Հոկտեմբերի 25 Եշ. ԴԿ. Սրբոց Խարիթեանցն եւ սրբոց վկայիցն Արտեմեայ եւ Քրիստափորի, երկուց կանանցն Կալինիկեայ եւ Ակիւլինեայ

Astvacashunch yntercumner11 880x660 - Հոկտեմբերի 25 Եշ. ԴԿ. Սրբոց Խարիթեանցն եւ սրբոց վկայիցն Արտեմեայ եւ Քրիստափորի, երկուց կանանցն Կալինիկեայ եւ Ակիւլինեայ

Իմաստութիւն Սողոմոնի 3.11-17։ Եսայի 51.22-52.3։ Ա Թեսաղոնիկեցիներ 2.13-16։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 15.11-16։

Իմաստութիւն Սողոմոնի

11Արդարեւ ով անարգում է իմաստութիւնն ու խրատը, թշուառական է. ունայն է նրա յոյսը, անօգուտ է նրանց վաստակը, եւ պիտանի չեն նրանց գործերը։ 12Նրանց կանայք անմիտ են, նրանց երեխաները՝ չարաբարոյ, եւ անիծուած են նրանց ծնունդները։ 13Երանելի է անարատ ամուլը, որ մեղքի անկողին չի ճանաչել. նա վարձ կ՚ընդունի դատաստանի օրը։ 14Նաեւ ներքինին, որ իր ձեռքով անիրաւութիւն չի գործել եւ ոչ էլ չարութիւն է խորհել Տիրոջ մասին, նրան ըստ իր հաւատի ընտիր շնորհ է տրուելու եւ ցանկալի վիճակ՝ Տիրոջ տաճարում։ 15Արդարեւ, փառաւոր է բարի վաստակների պտուղը, եւ անսխալ՝ իմաստութեան արմատը։ 16Շնացողների որդիները լինելու են պակասաւոր, եւ պիտի ոչնչանայ ապօրինի անկողնու զաւակը։ 17Եւ եթէ նոյնիսկ երկարակեաց էլ լինեն, ոչնչութիւն են համարուելու. իրենց կեանքի վախճանին էլ անարգուելու է նրանց ծերութիւնը։

Եսայի

22Այսպէս է ասում Տէր Աստուած, որ դատում է իր ժողովրդին. «Ահա քո ձեռքից հեռացրի կործանման բաժակը, իմ բարկութեան բաժակը, եւ դու այլեւս չես խմելու այն։ 23Այն տալիս եմ քեզ վնասողների ձեռքը, նրանց ձեռքը, ովքեր տառապանքի դատապարտեցին քեզ, ովքեր քեզ ասում էին. « Խոնարհուի՛ր, որ անցնենք»։ Եւ քո մէջքը գետնին հաւասար դարձրին քո վրայով անցնողների համար»։
52 Զարթնի՛ր, զարթնի՛ր, Սիո՛ն, հագի՛ր քո զօրութիւնը, Սիո՛ն. դու էլ քո փա՛ռքը հագիր, ո՛վ սուրբ քաղաքդ Երուսաղէմ, որովհետեւ պիղծերն ու անթլփատներն այլեւս չեն անցնելու քո միջով։ 2Թօթափի՛ր քո փոշին, ոտքի՛ ել ու նստի՛ր, ո՛վ Երուսաղէմ, քանդի՛ր քո պարանոցի կապը, ո՛վ դու Սիոնի գերի դուստր. 3Արդարեւ, այսպէս է ասում Տէրը. «Դուք ձրի վաճառուեցիք եւ արծաթով չէք փրկուելու»։

Ա Թեսաղոնիկեցիներ

13Ահա թէ ինչու մենք շարունակ գոհութիւն ենք տալիս Աստծուն նրա համար, որ, մեզնից Աստծու խօսքի լուրն առնելով, այն ընդունեցիք ոչ որպէս մարդկանց խօսք, այլ՝ ճշմարտապէս, որպէս Աստծու խօսք, որ ներգործում է նաեւ ձեր՝ հաւատացեալներիդ մէջ. 14որովհետեւ դուք, եղբայրնե՛ր, նմանուեցիք Աստծու այն եկեղեցիներին, որ Հրէաստանում են ի Քրիստոս Յիսուս, քանի որ դուք էլ ձեր ազգակիցների կողմից նոյն չարչարանքներով չարչարուեցիք, ինչպէս որ նրանք՝ հրեաներից, 15որոնք եւ սպանեցին Տէր Յիսուսին եւ մարգարէներին ու հալածեցին մեզ եւ Աստծու աչքից ելան ու բոլոր մարդկանց հակառակորդ եղան։ 16Արգելում էին մեզ քարոզել հեթանոսներին՝ նրանց փրկութեան համար, որպէսզի ամէն ժամ լցնեն իրենց մեղքի չափը. սակայն նրանց վրայ բարկութիւնը հասել է իսպառ։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ

11Այս բաները ձեզ ասացի, որպէսզի իմ ուրախութիւնը ձեր մէջ լինի, եւ ձեր ուրախութիւնը լիակատար լինի։ 12Այս է իմ պատուէրը. որ սիրէք միմեանց, ինչպէս որ ես սիրեցի ձեզ։ 13Աւելի մեծ սէր ոչ ոք չունի, քան այն, որ մէկն իր կեանքը տայ իր բարեկամների համար։ 14Դուք իմ բարեկամներն էք, եթէ անէք այն, ինչ ես ձեզ պատուիրում եմ։ 15Այլեւս ձեզ ծառաներ չեմ կոչում, որովհետեւ ծառան չգիտէ, թէ տէրն ինչ է անում. այլ ձեզ բարեկամներ կոչեցի, որովհետեւ այն բոլորը, ինչ իմ Հօրից լսեցի, յայտնեցի ձեզ։ 16Ոչ թէ դուք ինձ ընտրեցիք, այլ ես ձեզ ընտրեցի եւ ձեզ կարգեցի, որ դուք գնաք եւ պտղաբեր լինէք, եւ ձեր պտուղը մնայ, եւ ինչ էլ որ իմ անունով Հօրիցս խնդրէք, ձեզ տայ։