրանց, որոնց համար պատրաստուած է»։ 41Այդ լսելով՝ տասը առաքեալները սկսեցին բարկանալ Յակոբոսի եւ Յովհաննէսի վրայ։ 42Յիսուս նրանց իր մօտ կանչեց եւ ասաց. «Գիտէք, որ հեթանոսների մէջ իշխանաւորներ համարուածները տիրում են նրանց. եւ նրանց մեծամեծներն իշխում են նրանց վրայ. 43ձեր մէջ այդպէս չպէտք է լինի. այլ ձեզնից ով կամենայ մեծ լինել, թող լինի ձեր սպասաւորը. 44եւ ձեզնից ով կամենայ առաջին լինել, բոլորին ծառայ թող լինի. 45որովհետեւ մարդու Որդին էլ չեկաւ ծառայութիւն ընդունելու, այլ՝ ծառայելու եւ տալու իր անձը որպէս փրկանք շատերի փոխարէն»։